HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դիվանագիտական սկանդալը շարունակվում է. ՌԴ ԱԳՆ-ն Իսրայելին մեղադրել է Կիևի «նեոնացիստական ռեժիմին աջակցելու մեջ»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի կառավարությունը պահում է «Կիևի նեոնացիստական ռեժիմին աջակցելու» քաղաքական կուրս և թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել «Հակասեմականության վերաբերյալ» վերնագրով հոդված, որն ուղղված է «Իսրայելի ԱԳՆ ղեկավարի հակապատմական հայտարարությանը»։

ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ «պատմությունը, ցավոք, գիտի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների հետ հրեաների համագործակցության ողբերգական դեպքեր»։

«Ընդ որում, պատմական ողբերգությունը նրանում է, որ եթե Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որոշ հրեաներ հանցագործություններին ստիպողաբար են մասնակցել, ապա իր արմատները շահարկող Վ. Զելենսկին միանգամայն լուրջ և միանգամայն կամավորաբար է դա անում։ Իր ծագմամբ քողարկվում է ինքը և ծածկում դրանով բնական նեոնացիստներին՝ իր ժողովրդի դահիճների հոգևոր և արյունալի ժառանգներին»,- պնդում է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը։

ՌԴ ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը ևս ունի հրեական արմատներ, բայց նա «ևս «հաջողությամբ» քողարկում է իր երկրում «Վաֆֆեն ՍՍ»-ի (ՍՍ-ի զորքերի- խմբ.) վերականգնումը»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այսպես է արձագանքել նախօրեին ծագած դիվանագիտական սկանդալին, որի կենտրոնում հայտնվել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Վերջինս հայտարարել էր, որ Ադոլֆ Հիտլերն ունեցել է «հրեական արյուն» և որ «ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներն են»։

«Կարող եմ սխալվել, բայց Հիտլերը ևս հրեական արյուն է ունեցել։ Դա բացարձակ ոչինչ չի նշանակում։ Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներն են: Ինչպես մեզ մոտ են ասում, «ընտանիք չկա՝ առանց հրեշի» (հայերեն համարժեքը՝ «գյուղ չկա, որ շուն չլինի»- խմբ.)»,- ասել էր Լավրովը։

Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը խստորեն քննադատության էին ենթարկել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը և Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը։ 

Բենեթը հայտարարել էր, որ Սերգեյ Լավրովի խոսքերը սուտ են։ «Ես շատ լուրջ եմ վերաբերվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։ Նրա խոսքերը սուտ են, իսկ դրանց նպատակը՝ սխալ։ Նման սուտը նախատեսված է նրա համար, որպեսզի հենց հրեաները մեղադրվեն պատմության մեջ իրենց իսկ դեմ իրականացված ամենասարսափելի հանցագործությունների մեջ՝ այդպիսով հանելով պատասխանատվությունը մարդասպանների և Իսրայելի ժողովրդին հետապնդողների վրայից»,- նշել էր Բենեթը։

Իսրայելի վարչապետի խոսքով՝ մեր օրերում չկա պատերազմ, որը նման լինի Հոլոքոստին կամ համեմատելի լինի դրա հետ։ «Անմիջապես պետք է դադարեցվի հրեա ժողովրդի Հոլոքոստի կիրառումը քաղաքական գործիքի տեսքով»,- հավելել էր Բենեթը։

Յաիր Լապիդի խոսքով՝ էլ Սերգեյ Լավրովի հայտարարություններն «աններելի են, վրդովեցուցիչ և կոպիտ պատմական սխալ»։ «Ասել, որ Հիտլերը հրեա է եղել, նույնն է, ինչ ասել, որ հրեաներն իրենք են իրենց սպանել։ Հրեաների դեմ ռասիզմի ամենացածր մակարդակը հրեաներին հակասեմիտիզմի մեջ մեղադրելն է»,- ընդգծել էր նա։

Լուսանկարը՝ Alexander Nemenov/Pool Photo via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter