
Րաֆֆի Հովհաննիսյան. «Ընտրությունները համապետական վիհ առաջացրին, որն ավելի խորն ու վտանգաշատ է, քան երբևէ»
Հայաստանի հանրապետությունը և նրա քաղաքացիները համակարգային խորը տագնապի մեջ են: Մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները համապետական վիհ առաջացրին, որն ավելի խորն ու վտանգաշատ է, քան երբևէ:
Գործող վարչակարգն աննախադեպ կերպով մեղսակցության պաշտամունք պարտադրեց հայ հանրության հոծ զանգվածներին և, չնայած իր իսկ հնչեցրած ժողովրդավարական հռետորաբանությանը, ընտրություններում բացարձակ քամահրական պահվածք դրսևորեց քաղաքացիական ազատությունների, սահմանադրական իրավունքի և ազգային կամարտահայտության անկապտելի սկզբունքի նկատմամբ:
Եվս մեկ անգամ հայ ժողովրդին բաժին հասավ դե ֆակտո խորհրդարան, և եթե մենք միասին ու անհապաղ չգործենք' նրան վերադարձնելու իշխանությունը և օրենքի պաշտպանությունը, ինչպես որ հարկն է, Հանրապետությունը դատապարտված է դիմավորելու նաև հաջորդ դե ֆակտո նախագահին' ի թիվս նրանց երկար շարքի:
Մենք արժանի ենք և կունենանք ավելին: Մենք արժանի ենք և պետք է հասնենք դե յուրե ղեկավարության' թե խորհրդարանում, թե նախագահական նստավայրում:
«Ժառանգություն» կուսակցությունը, շարունակելով իր համեստ հասարակական ծառայության վաղեմի ավանդույթը, սպասարկելու է քաղաքացու-ազգի շահերը' թե ներկայիս դե ֆակտո ամոթի և թե մոտ ապագայի դե յուրե արժանապատվության պայմաններում: Մենք այսպես կգործենք առկա բոլոր ասպարեզներում, հնարավոր բոլոր եղանակներով և ի հեճուկս հավանական ամեն տեսակ խոչընդոտների:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մեր համաքաղաքացիներին, ովքեր իրենց քվեն տվեցին «Ժառանգությանը»' այսպես թե այնպես մաս կազմելով պաշտոնապես մեր օգտին գրանցված սակավ ձայներին, քանզի նրանք ծնունդ են ազատ կամքի, մաքուր խղճի և մեր Հայրենիքի ու նրա կոչման հանդեպ խիզախ պատկանելության:
Մեր քաղաքացիական աջակիցների ու հանրային գործընկերների հետ համալիր քննարկումների ավարտին «Ժառանգությունը» կներկայացնի «Պետության վիճակի մասին» իր հանգամանալից գնահատականը և կկիսի ժամանակավորապես խաթարված, բայցև տևապես սուր ու անխախտ իր տեսլականը Նոր Հայաստանի, որը վստահաբար գալու է:
Այս նպատակով «Ժառանգությունը» հունիսի 2-ին կհրավիրի իր համագումարը:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
15 մայիսի 2012թ.
Երևան
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել