HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կարմիր գծերը կդառնան կապույտ գծեր

Երևանի քաղաքապետարանը մտադիր է մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների համար նախատեսված կարմիր գծանշումներն այսուհետ ներկել կապույտ գույնով։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը երեկ՝ մայիսի 3-ին, հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում։

Երևանում վճարովի ավտոկայանտեղիների վերաբերյալ կարգավորումը սահմանված է ՀՀ կառավարության 2012թ․ հոկտեմբերի 10-ի որոշմամբ (հավելված)։ 

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ անցած տարիների փորձը, ինչպես նաև քաղաքացիներից ստացված բազմաթիվ բողոքները, դժգոհությունները և ահազանգերը վկայում են այն մասին, որ կարմիր գույնի գետնանշումը, բավարար տեսանելի և ընկալելի չէ աչքի համար՝ հատկապես օրվա գիշերային ժամերին, նույնիսկ ներկի անցկացումից ոչ տևական ժամանակահատված հետո՝ ցերեկային ժամերին, ինչը հանգեցնում է քաղաքացիների արդարացի դժգոհությանը, կիրառված վարչական տուգանքների բողոքարկմանը, հավելյալ վարչական վարույթների իրականացմանը։

Բացի այդ, ըստ քաղաքապետարանի առաջանում են թյուրիմացություններ վճարովի ավտոկայանատեղերի և գործող օրենսդրությանը համապատասխան՝ քաղաքի տարածքում կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի տարբերակման առումով, քանի որ գործող կարգավորումներով նախատեսված են միևնույն՝ կարմիր գույնի գետնանշում:

Երևանի քաղաքապետարանն այս նախագծով ակնկալում է, որ վճարովի կայանատեղերի համար առաջարկվող կապույտ գույնի գետնանշման կիրառումը հնարավորություն կընձեռի բարձրացնելու ծառայությունից օգտվելու մատչելիությունը և հարմարավետությունը և խուսափելու ավելորդ պարզաբանումներից, դրանից բխող հավելյալ գործառույթներից։

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ կարմիր գծերով առանձնացված վճարովի ավտոկայանատեղիներ գործում են միայն Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։ 1 ժամվա համար նախատեսված վճարը 100 դրամ է, 1 օրվանը՝ 500 դրամ, 1 շաբաթվանը՝ 1000 դրամ, 1 ամսվանը՝ 2000 դրամ, ընթացիկ տարվահամար էլ՝ 12 հազար դրամ։

Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնությունն իրավական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter