HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Դատավորը հիմնավոր չհամարեց հայցվորի հետ գործընկեր լինելու ու մյուս փաստարկները և մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Գյուղապետն ընդդեմ «Հետքի» լրագրողի գործով Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր Վարդուհի Հովնանյանը չի իրականացնում անկողմնակալ քննություն: Սա արձանագրում են պատասխանողի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը:

Դատավորը չի կարող անկողմնակալ մոտեցում ցուցաբերել՝ հետևյալ պատճառներով. նա հայցվոր Վանո Եղիազարյանի գործընկերն է, երկուսն էլ աշխատում են Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում (ՎՊՄԻ): Բացի դրանից՝ նա է քննել Վանո Եղիազարյանն ընդդեմ Գևորգ Մելքոնյանի գործը, որը հիմք է դարձել «Հետքի» լրագրողի դեմ դատական գործընթաց ծավալելու համար (նշված դատական վեճն է լրագրողը լուսաբանել իր հոդվածում):

«Հետքի» լրագրողի գործը նշված գործի ածանցյալն է, իսկ այդ գործով դատավոր Հովնանյանը վճիռ է կայացրել հօգուտ Վանո Եղիազարյանի: Բացի դրանից՝ դատավոր Հովնանյանի վարույթում է գտնվել և գտնվում Վանո Եղիազարյանի հայցերով հարուցված մոտ 10 գործ: Դատավորի կայացրած բոլոր վճիռները Վանո Եղիազարյանի օգտին են եղել:

Ինչպես պատասխանողի ներկայացուցիչներն են արձանագրում, հայցվորի նկատմամբ պահպանելով ակնհայտ կողմնակալ և շատ դեպքերում պաշտպանական դիրքորոշում՝ դատավորն, ընդհակառակը, խիստ անբարյացակամ, հաճախ հակադրվող վերաբերմունք է դրսևորում պատասխանող կողմի նկատմամբ:

Պատասխանողի ներկայացուցիչները մատնանշում են հետևյալ փաստական հիմքերը. առաջին իսկ դատական նիստին հայցվորը դատարան էր ներկայացրել «Ավարտական ճառ» վերնագրով փաստաթուղթ և ցանկանում էր ընթերցել այն: Փաստաբանների առարկությանը, որ նման փաստաթուղթ օրենքով նախատեսված չէ, հայցվորի փոխարեն դատավորն ինքը մեկնաբանեց՝ ասելով, որ դա ընդամենը վերնագիրն է: Ընդունեց փաստաթուղթը և շարունակեց ունկնդրել «ճառը»: Փաստաբանների երկրորդ առարկությունից հետո հայտարարեց, որ հայցվորը «ճառն» ընթերցելու վերաբերյալ միջնորդություն չէր ներկայացրել և չէր էլ պատրաստվում ընթերցել:

Դրանից հետո՝ արդեն դատաքննության փուլում, հայցվորը դարձյալ դատարան ներկայացրեց նույն «Ավարտական ճառ» վերնագրով փաստաթղթի խմբագրված տարբերակը՝ համեմված ՄԻԵԴ-ի՝ հիմնականում սխալ մեկնաբանված զանազան նախադեպերով: Պատասխանողի ներկայացուցիչները դարձյալ առարկեցին այդ փաստաթղթի ընդունմանը՝ հիշեցնելով, որ նման փաստաթուղթ արդեն ներկայացված է դատարանին: Միայն այդ ժամանակ դատավորն այն վերադարձրեց հայցվորին:

Դատավորը երկու անգամ անտեսել է պատասխանողի միջնորդությունը՝ նիստն առանց իր ներկայացուցիչների չանցկացնելու վերաբերյալ: Մի դեպքում պատասխանողը միջնորդել էր նիստը հետաձգել 15 րոպեով, որպեսզի Երևանից Վանաձոր եկող փաստաբանները հասցնեն մասնակցել նիստին: Դատավորը մերժել է միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե 15 րոպեով հնարավոր չէ նիստը հետաձգել, քանի որ բոլոր ժամերին նիստեր կան նշանակված:

Բայց, ինչպես պատասխանողի ներկայացուցիչներն են նշում, անհնար է, որ այդ նիստը 15 րոպեով նշանակված լիներ այն դեպքում, երբ նախորդ բոլոր նիստերը առնվազն 1-2 ժամ են տևել: Դատավորը որոշում կայացրեց շարունակել նիստը՝ չստանալով պատասխանողի կարծիքը դրա վերաբերյալ և չհիմնավորելով, թե ինչու չի կարող գործի քննությունը տեղի չունենալ: Մինչդեռ դատարանը համապատասխան որոշում է կայացնում դիմումների և միջնորդությունների քննարկման արդյունքում:

Մյուս դեպքում պատասխանողը միջնորդություն էր ներկայացրել հետաձգել նիստը, քանի որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով իր ներկայացուցիչները չէին կարողացել Երևանից հասնել Վանաձոր: Դատավորը դարձյալ որոշում կայացրեց նիստը շարունակելու մասին:

Իսկ հաջորդ նիստին ներկայացուցիչների բացակայությունը մեկնաբանվեց ի վնաս պատասխանող կողմի. նախ, դատավորը նրանց բացակայությունը համարեց անհարգելի՝ ասելով, որ ճանապարներն այդ օրը բաց են եղել՝ այդպիսով անարժանահավատ համարելով երկու փաստաբանի խոսքը: Ապա զրկեց նրանց իր իսկ որոշմամբ պատասխանող կողմի վրա դրված ապացուցման պարտականությունը կատարելու հնարավորությունից:

Դատավորը չընդունեց նրանց՝ ապացուցողական նշանակություն ունեցող բացատրությունները՝ ասելով, որ դրանք պետք է ներկայացվեին նախորդ նիստին, երբ գործը դեռ նախնական քննության փուլում էր: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ գլխում թվարկված ապացույցների տեսակներում բացատրությունները ներառված չեն: Ուստի, բացատրությունները՝ գրավոր կամ բանավոր, կարող են ընդունվել դատավարության ցանկացած փուլում:

Նիստերից մեկի ժամանակ էլ, երբ կարգադրիչը, գերազանցելով իր լիազորությունները, դուրս հրավիրեց նիստին ներկա քաղաքացուն, փաստաբաններն արձանագրեցին այդ խախտումը և դատավորի ուշադրությունը հրավիրեցին դրա վրա: Մինչդեռ դատավորն ասաց, որ նման բան չի տեսել և չի պատրաստվում նիստերի դահլիճ կանչել ապօրինաբար դուրս հրավիրված քաղաքացուն՝ անտեսելով երկու փաստաբանների և ականատեսների վկայությունը:

Նշված փաստական հիմքերով «Հետքի» լրագրողի ներկայացուցիչները ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավոր Վարդուհի Հովնանյանին: Վերջինս մերժել է միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե ինքը որևէ կանխակալ վերաբերմունք չունի որպես կողմ հանդես եկող անձանց նկատմամբ: Ինքն իսկապես քննել է քաղաքացիական գործն՝ ըստ հայցի Վանո Եղիազարյանի ընդդեմ Գևորգ Մելքոնյանի, սակայն դա չի նշանակում, որ ինքը՝ որպես մասնավոր անձ, ականատես է այն փաստերին, որոնք վիճարկվում են «Հետքի» լրագրողի գործով:

Իր որոշման մեջ դատավոր Հովնանյանը նշել է նաև, որ ինքը Վանո Եղիազարյանի հետ ոչ մի առնչություն ու շփում չունի: Իրենք երկուսն էլ աշխատում են ՎՊՄԻ-ում, բայց տարբեր ամբիոններում:

Հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 18-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter