5+6 կետերը պետք է միացնել իրար և բանակցել՝ ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ լուծում գտնելու համար․ Արմեն Գրիգորյան
Անհասկանալի են ընդդիմության պնդումները, որ եթե կնքվի խաղաղության պայմանագիր, ապա անկլավների հարց է առաջանալու։ Այս մասին Կառավարության մայիսի 5-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ընդդիմությունն ընդհանրապես շարունակական, կարելի է ասել, անհիմն հայտարարություններ է անում, որն իրականության հետ մեծ աղերս չունի։ Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել, քանի որ երկու կողմից էլ անկլավ կա։ Գիտեք որ և՛ Ադրբեջանի տարածքում անկլավ կա՝ Արծվաշենը, և՛ Հայաստանի տարածքում կան անկլավներ, և նրանց տարածքները գրեթե հավասար են։ Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այն դեռևս չի քննարկվել։ Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն է՝ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»,- հայտնեց Գրիգորյանը։
Ըստ ԱԽ քարտուղարի՝ խաղաղության պայմանագրի օրակարգի հարցերից մեկն էլ միմյանց սուվերենությունը ճանաչելու մասին է․
«Իհարկե մենք նշում ենք, որ դեռևս 1992թ.-ին Հայաստանը և Ադրբեջանը ԱՊՀ շրջանակներում ճանաչել են միմյանց սուվերեն տարածքները և ինքինշխանությունը, բայց հետագայում այլ զարգացումներ են եղել, բայց Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել»։
Անդրադառնալով այն հարցին, թե ադրբեջանական կողմը շարունակում է հայտարարել, որ Հայաստանի որոշ տարածքներ ադրբեջանական են՝ Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձևավորմանը և հանգիստ մթնոլորտում աշխատելուն։
«Հույս ունենք, որ նման հայտարարություններ հնարավորինս քիչ կլինեն»,- ասաց նա։
Ըստ Գրիգորյանի՝ Հայաստանն իր վեց կետերով առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին լուծում տրվի, որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ։
«Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ 2 փաթեթը (հեղ․ նկատի ունի Ադրբեջանի 5 կետանոց և Հայաստանի 6 կետանոց առաջարկները)՝ 5+6 կետերը պետք է միացնել իրար, և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի նաև գտնենք ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ լուծում։ Առաջնային է Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, պաշտպանության և իրավունքների հարցերի լուծում գտնել, ըստ դրա՝ պետք է ձևավորվի ԼՂ ստատուսը»,- եզրափակեց ԱԽ գրասենյակի ղեկավարը։
Մեկնաբանել