
Էմանուել Մակրոնը դեռևս որևէ պաշտոնյայի վարչապետի պաշտոնն զբաղեցնելու առաջարկ չի արել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով, դեռևս որևէ քաղաքական գործչի չի առաջարկել գլխավորել նախարարների կաբինետի նոր կազմը։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտարարել է պետքարտուղար, կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը։
«Հանրապետության ղեկավարը դեռևս որևէ մեկին չի առաջարկել վարչապետի պորտֆելը։ Գործող վարչապետ Ժան Կաստեկսի կառավարությունը կշարունակի իրականացնել իր լիազորությունները առնվազն մինչև իր ժամկետի ավարտը՝ մայիսի 14-ի գիշերը»,- ասել է Ատալը։
Ավելի վաղ, ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Վալերի Ռաբոն հրաժարվել է Ելիսեյան պալատի առաջարկից՝ գլխավորելու կառավարությունը։ BFM TV-ի տվյալներով՝ Ռաբոն, որը Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում գլխավորել է Սոցիալիստական կուսակցության խմբակցությունը, այդպիսի առաջարկ է ստացել նախագահական վարչակազմից, սակայն հրաժարվել է, քանի որ անհամաձայնություն է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների հետ, որն առաջարկում է նախագահ Մակրոնը։ Բարեփոխումը, մասնավորապես, ենթադրում է կենսաթոշակային տարիքի բարձրացում 62-ից 65 տարեկանի։ Ռաբոն բացատրել է, որ այդ նախագիծը «հակասում է իր համոզմունքներին»։
Նախորդ ամիս Ժան Կաստեկսը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններից հետո մտադիր է հրաժեշտ տալ պաշտոնին։ Ապրիլի 24-ին վերընտրված Էմանուել Մակրոնը դեռևս չի հայտարարել նաև կառավարության նոր անդամների թեկնածությունները։ Սակայն նա մի քանի անգամ հայտարարել է, որ ցանկանում է կառավարության ղեկին կին տեսնել։
Մինչ օրս Ֆրանսիայի պատմության ողջ ընթացքում Ֆրանսիայի կառավարությունը միայն մեկ կին է ղեկավարել։ Դա Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Էդիթ Կրեսոնն էր, որը կառավարությունը գլխավորել է 1991 թվականի մայիսից մինչև 1992 թվականի ապրիլը։
Լուսանկարը՝ Ludovic Marin/AFP/Getty Images
Մեկնաբանել