HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նռնականետային դասակի մարտը Շուշիի համար․ նոյեմբերի 5-ից 7-ը

2020 թվականի նոյեմբերի 5-ից 7-ը Հադրութի գնդի 5-րդ (ուսումնական) գումարտակի նռնականետային դասակը գումարտակի մյուս ստորաբաժանումների հետ մասնակցել են Շուշիի պաշտպանությանը։ «Հետք»-ը 14 հոգանոց ստորաբաժանման վարած մարտերի մասին զրուցել է պատերազմի ժամանակ դասակի հրամանատար նշանակված, նախկին ժամկետային զինծառայող Ստեփան Հակոբյանի հետ։

Սեպտեմբերի 27-ին՝  պատերազմի առաջին օրը, Հադրութի գնդի 5-րդ (ուսումնական) գումարտակը գտնվում էր զորամասում։ Ըստ պլանի՝ գումարտակը զենք -զինամթերք է ստացել և տեղափոխվել նստեցման շրջան՝ Հադրութի զորամասից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող հիվանդանոցի մոտ։ Այնտեղից էլ տեղափոխվել են բնագիծ՝ «Արտիզան» կոչվող տեղամաս (Կարախանբեյլիի հարևանությամբ)։ Կարախանբեյլիում սեպտեմբերի 27-ից 30-ը ներառյալ թեժ մարտեր մղելուց հետո նռնականետային դասակը (СПГ-9) տեղափոխվել է Ֆիզուլի, ապա Մարտունիի շրջանի Կաղարծի և Պառավաթումբ գյուղեր, հետո՝ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղ։ Սակայն մինչ այդ՝ հոկտեմբերի 22-ից, 5-րդ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Գեղազնիկ Տոնոյանն իր ստորաբաժանման հետ միացել են Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի պաշտպանական խմբերին, ապա մասնակցել Շուշիի պաշտպանությանը։

Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը հակառակորդն ինտենսիվ մարտերից հետո իր վերահսկողության տակ է վերցրել Շուշի-Լիսագոր ճանապարհը։ Այդ մարտերում են զոհվել «Շուշիի արագ արձագանքման» անունը ստացած, կամավորականներից կազմված դասակի տղաները։ Այդ ճանապարհին և հարակից հատվածներում հայկական այլ խմբեր էլ են եղել, որոնց առաջիկայում կանդրադառնանք։

Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը 5-րդ ուսումնական գումարտակի մյուս ստորաբաժանումները նռնականետային դասակի հետ միասին տեղափոխվում են Շուշի։ Քաղաքն ու հարակից ճանապարհները հրետակոծվում էին։ Հակառակորդն արդեն Շուշի-Լիսագոր ճանապարհն անցել և տարբեր խմբերով առաջացել էր «Իսայի աղբյուր» (Իսաբուլախ) կոչվող տարածք։

Գումարտակի անձնակազմը մեքենաներից իջեցվել է Շուշիի բերդին հարող մուտքի մոտ գտնվող գազալցակայանից դեպի Լիսագոր տանող ճանապարհի 700-րդ մետրի վրա։ Դեպի Քարին Տակ գյուղի մուտք անձնակազմն արդեն ճանապարհը շարունակել է ոտքով։ Քարին Տակի և Շուշիի մուտքերի խաչմերուկում նոյեմբերի 5-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ռադիոկապով Ստեփան Հակոբյանը լսել է վաշտի հրամանատար Գեղազնիկ Տոնոյանի և սերժանտ Դավիթ Շահնազարյանի խոսակցությունը։ Այդ ժամանակ Տոնոյանը Շահնազարյանին հրամայել է սպասել, որ հոգնած հակառակորդը մի փոքր էլ մոտենա, որպեսզի արդյունավետ խոցեն։ Մարտի մեջ մտնող նոր ստորաբաժանման տղաներն արդեն հասկանում են, որ հրաձգային մարտ է ընթանում։ Ըստ Ստեփանի՝ նոր տեղ հասած գումարտակի անձնակազմը մոտենալուց զոհեր և վիրավորներ է տալիս։

Ստեփան Հակոբյանը հիշում է, որ խաչմերուկ չհասած և խաչմերուկից հետո արդեն տեսել են ոստիկանության զորքերի (ՕՄՈՆ) ստորաբաժանումներին, իսկ խաչմերուկից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող էլեկտրակայանի կողմից հակառակորդի խմբերն էին առաջանում։

Գումարտակը խաչմերուկի մոտ բացազատվում և դիրքավորվում է։ Գումարտակի հրամանատար Վարուժան Շահնազարյանն է նռնականետային դասակի հրամանատար Ստեփան Հակոբյանին տարել և ցույց տվել դասակի տեղակայման վայրը։ Այն գտնվում էր Քարին Տակ-Շուշի խաչմերուկից դեպի Լիսագոր ընթացող ճանապարհի աջ մասում՝ Իսայի աղբյուրի մուտք չհասած՝ բլրի վրա։

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-12:00-ի սահմաններում, նռնականետային դասակի անձնակազմը դիրքավորվում է, երբ հրետակոծության է տեղի ունենում։ Դասակը 2 վիրավոր է տալիս, որոնց իջեցնում են բլուրից, ապա հոսպիտալացնում։

Ստեփան Հակոբյանը թվարկում է այն ստորաբաժանումները, որոնց տեսել է Քարին Տակ-Շուշի խաչմերուկին հարող՝ վերը նշված բլուրի վրա, դրա հարևանությամբ և այն խմբերին, որոնց հետ փոխգործակցությամբ մարտեր են վարել։ Դրանք են՝ Հադրութի գնդի 5-րդ գումարտակի 3 վաշտը և հակատանկային մյուս դասակը (Фагот), Եղնիկներից հետախուզական ստորաբաժանումը, Արցախի ՊԲ-ի հատուկ նշանակության մի ստորաբաժանում, Արցախի ԱԱԾ-ից հատուկ նշանակության ստորաբաժանում, Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակից 2 դասակ: Բացի այդ հայտնի է, որ նույն ճանապարհահատվածում մարտերին մասնկացել են տանկային և մոտոհրաձգային (ՀՄՄ) ստորաբաժանումներ, ոստիկանության ծառայողներ, պահեստազոր (ՄՈԲ) ռեսուրս և աշխարհազորայիններ: Մինչ այդ՝ նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը, Շուշի–Լիսագոր ճանապարհը հակառակորդը վերցրել էր իր վերահսկողության տակ:

Հակառակորդը նոյեմբերի 5-ին՝ օրվա առաջին կեսին, նկատվել է Քարին Տակ գյուղում։ Գումարտակի ստորաբաժանումներն այլ ուժերի հետ միասին փորձել են ճնշել Քարին Տակի կողմից դեպի Շուշիի խաչմերուկ բարձրանալ ցանկացող խմբերին։ Լիսագոր-Շուշի ճանապարհով առաջացող հակառակորդի որոշ խմբեր էլ դիրքավորվում են էլկտրակայանի և Իսայի աղբյուրի միջանկյալ հատվածում գոյություն ունեցող հին շինության մեջ։ Հակառակորդի այլ ուժեր էլ Իսայի աղբյուրի կողմով են առաջացել։

«էդ հատվածից անտառով փորձում էին մեզ շրջանցել։ Էդտեղ արդեն աշխատում էր մեր՝ Ղարաբաղի հատուկ նշանակության ստորաբաժանումը, որոնց հետ միասին ես էլ եմ գործողություններ կատարել։․․․Իրենք դիրքավորված չէին, իրանք կոնկրետ գործողություն էին անում։ Իրանց մի մասը հենց իմ մոտ էր տեղակայված, դիրքավորված, իսկ մյուս մասը կատարում էր առաջադրանքներ՝ ըստ իրավիճակի»,- նշեց Ստեփան Հակոբյանը։

Հարցին, թե բլուրը, որի վրա եղել է նռնականետային դասակը, հայկական մյուս խմբերի համար է՞լ է եղել տեղակայման վայր, Ստեփան Հակոբյանը պատասխանեց․ «Տեսե՛ք, էդ բարձրունքից ուրեմն պահվել է 3-4 ուղղություն։ Այսինքն՝ ես պահում էի Քարին Տակ գյուղի ուղղությունը և ճանապարհի ուղղությունը Նարեկենց հետ միասին (Արցախի հերոս Նարեկ Հովհաննիսյան)։ Մեջտեղի հատվածի ստորաբաժանումը պահում էր Իսաբուլախի կողմը։ Իսկ աջի ստորաբաժանումը պահում էր Իսաբուլախից էլ մի քիչ էն կողմ, Ստեփանակերտին նայող ձորի ուղղությամբ, որպեսզի չշրջանցեն։ Այսինքն էդ բարձունքից պահում էինք 4 ուղղություն»։

Նոյեմբերի 5-ի երեկոյան հակառակորդը չի կարողացել Քարին Տակից և Լիսագորի կողմից ճանապարհով առաջանալ, դիրքային փոփոխություններ չեն եղել։ Հակառակորդի առաջխաղացումը եղել է Իսայի աղբյուրի կողմից անտառով դեպի ձորը՝ Շուշի-Ստեփանակերտին զուգահեռ հողային ճանապարհով դեպի գազալցակայանի բարձունքը։ Բլրի վրա տեղակայված հայկական խմբերի հետ ըստ իրավիճակի մարտեր են մղել անտառում և ձորի ուղղությամբ գտնվող հակառակորդի դեմ։

Նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Իսայի աղբյուրի մուտքին հարող ճանապարհի խրամատների՝ Հադրութի գնդի 5-րդ գումարտակի 2-րդ վաշտի տղաների և հակառակորդի միջև եղած հեռավորությունը շատ մոտ է եղել։ Անձրևն ու մառախուղն ավելի են բարդացրել իրավիճակը։ Ըստ Ստեփան Հակոբյանի՝ վաշտի հրամանատարը Տիգրան Նագոլյանը գիշերային տեսանելիության սարքերի բացակայության և իրավիճակից ելնելով՝ ցանկանում է անձնակազմին հանել խրամատներից, սակայն գումարտակի հրամանատարը հակառակում է փորձում համոզել։ 

«էդ պահի դրությամբ չէր ենթարկվում գումարտակի հրամանատարին։ էդտեղ արդեն խոսակցությանը խառնվեցի ես ու ասեցի իմ «պազիվնոն», որ իմանա՝ ով ա խոսում, ասեցի, որ ես բարձունքից ամեն ինչ դիտարկում եմ ու կառավարում եմ սիտուացիան, պետք չի շփոթության մեջ ընկնել ու վաշտը հանել դուրս բնագծից, ճիշտ ա Նագուլյանը սկզբից ասում էր չեմ կարող, բայց վերջում համոզեցի, որ  եթե պետք լինի, թող պառկի խրամատի մեջ, ես իմ զենքով դեպի իրանց խրամատների վրա կկրակեմ, ու Նագոլյանը համոզվեց։ Ճիշտ ա առավոտյան վաշտը հանել էր բնագծից, բայց գիշերը չհանեց, ու էլի մնացինք մեր դիրքերում»,- ասաց Ստեփան Հակոբյանը՝ նշելով, որ հենց այդ վաշտն է մինչ նոյեմբերի 6-ը հակառակորդի առաջխաղացման այդ ուղղության դիմաց մարտ վարել։

Հադրութի գնդի 3-րդ վաշտի հետ փոխգործակցությունն այսպես է նկարագրում Ստեփան Հակոբյանը․ «Գեղազնիկ Տոնոյանի հետ վերջին այդ 3 օրվա ընթացքում շատ ակտիվ մարտեր ենք վարել, շատ լավ համագործակցել ենք միմյանց հետ, նա ձախից, ես մեջտեղ, աջից, շատ լավ իրար հետ համակցելով, շատ լավ գործողություն ենք կատարել, ու չենք թողել, որ գան»։

Նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Ստեփան Հակոբյանը դիրքի անձնակազմի համար սնունդ և ջուր վերցնելու նպատակով դիրքից իջել է բլրի տակ, որտեղ տեղայակված է եղել գումարտակի հրամանատարական կետը։ Այնտեղ տեսել է գումարտակի հրամանատարին, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալին։ Դասակի հրամանատարը, ջուր և սնունդ չգտնելով, միայն ռադիոկապի մարտկոցներ է կարողանում հետը բարձրացնել դիրք։ Բլրի ներքևի հատվածում Ստեփան Հակոբյանը տեսել է մոտ 300 հոգի հայկական տարբեր ուժերի տղաների։

Լույսը դեռ չբացված՝ դասակի հրամանատարի «СПГ-9»-ը խափանվել է, սակայն կարողացել է նորոգել, և դասակի հետ մարտ են վարել։

Նոյեմբերի 6-ին մարտերը նույն ինտենսիվությամբ շարունակվել են։ Խաչմերուկ են բերվել հայկական տանկեր, որպեսզի ամրացնեն դիմադրությունը։ Իվանյանի տանկային բրիգադից ժամանել են 3 տանկ, մեկ T-90 M և 2-ը՝ T-72։  Տանկիստները կրակ են վարել երկու ուղղությամբ։ Մեկը՝ Իսայի աղբյուրի անտառային հատվածի ուղղությամբ՝ վերը նշված բարձունքից անմիջապես դիմացի հատվածը, մյուսը՝ ճանապարհով դեպի էլեկտրակայան։

Նոյեմբերի 6-ի գիշերը դասակի հրամանատարը տեղեկություն է ստանում, որ հակառակորդն Իսայի աղբյուրի կողմով իջել է դեպի ձորը և առաջանում է։ «Իջանք էդ տեղամաս, հենց Նարեկի (Հովհաննիսյան) հետ միասին, իջել ենք ու դիմավորել ենք հակառակորդին։ Փորձում էին շրջանցել, դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհ մտնել ու դեպի մեր թիկունք բարձրանալ, չկարողացան ու մեծ կորուստներ կրելով հետ փախան»- նշեց Ստեփան Հակոբյանը։

Նոյեմբերի 7-ի առավոտվա դրությամբ հայկական կողմը դիրքային էական փոփոխություններ չի ունեցել։ Նռնականետային դասակի անձնակազմից 2 հոգի գնացել էր ռադիոկապի մարտկոցները բերելու, 4-ը՝ սնունդ և ջուր, մյուսները խրամատներն էին փորձում ամրացնել, որ դիմակայեին սպասվող հարձակումներին։ Հակառակորդը հրթիռահրետանային միջոցներ էր կիրառում Քարին Տակ գյուղի հարավային հատվածից (Քիրս սարի ուղղություն)։ Դասակի անձնակազմը լսում է հրթիռի ձայնը և օդում տեսնում հետագիծը։

Հրթիռի հարվածի և դրան հաջորդած իրադարձությունների մասին Ստեփան Հակոբյանի խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Արդեն ձեռքերս դրել եմ կողքս ու մինչև վերջ նայել, թե ոնց է արկը գալիս մեր ուղղությամբ, դեպի վերև էր բարձրանում։ Հասել է արդեն մեր մոտ, քիթը ներքև է կախել ու միանգամից իջել հենց իմ ոտքերի տակ։ Դե բնական է, ինձ «վալնան» շպրտեց, թռել եմ մի կողմ։ Ուշքի եմ եկել, տեսողությունս արդեն ընկել էր, լսողություն չկար ու որ արդեն մի կերպ տեսել եմ, որ ձեռքերս կա, ոտքերս կա, զգացի, որ դեմքիս վրայով արյուն է գնում: Ձեռքով շոշափեցի հասկացա, որ ամեն ինչ տեղում է, շրջվեցի հետ ու տեսա, որ բոլոր տղաները պառկած են։ Ման էի գալիս ընկերոջս՝ Էմիլին, Էմիլ-Էմիլ գոռալով ման էի գալիս: Բոլոր տղաներին հերթով տեսել եմ, առաջինը հենց Ոսկանյան Էրիկին եմ տեսել, փորի վրա պառկած ա եղել, պտտել եմ, իմ անունն է տվել, զգացել եմ, որ թոքից է վիրավորումը: Հետո Ավագյան Էրիկին  եմ տեսել, արդեն մարմնի կեսը մասնատված, բայց դեռ ողջ էր: Հետո տեսել եմ Հակոբյան Արծրունին, էլի մասնատված։ Արծրունի տակ արդեն ընկերս էր, Էմիլին գտել եմ, ու նայում էի, թե ինչ է եղել: Հասկացա, որ լուրջ բան չկա, մեջքից «ասկոլկա» էր մտել ներքին արյունահոսություն էր, չէր կարոողանում խոսել, փորձում էր իմ՝ Էմիլ-Էմիլ գոռալուն պատասխաներ, բայց բերանից արյուն էր դուրս գալիս ու չէր կարողանում խոսել։ Այդ ժամանակ մեր ֆագոտի դասակի տղաներն արդեն վազեցին մեր կողմ, տեսան մեզ, խառնվեցին իրար, շոկի մեջ էին ընկել ու չէին հասկանում՝ ինչ անեն։ Ես էլի գոռում էի՝ եկեք օգեք, Էմիլին փրկենք, Էմիլին փրկենք, չի մահացել, ու Էմիլին իջացրել եմ ներքև՝ բարձունքի տակ։ Այնտեղից «ՈւԱԶ» մեքենայով, դեղին գույնի, որ խփված է, նկարում տեսած կլինեք, այդ «ՈւԱԶ»-ով տարել են դեպի վերև։ Շուշի գնացող ճանապարհի վրա էր կանգնած էդ «ՈւԱԶ»-ը, բայց քանի որ նոյեմբերի 5-ի ցերեկվանից հետո վիրավորներն ու զոհերը չէին տարհանվում, շրջափակման մեջ էինք, բոլոր վիրավորներն ու զոհերն այնտեղ էին։ Այդտեղ եղել է բուժաշխատող Տիտանը (Ասատրյան): Ես արդեն շատ խառնված էի, որովհետև ընկերոջս այդ վիճակում տեսնելուց հետո ուզում էի ամեն կերպ փրկեի։ Ես էլ էի տիրապետում առաջին բուժօգնությանը ու ասում էի, որ «Լիցինոլ» սրսկեք ներքին արյունահոսությունը ժամանակավորապես կանգնացնելու համար։ Բայց քանի որ չկային միջոցներ, չկարացան սրսկեին ու արդեն ինձ էին հանգստացնում, ասում էին՝ հանգստացի, ընկերդ չկա, չէի հավատում, գլուխը բռնել ու նստել էի։ Մինչև 10-15 րոպե անընդհատ պուլսն էի ստուգում ու տեսնում էի, որ չկա, ավելի էի վատանում։ Վերջում արդեն գնացել եմ ծածկոցներ բերել ու ծածկել ընկերջս մարմինը։

Մեքենայի հատվածում, որտեղ որ այդ վիրավորներն էին, վիրակապել եմ Ոսկանյան Էրիկին, օգնություն եմ ցույց տվել Միրզոյան Միշային։ Երկուսն էլ այս պահի դրությամբ անհետ կորած են։ Իմ ստորաբաժանումից են եղել։ Դրանից հետո արդեն շոկի մեջ էի ընկել ու բոլորին հարվածում էի, չէի թողնում ինձ մոտենան։ Ընկերոջս մոտ նստած էի, արդեն մեր գումարտակի ֆելդշերները եկել էին մի քանի հոգով բռնել ու նստեցրել БMП-ն, երկու տանկ, ոնց որ ու մեկ էլ BMП-ով դուրս են եկել, լավ չեմ հիշում, շոկային վիճակ է եղել մեր մոտ, կամ տանկի մեջ կամ BMП-ի, չեմ հիշում»։

Դասակի հրամանատար Ստեփան Հակոբյանը պատերազմից հետո է իմացել, թե դասակի տղաներից ովքեր են անհետ կորած։

Հադրութի 5-րդ ուսումնական գումարտակի նռնականետային (СПГ-9) դասակի անձնակազմից Շուշիի համար մղված մարտերում զոհվել են Էմիլ Շաղոյանը, Էրիկ Կիրակոսյանը, Գոռ Սարգսյանը, անհետ կորած են համարվում Էրիկ Ոսկանյանը և Միշա Միրզոյանը։ Նույն դիրքում զոհվել է նաև ականանետային դասակի ծառայող Արծրուն Հակոբյանը։

Շուշիի պաշտպանական մարտերի, ռազմական գործողությունների վերաբերյալ հատվածներն առաջիկայում կարող են թարմացվել։ Մարտերին մասնակցած անձինք կարող են կապ հաստատել «Հետք»-ի խմբագրության հետ։

 

Ձևավորումը՝ Տիրայր Մուրադյանի

Տեսանյութը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter