HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ գիտական ինստիտուտները օրենքից իրազեկվածության եւ գնումների փորձի պակաս ունեն․ ԳԱԱ-ն համաձայն չէ այս պնդմանը

Գիտնականները բազմիցս բարձրաձայնում են իրենց ոլորտում «Գնումների մասին» օրենքից բխող դժվարությունների մասին։ Նրանց մի մասը գործող օրենքը համարում է գիտության «արգելակներից» մեկը։ Հարցը այս տարվա փետրվարին գիտնականները բարձացրել էին Գիտությունների ազգային ակադեմիայում ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը։ Դրան ներկա է եղել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։ Վերջինս «Հետքի» հետ զրույցում, անդրադառնալով բարձրաձայնված խնդրին, ասել էր, որ նախաձեռնելու է քննարկում գիտնականների եւ կառավարության անդամների միջեւ։

Գաբրիելյանը մեզ հետ հերթական զրույցում հայտնեց, որ խոստացված հանդիպումը կազմակերպվել է ԱԺ-ում։ Դրան մասնակցել են ԳԱԱ-ի, գիտական մի շարք ինստիտուտների, ինչպես նաեւ ֆինանսների նախարարության ղեկավար կազմերը։ Պատգամավորն ասում է՝ ինչպեսեւ կանխատեսել էին, գիտական աշխարհի ներկայացուցիչների կողմից բարձրաձայնված հիմնական խնդիրները կապված էին ոչ թե օրենսդրական բացերի կամ թերությունների, այլ դրանց կիրառման ընթացքում ոչ բավարար տեղեկացվածության հետ։ Այդ «բացը» լրացնելու համար ֆինանսների նախարարությունը պարզաբանող սեմինարներ է նախաձեռնել գիտական ինստիտուտների ղեկավարների, ինչպես նաեւ դրանց գնումների մասնագետների, հաշվապահների հետ։ Նպատակն է՝ բարձրաձայնված խնդիրներին լուծում տալ գործող օրենսդրական պայմաններում։

«Այդ քննարկմանը կառավարության մեր գործընկերները եւս վստահեցրին, որ այն, ինչի մասին բարձրաձայնում են մեր գիտնականները, գործող օրենսդրությամբ այսօր հնարավոր է լուծել, պարզապես խնդիրը իրազեկվածության եւ որոշակիորեն նաեւ փորձի պակասից է բխում։ Պետությունն անցյալ տարվանից աննախադեպ ծավալով ֆինանսավորում է տարբեր փոքր, միջին եւ մեծ գրանտային ծրագրեր, այսինքն՝ ինստիտուտների կողմից կա հայտ, կա գումարը,  եւ ինչ-որ առումով հասկանալի է՝ ինստիտուտներում աշխատող գնումների մասնագետներին այսպիսի մեծ գումարներով գնումների գործընթացում ներգրավելու նախադեպ շատ դեպքերում գուցե չի եղել»,- նշում է իշխանական պատգամավորը։

Նրա փոխանցմամբ՝ կառավարությունն արդեն մեկ-երկու սեմինար կազմակերպել է  ինստիտուտների համար։ Գործադիրից Գաբրիելյանին նաեւ հավաստիացրել են, որ դա շարունակական է լինելու, եւ կփորձեն ուղիղ կապով հարթել խնդիրները։

ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած հանդիպմանը, «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ԳԱԱ պատվիրակությունը ներկայացրել էր  իր առաջարկների փաթեթը: Դրա շուրջ էլ ծավալվել է քննարկումը: Փաթեթը կազմվել է ակադեմիայի համակարգի բոլոր ինստիտուտների տնօրեններին հարցումներ կատարելու եւ ստացված պատասխանների վերլուծության արդյունքում: Փաթեթը ներառում է մի շարք քայլեր, որոնք գիտական հանրությունն անհրաժեշտ է համարում աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար:  

«Ֆինանսների նախարարությունը պնդում էր, թե իբր թյուրիմացություն կա, թե իբր գիտական ինստիտուտները լավ չեն տիրապետում օրենսդրությանը, եւ այդ պատճառով են որոշ բարդություններ առաջանում: Անձամբ ես համաձայն չեմ այդ պնդմանը: Տնօրեններն էլ ընդհանուր առմամբ համաձայն չեն, բայց ամեն դեպքում որոշում կայացվեց, որ ֆինանսների նախարարությունը սեմինարներ անցկացնի ֆինանսատնտեսական բաժնի աշխատողների մասնակցությամբ, որպեսզի պարզաբանվեն համապատասխան քայլերը, որոնք պետք  է ձեռնարկվեն ինստիտուտների կողմից»,- ասում է Արթուր Իշխանյանը:

Սեմինարներն, ըստ Իշխանյանի, խնդիրներից մեկի առնչությամբ են, մինչդեռ ակադեմիայի ներկայացրած փաթեթի մնացած հարցերն ու կետերը մնացել են չլուծված:

«Գնումների մասին» գործող օրենքը, ըստ գիտնականների, մի քանի խոչընդոտներ ունի: Դրանցից առաջնահերթը եզակի սարքավորման ձեռքբերումն է: Գիտական հետազոտության համար, որպես կանոն, պահանջվում են հատուկ սարքեր, որոնք եզակի են եւ պատրաստվում են տվյալ ինստիտուտի պատվերով: Սակայն խնդիրն այն է, որ նմանատիպ սարքեր պատրաստող ընկերություններ Հայաստանում չկան: Իսկ օրենքը գիտականից ինտիտուտից պահանջում է տենդեր հայտարարել տեղական համակարգում եւ սպասել, մինչեւ ձեռնարկությունները հայտեր կներկայացնեն: Սակայն պարզ է, որ դրանց շարքում չի լինելու արտասահմանյան այն ընկերությունը, որը պատրաստում  է տվյալ սարքը:

Հաջորդ խնդիրը միջազգային դրամաշնորհներով սահմանված ժամկետն է, որի շրջանակներում պետք է իրականացվեն հետազոտությունները: Գործող օրենքով առաջնորդվելու դեպքում սարքը հնարավոր է ձեռք բերել ամիսներ կամ տարիներ հետո: Արթուր Իշխանյանն ասում է, որ եթե դրամաշնորհի ժամկետը, օրինակ, 2 տարի է, մինչեւ սարքը ձեռք բերվի, 2,5 տարի է պահանջվում:

«Մեր առաջարկությունների երկրորդ կետն ասում է՝ արտաբյուջետային, ոչ պետական գումարների պարագայում թույլատրել կատարել ուղիղ գնում արտադրողից՝ պետական լիազոր մարմնի՝ գիտության պետական կոմիտեի կամ ԳԱԱ-ի որոշմամբ կամ թույլտվությամբ»,- ասում է ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարը: Գործող օրենքով՝ նման թույլտվություն կարող է տալ կառավարությունը, իսկ այդ դեպքում ամիսներ կարող են պահանջվել, մինչեւ գործադիրից թույլտվություն ստացվի:

Առաջարկներից մյուսը գործող օրենքով հաստատված գնումների բազային միավորի բարձրացումն է։ Օրինակ՝ թույլատրվում է գնում կատարել մեկ անձից, եթե գնման գինը չի գերազանցում բազային միավորը, որը 1 մլն դրամ է։ Քանի որ գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է, ԳԱԱ-ն առաջարկում է այդ միավորը դարձնել 3-5 միլիոն դրամ:

1990-ականներին գիտական ինստիտուտները, ելնելով վատ ֆինանսական վիճակից, վարձակալությամբ են տվել իրենց տարածքները: Այդ գումարների 80 տոկոսը գնում է կառավարությանը, այնինչ, ըստ Արթուր Իշխանյանի, անհրաժեշտ է վերանայել այդ կետը՝ վարձակալությունից ստացված գումարներն ուղղել ինստիտուտի բյուջե՝ պայմանով, որ այն ծախսվի ինստիտուտի զարգացման համար:

«Այս ամենը ոչ մի առնչություն չունի նրանց ասած սեմինարների հետ: Մեր առաջարկների փաթեթը բազմաթիվ կետեր է ներառում: Այնտեղ կան կետեր, որոնց վերաբերյալ ֆինանսների նախարարությունը պնդում է, թե բարդությունները զուտ գիտելիքի պակասից են: Մենք համաձայն չենք դրա հետ, բայց ամեն դեպքում ասում ենք՝ եկեք սեմինարներով պարզենք»,- նկատում է ակադեմիայի ներկայացուցիչը:

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter