HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունն առաջարկում է պետական մարմնի կողմից լրագրողին հավատարմագրումից զրկելու օրենսդրական հիմքեր նախատեսել

Կառավարությունն առաջարկում է դիտարկել պետական մարմնի կողմից լրագրողին հավատարմագրումից զրկելու հիմքերն օրենքով նախատեսելու հարցը։ Այսօր՝ մայիսի 5-ին, այդ որոշման նախագիծն ընդունվեց չզեկուցվող հարցերի փաթեթով։

Կառավարության առաջարկությունը կներկայացվի Ազգային ժողովի աշխատակազմին։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը և Լիլիթ Մինասյանն առաջարկում են լրացում կատարել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում:

Նախատեսվող փոփոխությամբ՝ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել ոչ միայն նրան հավատարմագրման ներկայացրած լրատվամիջոցի դիմումով, այլև նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից:

Գործող օրենքով՝ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվամիջոցի դիմումով:

«Ստացվում է, որ մի կողմից պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող հավատարմագրման դադարեցման հիմքերի առկայության դեպքում որևէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմում:

Օրենքի բացը լրացնելու և առաջին հերթին լրատվական գործունեություն իրականացնողի և պետական մարմինների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու, պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում գործիքակազմ ունենալու համար առաջարկվում է, որպեսզի նաև պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին, կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը,- օրենքի նախագիծը հիմնավորել են պատգամավորները։

Սակայն, Կառավարությունն առաջարկում է պետական մարմնի կողմից լրագրողին հավատարմագրումից զրկելու օրենսդրական հիմքեր նախատեսել։

«Օրենսդիրը նախատեսել է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու մեկ եղանակ՝ նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումը: Ուստի, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությամբ նախատեսված այն օրենսդրական հնարավորությունը, որի համաձայն՝ լրագրողի հավատարմագրման մերժման և դադարեցման այլ հիմքերը կարող են սահմանվել համապատասխան պետական մարմնում լրագրողների հավատարմագրման կարգով, վերաբերում է միայն լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի կողմից՝ լրագրողի հավատարմագրումը դադարեցվելու դիմում ներկայացնելու այլ հիմքեր սահմանելուն»,- ասված է Կառավարության որոշման նախագծում։

Ըստ հիմնավորման՝ այս առաջարկությունը բխում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի պահանջներից, որոնց համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Կարդացեք նաև՝ 

Լրագրողներին հավատարմագրումից զրկելու մասին նախագիծը ԶԼՄ ներկայացուցիչները հերթական մահակ են որակում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter