
Անցյալի միտումը կրկնվում է. հայ աղջիկները դարձյալ սկսել են վաղ ամուսնանալ
Այսօր Հայաստանում միտում կա երեխայի ծնվելուց հետո ճանաչել երեխայի հայրությունը՝ առանց ամուսնության գրանցման: Այսօրվա մամուլի ասուլիսում նման տեղեկություն հայտնեց Երևանի Շենգավիթի քաղաքացիական կացությունների ակտերի գրանցման տարածքային բաժնի պետ Սուսաննա Ավետիսյանը:
Նա ներկայացրեց 2009-2012թթ. Շենգավիթ վարչական շրջանում ամուսնությունների գրանցման և ամուսնալուծությունների վիճակագրությունը: 2009թ. գրանցվել են 1000 ամուսնության և 216 ամուսնալուծություն, 2010թ.՝ 924 ամուսնություն և 211 ամուսնալուծություն, 2011թ.՝ 1006 ամուսնություն և 209 ամուսնալուծություն, իսկ 2012-ին՝ 292 ամուսնություն և 80 ամուսնալուծություն:
Ս. Ավետիսյանը դժվարանում է նշել ամուսնալուծությունների իրական պատճառները, սակայն ամուսնալուծվելու ժամանակ զույգերը որպես պատճառ հիմնականում նշում են դավաճանությունը, անհամատեղելիությունը կամ ամուսիններից մեկի՝ երկար ժամանակով բացակայությունը: Միաժամանակ, ոչ ֆորմալ ամուսնություններն ավելի շատ են, քան ամուսնության գրանցումները:
Անդրադառնալով քաղաքացիական ամուսնություններին՝ Ս. Ավետիսյանը նշեց, որ դրանց միջոցով զույգերը հնարավորություն ունեն ավելի լավ ճանաչելու միմյանց, համոզվելու իրենց համատեղելիության մեջ, ապա նոր գրանցելու ամուսնությունը: Սակայն ինքը՝ որպես հայ ընտանիքի կին և մայր, կողմ է օրինական ամուսնությանը:
Ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը նշեց, որ այժմ քաղաքացիական ամուսնությունների ավելացման միտում է նկատվում, և հասարակությունն ավելի հանդուրժող է վերաբերվում այդ երևույթին: Սակայն դրան հիմնականում դեմ են լինում ծնողները՝ ավագ սերունդը, իսկ քաղաքացիական ամուսնության որոշումը լինում է երիտասարդ զույգերինը:
Ա. Ստեփանյանի խոսքերով՝ եթե անգամ օրինական ամուսնությունների արդյունքում են լինում այսքան մեծ թվով ամուսնալուծություններ, ապա որքա՜ն մեծ է ամուսնալուծությունների հավանականությունը քաղաքացիական ամուսնության դեպքում:
Նրա կարծիքով՝ հայ ընտանիքը հիմնականում շարունակում է մնալ ավանդապահ, սակայն կան նաև ժամանակակից միտումներ: Շատ քիչ թվով, բայց կան նաև ամբողջապես ավանդապահ ընտանիքներ՝ եռաստիճան և քառաստիճան, երբ ընտանիքում կան պապն ու տատը, այնուհետև նրանց երեխաները, թոռներն ու ծոռները: Ա. Ստեփանյանի խոսքերով՝ գոնե արտաքին ձևով ավանդական հայ ընտանիքը կա, այլ հարց է, թե ինչպիսին են ներընտանեկան հարաբերությունները:
Նա նաև նշեց, որ հայերին միշտ էլ բնորոշ է եղել արտագնա աշխատանքի մեկնելը՝ պանդխտությունը: Վաղ ժամանակներում եթե ամուսնու մասին 7 տարի շարունակ լուր չէր լինում, ապա եկեղեցին կարող էր գրանցել զույգի ամուսնալուծություն: Այժմ հայ կանայք հաճախ չեն լսում, չեն ուզում հավատալ, որ արտագնա աշխատանքի մեկնած ամուսինը կարող է իրենց դավաճանել կամ այլ ընտանիք ունենալ, համբերատար սպասում են նրանց՝ չցանկանալով քայքայել ընտանիքը: Ս. Ավետիսյանը հավելեց, որ անգամ եղել է դեպք, երբ զույգն ամուսնալուծվել է, սակայն ամուսնու վերադարձից հետո կրկին ամուսնացել:
Ս. Ավետիսյանի նշած մեկ այլ միտում է այն, որ այժմ աղջիկները շատ ավելի վաղ տարիքում են ամուսնանում: Օրենքով աղջիկը 17, իսկ տղան 18 տարեկանում կարող է ամուսնության գրանցում ստանալ, սակայն լինում են դեպքեր, երբ 16, 17 տարեկան աղջիկն արդեն ունի երեխա, և զույգը դիմում է ամուսնության գրանցման համար: Այդ միտումը, որը եղել է վաղ անցյալում, կարծես կրկնվում է:
Ա. Ստեփանյանը հավելեց, որ ընտանիքը, լեզուն և հավատքը միշտ եղել են հայ ժողովրդի գոյության երաշխիք, և այժմ էլ ընտանիքը շարունակում է մնալ կայուն արժեք:
Լուսանկարում՝ Սուսաննա Ավետիսյան (ձախից) և Արմենուհի Ստեփանյան
Մեկնաբանել