HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ներդրումների աճ՝ հանքերի հաշվին

Հայաստանում օտարերկրյա ներդրումները հոսում են մեծ մասամբ էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներ։ 2021 թվականին աճ է գրանցվել հիմնականում հանքարդյունաբերության հաշվին։ 

«Ներդրումների բոլոր ցուցանիշների գծով աճ ունենք։ Չկա այնպիսի ցուցանիշ, որտեղ մենք ներդրումների գծով աճ չունենանք»,- ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։ 

Խոսքը Հայաստանում կատարվող օտարերկրյա ներդրումների մասին է։ Թունյանը, հղում անելով ներդրումների զուտ հոսքերի և ընդհանուր հոսքերի տվյալներին, ներկայացրեց, որ բոլոր ուղղություններով աճ է գրանցվել 2021 թվականին։ Զուտ հոսքերը, հիշեցնենք, ցույց են տալիս ներդրումների գծով ստացումների ու մարումների տարբերությունը, իսկ ընդհանուր ներհոսքը ցույց է տալիս, թե որքան ներդրում է հոսել՝ առանց դուրս եկող գումարների։ 

«Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը 2021 թվականին կազմել են 129 մլրդ դրամ՝ նախորդ տարվա բացասական՝ -43 մլրդ դրամի դիմաց, այսինքն՝ ավելի շատ գնացել էր Հայաստանից, քան եկել էր։ 2019 թվականին այն 48 մլրդ դրամ է եղել, 2018 թվականին՝ 34 մլրդ, այսինքն՝ նախաճգնաժամային տարիների համեմատ մենք ունենք աճ»,- նշեց պատգամավորը։ 

Ըստ նրա՝ 2021 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով (ներհոսքը՝ առանց դուրս եկող գումարների) գրանցվել է 384 մլրդ դրամի ներհոսք, ինչը 57%-ով ավել է 2020 թվականի ցուցանիշից և 35%-ով ավել է 2019 թվականի ցուցանիշից։ Ներդրումների աճ կա նաև ըստ վճարային հաշվեկշռի։ Ինչպես նաև բարձրացել է ներդրումների մակարդակը համախառն ներքին արդյունքի նկատմամբ։

«Սա ես ասում եմ, որպեսզի առիթ տամ մասնագիտորեն մեզ քննադատողները նաև նյութ ունենան առողջ բանավեճերի համար։ Ու պատրաստ եմ այս թվերի հետ կապված երկար խոսել իրենց հետ»,- նշել է պատգամավորը։ 

Հասկանալու համար՝ ինչ ներդրումներ են հոսել Հայաստան և որտեղից է գոյացել աճը, երկար ժամանակ է պահանջվում, քանի որ տվյալները հրապարակող աղբյուրը՝ Վիճակագրական կոմիտեն, որոշ դեպքերում ելակետային տվյալներ չի ներկայացնում։ 

Այս հոդվածում պաշտոնական տվյալների հիման վրա հաշվարկել ենք, թե որքան ներդրում է հոսել Հայաստան 2021 թվականին, որ ոլորտներ և արդյոք պատկերն այնքան գոհացուցիչ է, որքան կարող է թվալ։ 

Բացի էներգետիկայից և հանքերից, Հայաստանի տնտեսության մյուս ոլորտները չեն գրավում ներդրողներին

2021 թվականին օտարերկրյա ներդրումների ներհոսքը Հայաստանում կազմել է 1 տրլն 330 մլրդ դրամ (2 մլրդ 640 մլն ԱՄՆ դոլար), որից 383 մլրդ դրամը (761 մլն դոլար) օտարերկրյա ուղղակի ներդրումներն են (ՕՈւՆ):

2020 թվականի համեմատ ընդհանուր ներդրումներն աճել են 41%-ով, իսկ ՕՈւՆ-ը՝ 57%-ով։ 

Ներդրումների ընդհանուր ծավալը դեռևս չի վերադարձել նախաճգնաժամային 2019 թվականին, մինչդեռ ՕՈւՆ-ի գծով գերազանցել է այդ մակարդակը։

Քանի որ շեշտադրվում են հենց  ուղղակի ներդրումները, փորձենք հասկանալ, թե որ ոլորտներում են դրանք կատարվել և ինչի հաշվին են աճել։ Ուղղակի ներդրում է համարվում մի երկրի ռեզիդենտի կողմից այլ երկրի ռեզիդենտ կազմակերպության կապիտալում ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կամ բաժնեմասի 10% և ավելի ձեռք բերումը:

Տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում ներդրումների կառուցվածքը բավականին կենտրոնացված է՝ ՕՈւՆ-ի գերակշիռ մասը, ինչպեսև ընդհանուր ներդրումների, հոսել են էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներ։ 

Այսպես, 2021 թվականին կատարված 383 մլրդ դրամից մոտ 240 մլրդ դրամը էներգետիկայի ոլորտում է իրականցվել (էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում), 79 մլրդ դրամը՝ մետաղական հանքաքարերի արդյունահանման, և մնացած մոտ 65 մլրդ դրամը՝ այլ ոլորտներում։

2020 թվականի համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն աճել է մոտ 140 մլրդ դրամով, որից 78 մլրդ դրամը ապահովել է մետաղական հանքահարի արդյունահանման ոլորտը, 34 մլրդ դրամը՝ էներգետիկան, 28 մլրդ դրամը՝ այլ ոլորտները։ 

Այսինքն՝ ներդրումների աճին մեծապես նպաստել է հանքարդյունաբերության ոլորտը, ավելի կոնկրետ՝ մետաղական հանքահարի արդյունահանումը։ 

Ավելին, ներդրումների ընդհանուր հոսքերի վիճակագրությունն՝ ըստ երկիր-ոլորտ կտրվածքի, չկա, սակայն ներդրումների զուտ ներհոսքի վիճակագրությունը ցույց է տալիս, որ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ են կատարվել Գերմանիայից, Ռուսաստանից և Նիդերլանդներից։ 

Պաշտոնական տվյալները բավական քիչ են այլ եզրահանգումների համար, սակայն  ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանի դիտարկմամբ՝ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների աճը, որի շնորհիվ էլ մեծապես աճել է ներդրումների ընդհանուր թիվը, պայմանավորված է Զանգեզուրի պղնձաբոլիդբենային կոմբինատի գործարքներով։  2021 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Սոթքի ոսկու հանքավայրը և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ին պատկանող «Արդյունաբերական ընկերությունը» ձեռք է բերել ԶՊՄԿ-ի 60%-ը։ 

«Գեոպրոմայնինգ գոլդ»-ի հիմնական սեփականատերը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է։ 

«ԶՊՄԿ-ն խոշոր ընկերություն է և այդ գործարքը, ըստ էության, հանդիսացել է որպես օտարերկրյա ներդրում»,- ասում է տնտեսագետը։ 

Հիշեցնենք, որ հետագայում էլ «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ՀՀ կառավարությանն է նվիրաբերել է ԶՊՄԿ-ում իր բաժնետոմսերի 25%-ը։ 

Այսպիսով, օտարերկրյա ներդրումների աճին 2021 թվականին մեծապես նպաստել է հանքարդյունաբերության ոլորտը, որը ոչ մի կերպ չի կարող փաստել այն մասին, որ հետպատերազմական Հայաստանում, ուր դեռ նաև համավարակի դեմ են պայքարում, ներդրումային գրավչությունն աճել է։ Այս օրինակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ տնտեսական հայտարարվող թվերի ու աճերի հետևում հաճախ ոչ որակական փոփոխություններ են ընկած։ Հետևաբար՝ շատ ոգևորվել այդ ցուցանիշներով պետք չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter