HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ընդդիմությունը վստահեցնում է՝ իշխանություններին հաշված օրեր են մնացել․ բողոքի ակցիաների 10-րդ օրը

Ընդդիմադիրների բողոքի անհնազանդության ակցիաների տասներորդ օրը ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի «հանրային պահանջը»։

Պատգամավորը նշեց, որ դեռևս ապրիլի 5-ին Ազատության հրապարակում իրենք հրապարակել են այն բոլոր սկզբունքները, որով պետք է առաջնորդվի Հայաստանում ցանկացած իշխանություն։ 

«Այդ սկզբունքներից շեղվելը մենք համարում էինք Արցախի կորուստ, Հայաստանի թուրքացում, այնուհետև՝ պետականության կորուստ․․․ Վարչապետի աթոռին հայտնված անձն Ազգային ժողովում ասաց, որ մենք պետք է Արցախի հարցում մեր նշաձողն իջեցնենք, այսինքն՝ օրվա իշխանությունը գնում է այն ճանապարհով, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ լայն իրավունքներով և ինչ-որ անվտանգության երաշխիքներով։ Սա հայ ժողովրդի համար անընդունելի է»,- ասաց նա։

Սաղաթելյանն ընթերցեց Փաշինյանի հրաժարականի պահանջը՝ հայտնելով, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն այս պահանջը ներկայացնելու համար գնացել են ԱԺ, որտեղ մեկնարկել է Կառավարության հետ հարցուպատասխանը, և որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև հանրահավաքի մասնակիցները նույնպես գնացին Ազգային ժողով։

Նշենք, որ նրանց՝ ԱԺ գալուց մի քանի ժամ առաջ արդեն ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ էր տեղադրել ԱԺ բակում։ 

Իսկ Ազգային անվտագության ծառայությունը հայտնեց՝ ըստ հավաստի օպերատիվ տվյալների՝ հավաքի կազմակերպիչները մտադրված են ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը։ 

«Որևէ շենք չենք գրավելու, որևէ սադրանքի չենք գնալու։ Ինչո՞ւ շենք չենք գրավելու, որովհետև շենքերում այլևս իշանություն չկա»,- ասաց Սաղաթելյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ ԱԺ-ում հայտարարեց, որ Փաշինյանը տապալել է Արցախի բանակցային գործընթացը, պատերազմ ու պարտություն է բերել, խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմը և խուսափել զոհերից, սակայն այդպես չի վարվել:

«Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տալու մանդատ և պետք է հրաժարական տա»,- ասաց Ռուստամյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքելով՝ նշեց, որ բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը:

Վարչապետը նաև հայտնեց, որ պատերազմը կանգնեցնելու համար կար պայման՝ պետք է համաձայնեին, որ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, որից հետո ընդդիմադդիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:

«Ախ, չե՞ք ուզում լսել, բա էդպես ասեք։ Ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք»,- ասաց Փաշինյանը, իսկ նրա խոսքերի ընթացքում ՔՊ պատգամավորները սկսեցին ծափահարել։

ԱԺ շենքի մոտ հավաքված ցուցարարների և ոստիկանների միջև հրմշտոց եղավ, որոշ ժամանակ անց ոստիկանները բացեցին դեպի Դեմիրճյան փողոց տանող ճանապարհը, և ցուցարարները շարունակեցին իրենց երթը։

Արտաքին գործերի նախարարության մոտ Սաղաթելյանը հայտարարեց, որ Արցախը հայկական է և Արցախի դրոշը պիտի տեղադրվի ԱԳՆ շենքում։ Ոստիկաններիը միայն նրան թույլ տվեցին մտնել նախարարության շենք և դրոշը այնտեղ տեղադրել։ 

«Որեշեցինք ԱԳ նախարարության շենքում դնել Արցախի դրոշը՝ դրանով ասելով, որ թող ԱԳ նախարարն իմանա՝ Հայաստանի արտգործնախարությունը մի խնդիր ունի՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- արդեն Ֆրանսիայի հրապարակում հայտնեց պատգամավորը։

ԱԺ փոխխոսնակը հայտարարեց՝ վաղն առավոտվանից անհնազանդության ակցիաները շարունակվում են։ 

«Շարունակում ենք մեր պայքարը։ Դուք հաղթանակին էնքան մոտ եք, որ չեք պատկերացնում։ Էդ ՔՊ-ները իրանց նեղ շրջանակներում քննարկում են՝ Նիկոլին ժերտվա տանք, գոնե մենք պրծնենք, դուք հաղթանակին շատ մոտ եք, ժողովուրդ ջան․․․ Ով էս պայքարի հետ չի, ինքը Նիկոլ ա, որովհետև սա իմ պայքարը չի, որևէ կուսակցության պայքարը չի, սա ժողովրդի պայքարն է»,- ասաց Սաղաթելյանը՝ կոչ անելով մարզերում շարունակել տեղական բողոքի ակցիաներ և ցույցեր իրականացնել։

Նա վստահեցրեց, որ իշխանություններին հաշված օրեր են մնացել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter