HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ապօրինի գույքի բռնագանձման վարչության դիմումով արգելանք է դրվել Ռուսլան Բաղդասարյանի և կնոջ գույքի վրա

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվում է Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին և կնոջը՝ Արմինե Հարությունյանին պատկանող գույքի ուսումնասիրություն: Ուսումնասիրության շրջանակներում դատարանը 2022թ. ապրիլի 20-ին կիրառել է հայցի ապահովման միջոցներ: Արգելվել է դատախազությանը հետաքրքրություն ներկայացնող գույքերի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը, ինչպես նաև արգելանք է դրվել շահագրգիռ անձանց պատկանող որոշակի գույքերի վրա։

Ինչպես մյուս դեպքերում, այս ուսումնասիրության շրջանակներում ևս Գլխավոր դատախազությունը չի բացահայտում, թե խոսքը որ գույքերին է վերաբերում: Քանի որ ուսումնասիրության վարույթը չի ավարտվել, դատախազությունը պատճառաբանում է, որ շահագրգիռ անձանց բացատրությունների հիման վրա կարող է փոփոխվել գույքի շրջանակը, ուստի նպատակահարմար չէ մատնանշել բռնագանձվող գույքի կազմը:

Նշենք, որ ուսումնասիրությունը սկսվել է 1,5 տարի առաջ՝ 2020թ. հոկտեմբերի 7-ին: Այն իրականացվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ «հարուցված քրեական գործով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման համար, և առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք»:

Հետաքրքրվել էինք՝ ուսումնասիրությունը վերաբերում է նախկին պաշտոնյայի միայն հայաստանյան գույքին, թե արտերկրում գտնվող ենթադրյալ գույքի վերաբերյալ ևս ուսումնասիրություններ են իրականացվել: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Տիգրան Դավթյանի փոխանցմամբ. «Վարչությունում միջոցներ են ձեռնարկվում նաև այդ ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ Ռուսլան Բաղդասարյանին առնչվող գործի վերաբերյալ ոստիկանությունը 2019թ. նոյեմբերին հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում 2009-ից 2018թ. ընկած ժամանակահատվածում տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։ Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41 մլն 720,929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է»:

Բաղդասարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Հրանտ Անանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Բաղդասարյանը մեղադրանքը չի ընդունում:

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter