HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ընդդիմության վաղվա հանրահավաքը տեղի կունենա Վանաձորում․ բողոքի ակցիաների 12-րդ օրը

Իշխանությունների հեռացման պահանջով բողոքի ակցիաների 12-րդ օրն ընդդիմադիրներն իրենց երթը կրկին մեկնարկել են Ֆրանսիայի հրապարակից։ Ակցիայի մասնակիցները բաժանվել են 4 խմբերի և երթով շարժվել դեպի Սայաթ-Նովա, Բաղրամյան, Մաշտոց և Հերացի պողոտաներ։

Ընդդիմադիրներն այսօր կեսօրին փակել էին դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող ճանապարհը, որտեղ նրանց և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել:

Ոստիկանությունը հորդորել է բացել երթևեկությունը, այնուհետև սկսել է քաշքշելով բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։ Կարմիրբերետավորները փորձել են բերման ենթարկել նաև նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, սակայն քաղաքացիները թույլ չեն տվել:

Քննչական կոմիտեն հայտնել է՝ տվյալներ են ստացվել, որ քաղաքական ընդդիմության նախաձեռնությունների կազմակերպիչները, Երևանում իրականացվող հավաքներին մասնակցելու նպատակով, Արմավիրի մարզի բնակիչներից մեկին նյութապես շահագրգռել են, վերջինս էլ իր հերթին՝ նյութապես շահագրգռել է այլ անձանց: Արմավիրի մարզի երկու բնակիչները ձերբակալվել են, հարուցվել է քրեական գործ։

Իսկ Մարդու իրավունքների պաշտպանն էլ տեղեկացրել է, որ Ոստիկանության Կենտրոնի բաժնում արձանագրվել է «Հաղթանակի» կամրջի մոտից բերման ենթարկված 16 տարեկան անձի մոտ մարմնական վնասվածքների դեպքեր, որոնք ըստ վերջինիս պնդման, առաջացել են Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման արդյունքում։

Այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը պատշգամբից թքում ցուցարարների վրա և միջնամատ ցույց տալիս։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԱԺ նախագահը հաստատել է միջադեպը՝ հայտնելով, որ մայրը ցուցարարների կողմից հնչող վիրավորանքներին է պատասխանել։

«Մայրիկի նյարդերը չի դիմացել»,- ասել է Սիմոնյանը։

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտնել է, որ իրենց առջև այսօր խնդիր էին դրել կանգնեցնել քաղաքի շարժը․ 

«12։00-ից հետո Կենտրոն մտնող բոլոր ճանապարհները ձեր տրամադրության տակ էին։ Որևէ ոստիկանական ուժ, որևէ զորք չի կարող կասեցնել մեր ընթացքը։ Մի պահ պատկերացրեք՝ էս 4 խումբը դառնում է 8, 8-ը՝ 12, ամբողջ քաղաքը վերցնում ենք հենց այդ օրը։ Սա մեր առաջիկա օրերի խնդիրն է․․․Էս օրերին միջազգային մամուլի ուշադրությունը սևեռված է այս հրապարակի և մեր գործողությունների վրա։ Ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ տեր ենք մեր հայրենիքին, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Հայաստանը երբեք չի թուրքացվելու։ Սա այլևս փաստ է և վերջ»,- նշել է պատգամավորը։

Այնուհետև ԱԺ փոխնախագահն անդրադարձել է այն հարցին, թե ինչ է լինելու, երբ Փաշինյանին հեռացնեն։

«Առանց Նիկոլ Հայաստանում լինելու է համերաշխություն, ՀՀ քաղաքացին ապրելու է անվտանգ, ազատ, բարեկեցիկ, գյուղացին այս օրերին չի մտածելու սերմնացուի, պարարտանյութի, բազմաթիվ հոգսերի և խնդիրների մասին։ Մենք միասնաբար, կենտրոնացնելով մեր ողջ ժողովրդի ներուժը, ռեսուրսը, հնարավորությունները, բացառելով նախկինում տեղ գտած բոլոր թերությունները և սխալները, համախմբվելու ենք, բռունցք դառնանք և կառուցենք ուժեղ, անվտանգ և հզոր Հայաստան։ Նիկոլով դա հնարավոր չի»,- ասել է Սաղաթելյանը։

Ընդդիմադիր քաղաքական գործիչը խոսել է նաև վաղվա ծրագրերից։

«Վաղը ժամը 13։00-ին Վանաձորում հրավիրում ենք հանրահավաք։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ավտոերթով շարժվել Վանաձոր, ժամը 09։30-ին Աշտարակի խճուղու սկզբնամասում կշարվեն մեքենաները։ Կգնանք Վանաձոր, կոգևորենք և ոտքի կհանենք մեր մարզային բնակչությանը»,- տեղեկացրել է Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ վաղը Ֆրանսիայի հրապարակում ժամը 18։00-20։00-ն տեղի կունենա մշակութային ծրագիր, իսկ 20։00-ին տեղի կունենա հանրահավաք, որից հետո էլ կմեկնարկի «Դիմադրության» երթը։

Սաղաթելյանի խոսքով՝ ակցիայի մասնակիցները նաև առաջարկել են, որպեսզի վաղը ժամը 12։00-ին Ֆրանսիայի հրապարակից «խորհրդանշական երթ» մեկնարկի, որին կմասնակցեն բացառապես կանայք և աղջիկները։

«Քաղաքացիներն առաջարկել են 13:00-14:00-ն Երևանում մեքենաներով բարձր երաժշտությամբ՝ «Արցախն է կանչում» և «Զարթի՛ր Լաո» երգերով քաղաքում տրամադրություն ստեղծել»,- եզրափակել է ԱԺ փոխխոսնակը։

Կարդացեք նաև՝ 

Արմեն Խաչատրյան. «Երկրում չի կարող ամեն անգամ հեղափոխություն լինել»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter