HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ըստ ՏԿԵՆ-ի` Արաքս գետի հունից ավազի արդյունահանումը սահմանային փոփոխությունների ռիսկ է առաջացնում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) մտադիր է արգելել սահմանամերձ գետերի հուներից ավազի արդյունահանումը, քանի որ այն սահմանային փոփոխությունների ռիսկեր է պարունակում։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Ընդերքի մասին օրենսգրքերում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում։

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, Արաքս գետի հունից իրականացված արդյունահանումների հետևանքով առաջանում են բազմաթիվ խնդիրներ, այդ թվում սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր, և առաջացել է այդ խնդիրների հրատապ կարգավորման անհրաժեշտություն:

Առաջարկվում է սահմանամերձ գետերի հուներից արդյունահանում իրականացնելու դեպքում ընդերքօգտագործողին տուգանել նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով, այսինքն՝ 5 միլիոն դրամով, իսկ նույն տարվա ընթացքում ավազի արդյունահանման դեպքի կրկնվելու դեպքում դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքիը։ ՏԿԵՆ-ը վարչական պատասխանատվության այս սահմանաչափերը որոշել է՝ հիմք ընդունելով Ազգային անվտանգության ծառայության առաջարկությունները։

Արաքսը Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկն է, որի երկարությունը 1072 կիլոմետր է։ Այն անդրսահմանային գետ է Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Իրանի միջև։

Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter