
Վաղաժամկետ կդադարեցվեն Թալին խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները
Ընտրություններից դեռ մեկ տարի չանցած՝ վաղաժամկետ կդադարեցվեն Թալին խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները: Ավագանու հերթական նստաշրջանի ընթացքում՝ 3 ամիս շարունակ, այդպես էլ ոչ մի նիստ չի կայացել, և որոշում չի ընդունվել:
Արագածոտնի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հովհաննես Ասատրյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ավագանու լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն, քանի որ առաջին նիստով ընտրվել է համայնքի ղեկավար ու դրանից հետո նիստերը չեն կայացել, համայնքի ղեկավարը չի երդվել: Իսկ համայնքի ղեկավարն իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 62-րդ հոդվածը սահմանում է ավագանու նստաշրջաններն ու նիստերը, ըստ որի՝ ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ: Նիստերի օրերը որոշում է ավագանին:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանին երեք ամսից ավելի իր քննարկած հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում:
Փետրվարի երկրորդ երեքշաբթի օրը եղել է ամսի 8-ը, իսկ երեք ամիսը լրանում է մայիսի 8-ին: Այս ընթացքում Թալին համայնքի ավագանու ոչ մի նիստ չի կայացել:
Հարցին, թե մինչև մայիսի 8-ը հնարավո՞ր է ավագանին նիստ գումարի ու չդադարեցվեն լիազորությունները, Հովհաննես Ասատրյանը բացասական պատասխան տվեց:
«Նախ՝ օրենքը չի կարգավորում այդ հարցերը: Թալինում այժմ չկա այն մարմինը, որը կարող է նիստ հրավիրել: Ավագանու նիստերը հրավիրում է համայնքի ղեկավարը, որն իր լիազորությունները չի ստանձնել, քանի որ չի երդվել, կամ համայնքի ավագանին՝ իր կանոնադրության համաձայն: Այս դեպքում էլ ավագանու նիստ չի գումարվել, կանոնադրությունը չի հաստատվել: Օրենքը չի նախատեսել, որ նման բան է հնարավոր»,-ասում է Հովհաննես Ասատրյանը՝ հավելելով, որ Տավրոս Սափեյանն այսօր Թալինի համայնքի ղեկավարն է, սակայն ոչ մի լիազորություն չունի:
Նշենք, որ Թալին խոշորացված համայնքի կազմում 29 բնակավայր կա։ Խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունները կայացել էին 2021թ. դեկտեմբերի 5-ին: Ընտրություններին մասնակցել է 4 քաղաքական ուժ՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական, «Հայք» լիբերալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը:
Ընտրությունների արդյունքում ոչ մի քաղաքական ուժ այդպես էլ մեծամասնություն չէր դարձել, ինչի հետեւանքով էլ նման իրավիճակ է ստեղծվել: Ամենաշատ քվեները ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 5037 ձայն կամ 46.63%:
Ավագանու 21 մանդատից 10-ը բաժին է հասել ՔՊ-ին, բայց քանի որ չուներ մեծամասնություն /պետք է ունենար առնվազն 11 մանդատ/, այդպես էլ չկարողացավ համաձայնության գալ մյուս քաղաքական ուժերի հետ, և ավագանու նիստերը տապալվեցին:
Նշենք, որ ընտրություններից հետո՝ 2021թ. դեկտեմբերի 17-ին հրավիրված ավագանու նիստի ժամանակ «Զարթոնք» խմբակցությունը որոշել էր «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության Թալին համայնքի ավագանու անդամների ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած Մնացական Մնացականյանին առաջադրել Թալին համայնքի ղեկավարի թեկնածու: Սակայն, Մնացական Մնացականյանն ինքնաբացարկ է հայտնել՝ հայտարարելով, որ պաշտպանելու է «Հայք» խմբակցության թեկնածուին:
«Հայք» խմբակցությունն էլ որոշել էր կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած Կարեն Գրիգորյանին առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ նրա հրաժարվելու դեպքում՝ Դավիթ Մանուկյանին առաջադրել թեկնածու:
Կարեն Գրիգորյանը ինքնաբացարկ էր հայտնել: Առաջադրվել էր Դավիթ Մանուկյանի թեկնածությունը: Իսկ ՔՊ կուսակցության ցուցակով ընտրված Սերգեյ Մկրտչյանն էլ առաջադրել էր կուսակցության առաջին համարը զբաղեցնող Տավրոս Սափեյանի թեկնածությունը:
Քվեարկության արդյունքներով Տավրոս Սափեյանը ստացել էր 11 ձայն, իսկ «Հայք» խմբակցության առաջադրած համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Մանուկյանը՝ 10 ձայն: Իշխանական թեկնածուի օգտին քվեարկել էր «Հայք» խմբակցության առաջին համարը զբաղեցնող Կարեն Գրիգորյանը: Հենց նրա ձայնն է որոշիչ եղել իշխանական թեկնածուի ընտրվելու հարցում: Դրանից հետո Կ. Գրիգորյանը հրաժարվել է ավագանու անդամի մանդատից:
Դեկտեմբերի 20-ին հրավիրվել է ավագանու նիստ՝ համայնքապետի երդման և լիազորությունները ստանձնելու օրակարգով: Սակայն նիստին մասնակցել են ավագանու միայն ՔՊ խմբակցության 10 անդամները: Նույնը կրկնվել է նաև 2022թ. հունվարի 11-ի նիստին:
Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը նիստին ներկա ավագանու անդամներին տեղեկացրել է, որ ավագանու մնացած անդամները, նախապես համաձայնեցնելով, երկրորդ անգամ չեն մասնակցում ավագանու նիստին՝ «վիժեցնելով համայնքի ղեկավարի երդման արարողությունը և լիազորոությունների ստանձնման գործընթացը»: Համայնքի ղեկավարն այդ քայլը որակել էր որպես համայնքի ավագանու և համայնքապետարանի աշխատանքների դիտավորյալ խոչընդոտման փորձ, ինչը կարող է համայնքի բնականոն կյանքի խաթարման պատճառ հանդիսանալ: Այս նիստը նույնպես համարվել է չկայացած՝ քվորումի բացակայության պատճառով:
Լուսանկարում՝ Տավրոս Սափեյանը
Մեկնաբանել