HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Որևէ շենք չենք գրավելու»․ հանրահավաքի մասնակիցները գնում են ԱԺ

Այսօր Ազգային ժողովում ժամը 16։30-ին մեկնարկել է Կառավարության հետ հարցուպատասխանը, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարեց, որ ժամը 15։30-ին կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում՝ Փաշինյանին հրաժարականի հանրային պահանջ ներկայացնելու համար։

Արդեն կեսօրին ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ տեղադրեց ԱԺ բակում։

Ավելի ուշ, Ազգային անվտագության ծառայությունը հայտնեց՝ ըստ հավաստի օպերատիվ տվյալների՝ հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը։

«Ազգային անվտանգության ծառայությունը խստորեն նախազգուշացնում է հավաքի կազմակերպիչներին և դրանց մասնակիցներին՝ ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց՝ հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները»,- ասված էր ԱԱԾ հաղորդագրությունում։

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հրապարակել են այն բոլոր սկզբունքները, որով պետք է առաջնորդվի Հայաստանում ցանկացած իշխանություն։

«Այդ սկզբունքներից շեղվելը մենք համարում էինք Արցախի կորուստ, Հայաստանի թրքացում, այնուհետև պետականության կորուստ։ Միասին դեռևս ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հրապարակեցինք մեր պահանջները և ասացինք՝ սա է հայ ժողովրդի դիրքորոշումը, և այն իշխանությունը, որը կշեղվի այս սկզբուքներից, րոպե առաջ պետք է հեռանա։

Դրանից հետո վարչապետի աթոռին հայտնված անձն Ազգային ժողովում ասաց, որ մենք պետք է Արցախի հարցում մեր նշաձողն իջեցնենք, այսինքն՝ օրվա իշխանությունը գնում է այն ճանապարհով, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ լայն իրավունքներով և ինչ-որ անվտանգության երաշխիքներով։ Սա հայ ժողովրդի համար անընդունելի է»,- նշեց ԱԺ փոխխոսնակն՝ ընթերցելով հանրային հրաժարականի պահանջը։

«Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, տապալելով արցախյան հակամարտության բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը՝

  1. բերել է պատերազմ ու պարտություն
  2. խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմը ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել,
  3. 2021 թ.-ի հունիսին խոստացել էր 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս գերիներ ունենք,
  4. իր նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն՝ ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով 
  5. պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, բայց կրկին խաբել է, հիմա գնում է այլ ճանապարհով,
  6. խոստացել է թռիչքաձև տնտեսական աճ, բայց աճում են պետական պարտքը, աղքատությունը, գները և մահերը,
  7. չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը ողբերգական ավարտ ունեցավ․ պադավատապետության դեմ խոսող, կարմիր լույսի տակ իր ավտոշարասյունը կանգնելը և հետիոտնին զիջելը որպես ձեռքբերում ներկայացնող անձն օրը ցերեկով վթարի ենթարկեց հղի հայ կնոջը, և ինչպես միշտ, փախավ։

Ելնելով այս ամենից՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ, և պետք է հրաժարական տա»,- ասաց Սաղաթելյանը։

Նա հայտնեց, որ քիչ առաջ խորհրդարանի երկու խմբակցությունները շարժվեցին դեպի Ազգային ժողով՝ այս հանրային պահանջը Փաշինյանին ներկայացնելու։

Ըստ պատգամավորի՝ մինչ ընդդիմադիր ուժերը խորհրդարանում կներկայացնեն Փաշինյանի հեռացման պահանջը, այդ ընթացքում հանարահավաքի մասնակիցները կշարժվեն Ազգային ժողով։

«Որևէ շենք չենք գրավելու, որևէ սադրանքի չենք գնալու։ Ինչո՞ւ շենք չենք գրավելու, որովհետև շենքերում այլևս իշխանություն չկա»,- ասաց Սաղաթելյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter