«Էդ մարդիկ կատարում են հինգերորդ շարասյան գործառույթ, բայց No pasaran». Վլադիմիր Վարդանյան
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այն համոզմունքին է, որ ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ցույցերը որևէ հաջողության չեն հասնելու:
ԱԺ նիստի իր ելույթում նա անդրադարձավ այն հանգամանքին, որ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, զբաղեցնելով ԱԺ փոխնախագահի պաշտոնը, չի գալիս խորհրդարան: Վարդանյանը հիշեցրեց, որ ԱԺ նախագահության պարտականությունն է ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը, սակայն Սաղաթելյանն իր վարքագծով ամեն ինչ անում է խորհրդարանի գործունեությունը խաթարելու համար:
«Նենց տպավորություն է, որ էդ մարդիկ որևէ կապ չունեն խորհրդարանի հետ, չեն ընտրվել և պարզապես իրենց դիտարկում են արտախորհրդարանական մի քաղաքացիական շարժում, որը փորձում է հարց բարձրացնել, որը կառավարությունը կամ ԱԺ-ն չի լսում: Ես ուզում եմ հիշեցնել և´ մեզ, և´ պարոն Սաղաթելյանին և´ մնացած պատգամավորներին այն երդման մասին, որ տվել են ԱԺ-ում, հա մոռացա, իրենք երդում էլ չեն տվել»,-ասաց Վարդանյանը:
Պատգամավորն անդրադարձավ ընդդիմադիրների այն հայտարարություններին, թե ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում անհնազանդության ակցիաների մասնակիցների նկատմամբ: Վարդանյանի խոսքով` ոստիկանության մեքենաները, սարքավորումները ձեռք են բերվել այն ժամանակ, երբ իշխանության էին փողոցում ցույցեր անող ուժերը:
«Ե՞րբ է ոստիկանությունը բիրտ ուժ կիրառել, հատուկ միջոցնե՞ր են կիրառել, թե՞ փորձել են գեթ մեկ փամփուշտ կրակել օդ. չէ, որևէ նման բան չի եղել: Ոստիկանությունը կատարում է իր գործառույթները` փորձելով ապահովել քաղաքացիների մյուս իրավունքների իրականացումը: Ոստիկանությունը պարտավոր է գործել օրենքի շրջանակներում, պարտավոր է հարգել Հավաքների ազատության մասին և ոստիկանության մասին օրենքները»,-ասաց նա:
Վլադիմիր Վարդանյանը դիմեց նիստերի դահլիճում գտնվող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին`խնդրելով ուշի ուշով ուսումնասիրել ոստիկանության գործողությունների ցանկացած դեպք և գնահատական տալ:
«Իմ համար ցավալի էր էն դեպքը, որ ընդդիմությունը հեռացավ այս դահլիճից: Ես նայում եմ Արցախի դրոշներին և իրոք ցավում, շատ սիմվոլիկ եղավ. եկանք, դրոշները տեղադրեցինք և լքեցինք մարտի դաշտը: Ես պետք է խնդրեմ օգնականիս իմ սենյակում Արցախի դրոշ տեղադրել, էդ ինչ մի մեծ հերոսություն ենք անում դրանով, ինչ մեծ հերոսություն է Արցախի դրոշ Երևանում տեղադրելը: Էդ դուք հայրենասե՞ր եք, մենք` ո՞չ, պարո՛ն Մամիջանյան, Արցախի համար էդքան պայքարող էիք, ինչի ԵԽԽՎ-ում կպաք թուրքերին և արդրբեջանցիներին և իրենց հետ հավասար քվեարկեցիք»,- ասաց նա:
Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ օրեր առաջ որպես հայ-ֆրանսիական բարեկամական խմբի նախագահ դիմել է ընդդիմադիր պատգամավորներ Հայկ Մամիջանյանին և Արամ Վարդևանյանին և ասել, որ Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունը գալիս է Երևան ու ցանկություն ունի նաև ընդդիմության հետ հանդիպել: Պատգամավորի խոսքով` պատվիրակությունն ընդգրկել է բոլոր քաղաքական խմբերի ներկայացուցիչներին, որոնք միաձայն ընդունել են Արցախը ճանաչելու բանաձև: Ըստ նրա` Վարդևանյանն ընդհանրապես չի արձագանքել, իսկ Մամիջանյանը մերժել է հանդիպման առաջարկը:
«Այսօր պատվիրակությունը Վեհափառի և Էջմիածնի քաղաքապետի հետ հանդիպմանը բախվել է ձեր բեռնատարներին, որոնք խոչընդոտել են այդ պատվիրակության այցն Էջմիածին, էս ինչ հայրենասեր ենք մենք»,-ասաց նա:
Վարդանյանն անդրադարձավ նաև ընդդիմության` ապրիլ ամսին մեկնարկած քայլերթին` հիշեցնելով, որ ընտրությունները եղել են նախորդ տարի հունիսին, ապա հռետորական հարց հնչեցրեց, թե ինչու է հիմա ընդդիմությունը փողոց դուրս եկել:
«Էդ խի՞ ապրիլի վերջ, մայիսին սկսեցիք քայլել, եղանակը տաքացավ, հարմար է, այսինքն՝ մի քիչ ցրտի, վերադառնալու են տաք տեղ ու հետո գարնանը գնան մասնակցեն ցույցերի: Մի բանի վրա եմ զարմանում, երբ տեսնում եմ նախկին ինչքան պաշտոնատար անձ է հավաքվում, բա պատերազմի ընթացքում էդ միասնականությունն ինչի չէիք ապահովում, ինչի չէիք ասում` շուն-գել մեր կառավարությունն է, մեր երկիրն է, գնանք, կանգնենք, հետո հաղթանակից հետո իրենց կճամփենք: Սա ոչ այլ ինչ է, քան սեփական գույքը, սեփական անձը պաշտպանելու …. Սա իշխանության գալու պայքար չէ, էդ մարդիկ կատարում են հինգերորդ շարասյան գործառույթ, նրանց պետք չէ ոչ իշխանությունը, ոչ երկիրը, ոչ Արցախը, իրենք պետք է կատարեն հինգերորդ շարասյան գործառույթ, բայց չի ստացվելու, կա մի լավ արտահայտություն` No pasaran (իսպ․՝ նրանք չեն անցնի, խմբ․), ձեզ մոտ ոչ մի բան ստացվելու»,-եզրափակեց նա:
Մեկնաբանել