HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար. Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի հարցը պետք է լուծվի սահմանազատման համատեքստում

Ղազախի շրջանի յոթ գյուղերի (գտնվում են հայկական վերահսկողության տակ), և Քյարքիի (Տիգրանաշենը) վերադարձը պետք է իրականացվի Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի պահանջին համապատասխան։ Այդ մասին ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։ 

Վերջինիս խոսքով՝ այդ տարածքների Ադրբեջանի կազմ վերադարձի հարցը պետք է լուծվի իրականացվող բանակցությունների արդյունքում։

«Հայաստանը երբեք չի կարող հայտարարել, որ այդ տարածքները չեն հանդիսանում Ադրբեջանի տարածք։ Այդ տարածքները հանդիսանում են Ադրբեջանի տարածք։ Քանի որ այդ տարածքների վերադարձը Ադրբեջանի կազմ պահանջում է սահմանազատման գործընթաց, հարցը կդիտարկվի այդ համատեքստում։ Ադրբեջանի կազմ այդ տարածքների վերադարձը կքննարկվի և կգտնի իր լուծումը»,- հայտարարել է Խալաֆովը։

Մի քանի օր առաջ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ անհասկանալի են ընդդիմության պնդումները, որ եթե կնքվի խաղաղության պայմանագիր, ապա անկլավների հարց է առաջանալու։ «Ընդդիմությունն ընդհանրապես շարունակական, կարելի է ասել, անհիմն հայտարարություններ է անում, որն իրականության հետ մեծ աղերս չունի։ Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել, քանի որ երկու կողմից էլ անկլավ կա։ Գիտեք որ և՛ Ադրբեջանի տարածքում անկլավ կա՝ Արծվաշենը, և՛ Հայաստանի տարածքում կան անկլավներ, և նրանց տարածքները գրեթե հավասար են։ Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այն դեռևս չի քննարկվել։ Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն է՝ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»,- հայտարարել էր Գրիգորյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ադրբեջանական կողմը շարունակում է հայտարարել, որ Հայաստանի որոշ տարածքներ ադրբեջանական են՝ Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձևավորմանը և հանգիստ մթնոլորտում աշխատելուն։

«Հույս ունենք, որ նման հայտարարություններ հնարավորինս քիչ կլինեն»,- եզրափակել էր նա։

Կարդացեք նաև՝ 

ԱԽ քարտուղարը սխալվում է․ Հայաստանի ու Ադրբեջանի նախկին էքսկլավների տարածքները «գրեթե հավասար» չեն

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter