HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Ազգակործան պատուհասի հետ սեղան նստելու հարց չունենք»․ Սաղաթելյանը՝ Տեր-Պետրոսյանին

Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիրների հանրահավաքը մեկնարկեց վրաններից մեկում սրտի կաթվածից մահացած քաղաքացու հիշատակը 1 րոպե լռությամբ հարգելով։

«Սրտի կաթված է եղել, քաղաքացին մահացել է, որովհետև տարածքում նաև շտապօգնության մեքենա չկար»,- հայտնեց Իշխան Սաղաթելյանը։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ ինքնազգացողությունը կտրուկ վատացած քաղաքացու դեպքի կանչով ՇՕ մեքենան դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց, և ուղիղ 6 րոպեում պացիենտը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

«Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը: Խորապես վշտակցելով մահացածի հարազատներին ու մտերիմներին՝ խնդրում ենք այս դեպքը չդարձնել շահարկումների առարկա՝ այդկերպ ստվերելով նաև բուժաշխատողների գործադրած բոլոր ջանքերը»,- ասված էր քաղաքապետարանի հաղորդագրությունում։

ԱԺ փոխխոսնակը Ֆրանսիայի հրապարակում ասաց, որ բացի Երևանում փողոցներ փակելուց, քաղաքացիներն այսօր փակել են նաև Երևան-Արտաշատ, Մարտունի-Գավառ, Երևան-Իջևան մարուղիները, Երևան-Աշտարակ խճուղին, իսկ Արագածոտնում և Սյունիքում ավտոերթեր են իրականացվել։

Այնուհետև ընդդիմադիրները Սայաթ-Նովա փողոցով սկսեցին իրենց քայլերթը։ Հասնելով Ոստիկանության շենքի մոտ՝ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Այսօր Հայաստանում Նիկոլն ունի մեկ հեներան՝ ոստիկանությունը և ուժային կառույցները»։

Ըստ նրա՝ իշխանությունները դրդում են ոստիկանությանը դիմել նորանոր բռնությունների․ «Հաճախ ոստիկանությունը տեղիք է տալիս ՔՊ-ի ճնշմանը»։

Վերադառնալով Ֆրանսիայի հրապարակ՝ Իշխան Սաղաթելյանն արձագանքեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը։

«Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ Փաշինյանի փոխարեն ով էլ որ լինի, միևնույն է՝ այդ զիջումները փաթաթելու են իր վզին, և երկիրը գնալու է նոր զիջումների։ Էս ժողովրդի վիզն հնարավո՞ր ա զիջում փաթաթել»,- ասաց պատգամավորը, որից հետո հանրահավաքի մասնակիցները վանկարկեցին՝ «Ո՛չ»։

«Հարգելի՛ Լևոն Տեր-Պետրոսյան, դու այդ նույն խոսքերն ասում էիր նաև 1997 և 1998 թվականներին։ Ասում էիր, որ հնարավոր չէ, պետք է զիջել, ամբողջ աշխարհը մեր դեմն է, Սերգո ջան, լավ չես ապրի, քանի դեռ Ղարաբաղը չենք հանձնել։ Դու էս նույն խոսքերն ասում էիր նաև 1998 թ-ին։ Կյանքը ցույց տվեց՝ երբ քո փոխարեն եղավ այլ իշխանություն, մենք 20 տարի չզիջեինք և Հայաստանն ու Արցախը զարգացան՝ չզիջելով։ Բայց երբ 2018 թ-ին իշխանության եկան քո գաղափարախության կրողներն ու հոգեզավակները, ովքեր էդ գծի մեջ էին, որ պետք ա տանք, ուրիշ ճար չկա, Արցախի 72 %-ը տվեցին։ Ժամանակն է, որպեսզի սրանք հեռանան, որպեսզի կարողանանք փրկել։ Հետևաբար, մեր վզին որևէ մեկը, այդ թվում՝ դու և Նիկոլը, որևէ բան չեք կարող փաթաթել։ Վերջում՝ իբրև լուծում առաջարկել է, որ Նիկոլի հետ նստենք սեղանի շուրջ՝ ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու։ Պարո՛ն Տեր-Պետրոսյան, ազգակործան պատուհասի հետ, ինչպես դու էիր բնութագրել, մենք սեղան նստելու հարց չունենք։ Իր հետ ունենք մեկ օրակարգ՝ խաղաղ, անցնցում, րոպե առաջ հեռացում»,- նշեց ԱԺ փոխնախագահը։

Այնուհետև Սաղաթելյանը խոսեց առաջիկա ծրագրերից։

Ըստ նրա՝ Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը բաղկացած է երկու փուլից։ «Առաջին փուլը մենք արդեն վաղուց ավարտել ենք, և դա փաստ է։ Դա հանրային պահանջի ձևակերպումն է, որ սրանք չունեն մանդատ՝ երկիրը զիջումների տանելու։ Երկրորդը՝ սկսում ենք իշխանազրկման գործընթացը։ Դրա համար բոլոր հարավորությունները ստեղծված են՝ հանրային տարբեր շրջանակներից, հասրաակության տարբեր հատվածները ձևակերպել են այդ պահանջը․ այլևս իշխանությունը փողոցում է»,- նշեց նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց, որ պետք է առաջիկա օրերին իրենց թիվն ավելացնեն՝ հասնելով նրան, որ ոստիկանական և ուժային կառույցները այլևս չկարողանան ժողովրդի ցասումը որևէ կերպ կասեցնել։

«Սա է մեր բոլորի խնդիրը։ Ե՞րբ կհեռանա Նիկոլ Փաշինյանը իշխանությունից։ Նիկոլը կհեռանա այն պահին, երբ ուժային կառույցները զեկուցեն, որ այլևս իր իշխանությունը չեն կարող պահել, ուժերը չեն բավարարում»,- ասաց նա՝ հավելելով, որ վաղը պետք է պարալիզացնեն ամբողջ քաղաքը։

«Հավաքվում ենք ժամը 12։00-ին այս հրապարակում։ Բաժանվում ենք 4 մասի, և պարալիզացնում ենք մայրաքաղաքի մեծ մասը»,- եզրափակեց Սաղաթելյանը՝ հայտնելով, որ շաբաթ օրը ավտոերթով որևէ մարզ կգնան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter