HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

CNN. Պուտինը նախատեսում է մայիսի 9-ին պատերազմ հայտարարել Ուկրաինային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին կարող է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային, ինչը նրան հնարավորություն կտա Ռուսաստանում հայտարարել համընդհանուր զորահավաք և ներգրավել պահեստազորին։ Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով արևմտյան պաշտոնյաների հայտարարություններին։

Հեռուստաընկերությունը մեջբերում է նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին։ Մի քանի օր առաջ LBC Radio-ին տված հարցազրույցում նա ենթադրել էր, որ Պուտինը կարող է դադարեցնել Ուկրաինայում տեղի ունեցողն անվանել «հատուկ գործողություն» և հայտարարել համընդհանուր զորահավաքի մասին։

«Ես չեմ զարմանա, չնայած, որ չունեմ հստակ տեղեկատվություն այն մասին, որ նա (Պուտինը), հավանական է, որ պատրաստվում է այդ մայիսյան օրը հայտարարել, որ «մենք հիմա պատերազմում ենք ողջ աշխարհի նացիստների դեմ և մեզ պետք է ռուսաստանցիների շրջանում իրականացնել զանգվածային զորահավաք»»,- ասել էր բրիտանացի պաշտոնյան։ 

Պատերազմի ֆորմալ հայտարարումը Պուտինին հնարավորություն կտա կիրառել պահեստազորը, որի օգնությունը, ինչպես կարծում են Արևմուտքում, ռուսական զորքերն ունեն Ուկրաինայում կորուստների ֆոնին։ Ուկրաինական և արևմտյան պաշտոնյաների գնահատմամբ՝ ներխուժումից ի վեր Ռուսաստանը կորցրել է առնվազն 10 000 զինծառայող։ Վերջին անգամ ՌԴ ՊՆ-ն տվյալներ էր հրապարակել մարտի 25-ին՝ նշելով միայն 1351 զոհի մասին։ 

Համաձայն զորահավաքի մասին օրենքի՝ Ռուսաստանի նախագահը կարող է համընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարել «Ռուսաստանի Դաշնութան նկատմամբ ագրեսիայի կամ ագրեսիայի անմիջական սպառնալիքի, ՌԴ դեմ ուղղված ռազմական հակամարտության առաջացման պարագայում»։ 

CNN-ի հոդվածում նշվում է, որ բացի այդ, մայիսի 9-ին պատերազմի հայտարարումը կարող է ուժեղացնել ռուսաստանցիների շրջանում Ուկրաինա ներխուժման աջակցությունը, որը կընդգծի այդ օրվա «քարոզչական արժեքը»։ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ «կան ծանրակշիռ հիմքեր ենթադրելու, որ ռուսաստանցիները կանեն ամեն հնարավորը, որպեսզի օգտագործեն մայիսի 9-ը քարոզչական նպատակներով»։

Ավելի վաղ, համառուսական զորահավաքի մասին հայտարարել էր նաև Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը։ Նրա խոսքով՝ ռուսաստանցի զինվորականները սկսել են հաշվել, թե քանի պահեստազորային ստորաբաժանում կարող են ձևավորել։ «Դա շատ կարևոր քայլ է իրական զորահավաք սկսելուց առաջ»,- ասել էր Դանիլովը։

CNN-ը նաև մեկ այլ տարբերակ է առաջ քաշել, թե ինչպես Ռուսաստանը կարող է կիրառել մայիսի 9-ը։ Ըստ դրա՝ Ռուսաստանը կարող է հայտարարել Ուկրաինայի արևելքն իր կազմը մտցնելու մասին։ Այդ մասին ավելի վաղ հայտարարել էր նաև ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Կարպենտերը։

Լուսանկարը՝ baltics.news-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter