HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

2021-ի մայիսին Վարդենիսի հատվածում թշնամին ՀՀ սուվերեն տարածքից օկուպացրել է առնվազն 3200 հեկտար

Արցախի Հանրապետությունը, որի անվտանգության երաշխավորը թղթի վրա եւ իրական կյանքում Հայաստանն էր, վերջինիս ղեկին էլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, 2020 թ. 44-օրյա պատերազմում կորցրեց Հադրութի շրջանն ամբողջությամբ, Շուշիի, Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջանները՝ մասամբ, այդ թվում՝ Շուշի եւ Հադրութ քաղաքները, նոյեմբերի 9-ի փաստաթղթով էլ Փաշինյանը Ադրբեջանին հանձնեց նախկին ԼՂԻՄ-ին հարակից շրջանները (Աղդամ, Քելբաջար, Լաչին, որոնցից բացի՝ պատերազմում թշնամին գրավել էր Ֆիզուլին եւ Ջաբրայիլը, ինչպես նաեւ Զանգելանի ու Ղուբաթլուի մեծ մասը, իսկ մնացած փոքր մասից հայկական ուժերը հետ քաշվեցին 2020-ի դեկտեմբերին՝ համաձայն բանավոր պայմանավորվածության), որոնք ազատագրվել էին 1990-ականներին ու դարձել Արցախի Հանրապետության բաղկացուցիչ:

2021-ի մայիսի 12-ին, օգտվելով 44-օրյա պատերազմում պարտություն կրած կառավարության ղեկին գտնվող Փաշինյանի իշխանության թողտվությունից, ադրբեջանական զինված խմբավորումներն առանց կրակոցի գրավեցին ՀՀ սուվերեն տարածքում՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում գտնվող մի շարք ռազմավարական բարձունքներ՝ զենքի սպառնալիքով, ֆիզիկական ուժով եւ հայհոյանքներով իրենց վատ կահավորված մարտական հենակետերից քշելով-հեռացնելով հայ դիրքապահներին:

Միայն Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, իսկ ավելի կոնկրետ՝ Նորաբակ-Քարվաճառ ճանապարհից մինչեւ Մեծ ու Փոքր Ալ լճեր ընկած սահմանային հատվածում, 2021 թ. մայիսին թշնամին օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքի առնվազն 32 քառ. կմ տարածք, կամ որ նույնն է՝ 3200 հեկտար տարածություն։

3200 հեկտարը հավասար է 4482 հատ ֆուտբոլային խաղադաշտի, ինչպիսիք ունեն Երեւանի «Հրազդան» եւ «Հանրապետական» ստադիոնները։

Untitled-1.jpg (499 KB)

Կարմիրով նշված են հայկական, իսկ կապույտով՝ ադրբեջանական դիրքերը. օկուպացված տարածքը դեղին է

Օգտվելով ամերիկյան «Google» ընկերության քարտեզից, որի արբանյակային պատկերները վերցված են եվրոպական «Airbus» եւ ամերիկյան «Maxar Technologies» ընկերությունների արբանյակներից՝ «Հետքը» չափել է 2021-ի գարնանը թշնամու օկուպացրած ՀՀ տարածքը:

Ինչպես ենք չափել

«Google Maps» եւ «Google Earth» համակարգերն իրենց արբանյակային պատկերները պարբերաբար թարմացնում են: Սակայն թարմացվում է ոչ թե ամբողջ համակարգը, այլ կոնկրետ սեգմենտներ՝ կախված արբանյակներից ստացվող պատկերներից:

Ինչպես հայտնի է, թշնամին 2021-ի գարնանից հայտնվել է նաեւ Վարդենիսի Կութ բնակավայրի տարածքում, սակայն մենք չափել ենք Կութի հարեւան Նորաբակ գյուղից հարավ եւ հարավ-արեւելք գտնվող ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիայի ծավալները (դրա համար էլ նշում ենք առնվազն 3200 հեկտարի մասին), քանի որ «Google Maps»-ում եւ «Google Earth»-ում Կութի սահմանային հատվածի վերջին արբանյակային պատկերն արվել է 2019-ի հոկտեմբերի 18-ին՝ նախքան օկուպացիան, իսկ Նորաբակից հարավ՝ 2021-ի հոկտեմբերի 23-ին՝ օկուպացիայից հետո:

Այսինքն՝ հիմնվել ենք 2021-ի հոկտեմբերի 23-ին առկա դիրքային իրավիճակի վրա: Օկուպացիայի ծավալները չափել ենք՝ ուղիղ գիծ անցկացնելով ադրբեջանական առաջապահ դիրքերի միջեւ: 3200 հեկտարը հենց այն տարածքն է, որն այժմ գտնվում է այդ դիրքերի թիկունքում: Սակայն պարզ է, որ ռազմավարական նշանակության բարձունքների գագաթներին հայտնված թշնամու դիտարկման ներքո հայտնվել է շատ ավելի մեծ տարածք, քան զուտ 3200 հեկտարն է:

Մանրամասների համար սեղմեք նշանների վրա

Ինչպես կարելի է տեսնել քարտեզում, առաջին օկուպացված գոտու՝ Նորաբակ-Քարվաճառ ճանապարհից մինչեւ Ներքին Շորժայի հարեւան դիրքեր ընկած տարածքի մակերեսը 11,4 քառ. կմ է կամ 1140 հեկտար: Իսկ երկրորդ գոտու տարածքը, որն ընդգրկում է Վերին Շորժա-Ծար ճանապարհից մինչեւ Մեծ Ծարասար (բարձրությունը՝ 3441 մ, ըստ «Google Maps»-ի` գտնվում է ՀՀ տարածքից դուրս) հատվածը, 20,7 քառ. կմ է կամ 2070 հեկտար:  

Սահմանի այս հատվածի ամենաբարձր կետն անցել է թշնամու վերահսկողության տակ  

ՀՀ-Ադրբեջան սահմանը Սոթքի ոսկու հանքավայրից մինչեւ Մեծ ու Փոքր Ալ լճեր անցնում է Արեւելյան Սեւանի լեռնաշղթայով: Դրա ամենաբարձր գագաթներից մեկը Ծարասարն է, որի բարձրությունը 3426 մ է (նկարում եւ քարտեզում՝ բաց կապույտ նշանով): Այս լեռը, որը հայ-ադրբեջանական սահմանի բաժանարար կետ է, 2021-ի մայիսից հայտնվել է թշնամու թիկունքում 3,8 կմ խորությամբ: Այլ կերպ ասած՝ ադրբեջանցիները Ծարասարի հատվածում ուղիղ գծով առաջ են եկել մինչեւ 3,8 կմ: Լեռնագագաթից դիտարկվում է ամբողջ Վարդենիսի տարածաշրջանը, այդ թվում՝ Սեւանա լիճը, որի ափից մինչեւ Ծարասար 29 կմ է, իսկ ահա Վարդենիս քաղաքի կենտրոնից հեռավորությունը 22 կմ է: Սա միանգամայն խոցելի տարածություն է փողային հրետանու համար, էլ չենք խոսում համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մասին:

Վարչապետ Փաշինյանը թշնամու օկուպացիայից անմիջապես հետո՝ մայիսի 27-ին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին, շրջանառության մեջ դրեց Սոթք (Գեղարքունիք)-Խոզնավար (Սյունիք) հատվածում զորքերի հայելային հետքաշման իր հայտնի թեզը: Արձագանքելով Ադրբեջանի սին պնդմանը, թե իբր սահմանային ճշգրտման համար են զորքերն առաջ եկել՝ Փաշինյանն առաջարկեց սահմանի դիտարկումը հանձնել երրորդ կողմի․ «Դիտորդներ են գալիս միջազգային՝ կա՛մ Ռուսաստանի, կա՛մ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, գալիս են կանգնում են, որպեսզի հավաստիանան, որ զորքերը երկուստեք… եթե սենց ա, պատկերացրեք՝ կա՛մ իրանց, կա՛մ մեզ էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր, եթե էդ ա (նկատի ունի Ադրբեջանի պնդումը – հեղ.)»:

Հիշեցնենք՝ Փաշինյանի խոսքերից հետո՝ 2021 թ. մայիսի 27-ին, ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարական տվեց, իսկ օրեր անց՝ նախարարության աշխատակիցների հետ հրաժեշտի հանդիպմանը, հայտարարեց, թե իր որոշումը պայմանավորված էր նրանով, որ «երբեւիցե որեւէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային եւ պետական շահի դեմ են եղել»։ Այն, որ իր հրաժարականի պատճառը եղել է հենց Փաշինյանի թեզը, Այվազյանը հայտնեց այս ապրիլին: Այս առումով վարչապետին քննադատեց նաեւ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Արցախի Փառուխ-Խրամորթ հատվածում ադրբեջանցիների վերջին առաջխաղացմանը. ««Զորքերը հայելային հետ քաշելու» կառավարության առաջարկը կործանարար է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար: Օբյեկտիվ ապացույցը ադրբեջանական վերջին անօրինական արարքներն ու ներխուժումներն են Արցախում (Փառուխ, Խրամորթ, Քարագլուխ), որոնք «զորքերի հայելային հետքաշման» կառավարության առաջ բերած գաղափարի արդյունք են: Այս գաղափարը դատապարտելի կերպով բերվեց հանրային տիրույթ, գովազդվեց եւ դարձավ արբեջանական շահերին ձեռնտու օրակարգի մաս»:

Փաշինյանի գաղափարն այդպես էլ մնաց օդում կախված, քանի որ դրա գլխավոր հասցեատերը՝ Իլհամ Ալիեւը, մեղմ ասած, այն բանի տեղ չդրեց: Փոխարենը թշնամու զինված խմբավորումներն առ այսօր շարունակում են սպառնալիք մնալ Վարդենիսի ամբողջ տարածաշրջանի բնակչության ու հատկապես սահմանամերձ Կութ, Նորաբակ, Ներքին Շորժա եւ Վերին Շորժա գյուղերի բնակիչների համար:

Ավելին՝ այս տարվա հունվարի 11-ին թշնամին նշված հատվածում դիմեց նոր ագրեսիայի՝ տարբեր զինատեսակների միջոցով, այդ թվում՝ հրազենով, հրետանիով եւ անօդաչու թռչող սարքերով, թիրախավորելով հայկական հենակետերը, ինչի հետեւանքով ՀՀ զինուժը 3 զոհ եւ վիրավորներ ունեցավ:

Մեկնաբանություններ (1)

George
Armenia failed to provide security to Artsahk, and subsequently, CSTO failed to provide security to Armenia. In fact, CSTO is like a JOKE! Since May 2021 parts of Armenian territories are under the occupation of Azeri forces and the killing and kidnapping of Armenian servicemen and villagers have become a routine. Despite all of the aggressive behavior of Azerbaijan, Stanislav Zas (Secretary-General of the CSTO) told the media earlier that CSTO’s capacity is used only in the event of an aggression, an invasion. "Here we actually have a border incident. Thank God, there are no casualties, no shooting there. This is a border incident, it must be dealt with, and we are in favor of resolving the issue by peaceful means," https://lnkd.in/g5JKBsgK I didn’t expect more from CSTO! Two of the members, namely Tajikistan and Belarus have a brotherly relationship with Azerbaijan. The Turkic nations of Central Asia are the ones who lined up to congratulate Azerbaijan on its victory over Christian Armenians. And the most disgusting one is the head of the organization who happens to be Armenia's so-called "guarantor of security", "strategic partner" and "military ally"! They betray Armenia (like always) because their main concern is not to harm their so-called "pragmatic relationship” with Turkey (quasi owner of Azerbaijan). This is the end of the mockery that Turkey as a party directly and explicitly involved in a genocidal war against the Armenian people is monitoring the so-called "ceasefire" in Artsakh. Since 2015 they have been too busy pleasing/appeasing Turkey in order to pull it away from NATO, bring it to their camp, and facilitate the first Slavic-Turkic alliance in the Caucasus and Central Asia. The "pragmatic relation" with Turkey even forced them to abandon their national pride and dignity. Russia stayed "pragmatic" (read passive) even when its military jet was shot down over Syria (2015), when its ambassador to Turkey was assassinated in Ankara (2016), or when Turkish/Azeri forces shot down a military copter over Nakhichevan and murdered two Russian servicemen (2020). And despite all of these, Russia invited Turkey (the instigator of the war) to monitor the "ceasefire" in Artsakh. Disgusting politics, eh?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter