HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ընդդիմությունը շահարկում է Արցախի հարցը եւ երկրորդ ճակատ բացում. ՔՊ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կազմով մայիսի 3-ին շարունակվեցին ԱԺ հերթական քառօրյայի աշխատանքները: Հայտարարությունների ժամին հերթագրված պատգամավորներն անդրադարձան ընդդիմության անհնազանդության ակցիաներին: Վիգեն Խաչատրյանը հայտարարեց` ռևանշիստների խումբը, համոզվելով, որ ասելիք չունի, դիմում է ստի ու կեղծիքի՝ փորձելով հանրության մի հատվածին հանել մյուսի դեմ, փորձելով հրահրել անկայունություն Հայաստանում և մուռ հանել էն ժողովրդից, որը մերժել է իրենց:

«Բազմաթիվ զանգեր եմ ստանում, անհանգստացած շատ մարդիկ կան, որոնք ուզում են հասկանալ, թե ինչու ենք այսքան հանգիստ արձագանքում այն ամենին, ինչ տեսնում ենք: Մենք հանգիստ ենք, որովհետև գիտենք, որ ճիշտ ենք, որովհետև հավատում ենք մեր ժողովրդին, մեր հիմնական հենարանը մեր ժողովուրդն է»,-ասաց նա:

Խաչատրյանն անդրադարձավ ցուցարարների այն հայտարարություններին, թե դեմ են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն։ Ասաց, թե 20 տարի պետության ղեկավարները ոչինչ չեն արել, որ հասնեն Արցախի այն կարգավիճակին, որի մասին խոսում են: Խաչատրյանը հայտարարեց` սուտ է այն պնդումը, թե Նիկոլ Փաշինյանն ու իրենք ասել են, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում:

«Մենք հայտարարել ենք, որ երաշխավորելու ենք Արցախի բոլոր իրավունքների իրականացումը, որից կբխի կարգավիճակը: Մի խոսքով` ուզում եմ մեր ժողովրդին դիմեմ, լինենք հանգիստ, հանդարտ, հարգենք որոշ մարդկանց իրավունքը, որոնք համաձայն չեն մեզ հետ»,-ասաց նա:

Պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի կարծիքով` ընդդիմության ակցիաների բովանդակության բացակայությունը քողարկվում է չստացված գրագողությամբ:

«Ինչ ենք լսում առավոտից երեկո` փրկենք Արցախը, ձեր` Արցախը փրկելուն հավատացողներ դժվար թե լինեն: Էն մարդիկ, որոնք ապրել են Հայաստանում ու Արցախում վերջին 20-30 տարիներին և ճաշակել են ձեր կառավարման բարիքները, կազմում են մեր բնակչության մեծամասնությունը, հենց էս մարդիկ են ձեզ ասել` հեռացեք, մեզ էլ ասել են՝ եկեք, կառավարեք: Պատերազմից հետո մենք իշխանությունը վերադարձրել ենք ժողովրդին, և ժողովուրդն է որոշել, որ մեր քաղաքական թիմը պետք է իրեն առաջնորդի դեպի խաղաղություն, դեպի զարգացում»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի` Արցախի կարգավորման հարցում ընդդիմությունը չունի տեսլական, այն միայն բաժակաճառի տեսքով է դրսևորվում: Իսկ 2018-ի ժամանակ կիրառված տեխնոլոգիաների կրկնությունը ընդդիմության կողմից որակեց՝ ամեն ինչ «թարս են հասկացել»:

«Ե՞րբ եք տեսել ցույցի կազմակերպիչը ոստիկան հայհոյի, սպառնա կամ, համախոհներ ավելացնելու փորձերը ձախողելով, ասի` ջհանդամ միանաք, այսինքն՝ լաոն չի զարթնում, ջհանդամին զարթնի՞»,-հարց ուղղեց Գրիգորյանը:

ՔՊ մեկ այլ պատգամավորի՝ Արուսյակ Զուլհակյանի համոզմամբ էլ` նախկին իշխանություններն ինչպես ամեն անգամ, այնպես էլ հիմա շահարկելով Արցախի հարցը՝ փորձում են «զավթել իշխանությունը, իսկ իրականում` պաշտապնել տարիներ շարունակ թալանածը»:

«Արդյոք այս խմբակն ունակ է փրկելու Արցախը, ոչ', ո'չ և երիցս` ո'չ: Միակ բանը, որ կարող են անել այս մարդիկ, երկրորդ ճակատ բացելն է, ճիշտ այնպես, ինչպես անում էին 90-ականներին` պատերազմի ամենաթեժ պահերին, Երևանի կենտրոնում իշխանությունների հրաժարականը պահանջելով»,-ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter