
Պեսկով. Մոսկվան հետաքրքրված է Հայաստանում իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ
Հայաստանում տեղի ունեցողն այդ երկրի ներքին գործն է, բայց Մոսկվան հետաքրքրված է իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ։ Այդ մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ТАСС գործակալության հարցին։
«Դա լիովին և ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ խոսելով մեր երկրում ընդդիմության ցույցերի մասին։
Նա ընդգծել է, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցն է։ «Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր գործընկերն է մեզ համար շատ կարևոր ինտեգրացիոն մի քանի ձևաչափերում։ Հայաստանը մեր մեծ ընկերն է։ Այդ իսկ պատճառով, իհարկե, մենք հետաքրքրված ենք նրանում, որ Հայաստանում որքան հնարավոր է շուտ այդ ժամանակաշրջանն ավարտվի և կրկին գա կայունության շրջանը, որը հնարավորություն կտա փուլ առ փուլ շարժվել Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, որոնք Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ եզրափակվել են»,- նշել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ու նրանց աջակիցները բողոքի ցույցեր են կազմակերպում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ընդդիմությունը պնդում է, որ իշխանության գալու պարագայում մտադիր են վերանայել Երևանի դիրքորոշումը՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններում, որը, ըստ ընդդիմադիրների, վարչապետ Փաշինյանը դուրս է մղել բանակցությունների սեղանից։
Լուսանկարը՝ Sputnik / Алексей Майшев
Մեկնաբանել