HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անաղմուկ փոփոխություններ գիտության ոլորտում՝ մեծ աղմուկից խուսափելու համար․ առաջիկա 5 տարում ինստիտուտներ կմիավորվեն

Հայաստանի գիտության ոլորտում փոփոխություններ են սպասվում։ Մի քանի ինստիտուտներ միավորվելու են կենտրոնների մեջ։

Դեռ 2021-ի տարեվերջին ԳԱԱ ղեկավար կազմը շրջել էր ակադեմիական համակարգի բոլոր ինստիտուտներով՝ տեղեկացնելով սպասվող գործընթացի մասին։ Առաջիկա փոփոխությունը դրական չի ընդունվում ինստիտուտների կողմից, քանի որ կարծիք կա, թե այդկերպ միավորվող ինստիտուտները կորցնելու են ինքնուրույնությունը, եւ որոշ ժամանակ անց նաեւ վերջնականապես ձուլվելու են: Միավորման գործընթացը հիմնականում տարվում է կուլիսների հետեւում։ Պատասխանատուները փորձում են այն հնարավորինս անաղմուկ անել, իսկ գիտնականների շրջանում անպատասխան հարցեր եւ մտահոգություններ կան:

Գիտնականների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն՝ ծրագրի «կնքահայրը» գիտության կոմիտեն է, եւ այն իրականացվում է դրամաշնորհով: Իր հերթին գիտկոմը «Հետքի» հարցմանն ի պատասխան նշել է, թե կենտրոնների ստեղծման գաղափարը նոր չէ, եւ որ դրա վերաբերյալ կետեր կան գիտության ոլորտի զարգացման ինչպես 2017-2020 թթ․, այնպես էլ 2011-2017 թթ. ռազմավարական ծրագրերում: Ըստ գիտկոմի՝ այլ հարց է, որ գաղափարի իրականացման համար առաջին անգամ նախատեսվել են որոշակի ֆինանսական միջոցներ:

«Գաղափարը հիմնված է այն փաստական բազայի վրա, որ ՀՀ-ում ներկայումս պետական բազային ֆինանսավորում ստացող 57 գիտական կազմակերպություններից 48-ում գիտական աշխատողների թիվը փոքր է 100-ից, իսկ 30-ում՝ 50-ից: Սրան զուգահեռ՝ գիտական կազմակերպությունների շենք-շինությունները մեծ մասամբ հնամաշ են եւ երկար տարիներ չվերանորոգված, իսկ փորձարարական հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների մի մասի դեպքում չկան նաեւ լաբորատոր ժամանակակից ենթակառուցվածքներ: Նման մասնատվածությունը հանգեցնում է գիտական աշխատանքային քննարկումների, բանավեճերի եւ քննադատության անհնարինության, ինչն անդրադառնում է հետազոտությունների որակի վրա՝ պատճառ դառնալով դրանց մեկուսացման եւ աստիճանական գավառականացման: Սա պատճառ է դառնում գիտական արդյունքի քանակական եւ որակական ցուցանիշների թույլ դինամիկայի՝ համեմատած տարածաշրջանի եւ այլ համեմատելի պետությունների հետ»։

Գիտության կոմիտե

Ի՞նչ են նոր կենտրոնները

Գիտության կոմիտեի փոխանցմամբ՝ նոր կենտրոնների ստեղծման գաղափարը ներառված է կառավարության 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրում: Ընդ որում՝ այն վերաբերում է ոչ միայն ակադեմիական, այլեւ Հայաստանի բոլոր գիտական կազմակերպություններին:

Ծրագրի էությունն է՝ մասնագիտություններով մոտ գիտահետազոտական ինստիտուտները միավորել խոշոր կենտրոնների մեջ, որոնց համար ժամանակակից եւ հագեցած միջավայրում ստեղծվելու է մրցունակ գիտությամբ զբաղվելու հնարավորություն:

Միավորման արդյունքում ակնկալվում է ունենալ՝

  • կենտրոնների արդյունավետ կառավարում,
  • գրավիչ եւ տեխնիկապես հագեցած միջավայր՝ համաշխարհային մակարդակի եւ նշանակության հետազոտությունների իրականացման համար,
  • գրավիչ ենթակառուցվածքներ՝ միջազգային համագործակցության եւ նոր կադրերի ներհոսքի համար,
  • նախնական հնարավորություններ՝ գիտատար սկսնակ ձեռնարկությունների ստեղծման համար,
  • մասնագիտությանն առնչվող խոշոր սարքավորումների համատեղ օգտագործման կենտրոնների ստեղծում:

Ֆինանսավորումը կլինի ՀՀ պետբյուջեից ու ԵՄ-ից

Գիտկոմի փոխանցմամբ՝ գիտական կենտրոնների ստեղծման ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է պետական բյուջեից՝ տարբեր միջոցառումներով: Ահա դրանցից մի քանիսը։

Ինստիտուտների միավորում
Infogram

Կոմիտեն հավելում է, որ ծրագրի իրականացման համար ակնկալվում է նաեւ ԵՄ որոշակի աջակցություն, ինչի պարագայում, կախված դրամաշնորհների ծավալից, էապես կարող է արագանալ գործընթացը:

Ծրագրի տեւողությունը 5 տարի է՝ 2021-2026 թթ․: Ըստ այդմ՝ 2023-ից նախատեսվում է տարեկան ունենալ 1-2 միավորված կենտրոն: «Կենտրոնների ստեղծման ծրագրի իրական տեւողությունը կախված կլինի ծրագրի առաջին փուլերի հաջողությունից, կատարվելիք բարեփոխումների նկատմամբ գիտական համայնքի վստահության աստիճանից եւ հավելյալ դրամական միջոցներից»,- տեղեկացնում է գիտության կոմիտեն: Իսկ կենտրոնների կառուցվածքն ու ստեղծման ժամանակացույցը, ըստ գիտկոմի, դեռեւս մշակման փուլում են։

Հարցին, թե ինչ է լինելու ծրագրի ավարտից հետո, գիտկոմը պատասխանել է. «Ծրագիրն իրենից ներկայացնում է գիտական կազմակերպությունների կառուցվածքի, մենեջմենթի, որոշ դեպքերում՝ շենքագույքային պայմանների փոփոխություն, ինչը կրելու է մշտական/հիմնական բնույթ»։

Դիտարկմանը, թե գիտնականները մտավախություններ ունեն առ այն, որ այս ծրագիրն, ըստ էության, օպտիմալացում է նշանակում կամ արդյունքում դրան է հանգեցնելու, գիտկոմն արձագանքել է, թե «օպտիմալացում հասկացությունն ինքնին բացասական հնչեղություն չպետք է ունենա, դրա իմաստը եղած ռեսուրսի առավել արդյունավետ կառավարումն ու օգտագործումն է: Այս իմաստով ծրագրի իրականացումը, ինչպես բազմիցս նշվել է, միտված է գիտական գործունեության արդյունավետության բարձրացմանը: Գիտական կենտրոնների ստեղծման ծրագիրը վերը նկարագրված բոլոր կետերով վերաբերում է գիտական ենթակառուցվածքների օգտագործման արդյունավետության բարձրացմանը, գիտական աշխատանքի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը եւ գիտաշխատողների գործունեության վրա ունենալու է բացառապես դրական ազդեցություն»:

Գիտկոմի փոխանցմամբ՝ 2021-ի տարեվերջին պետական ֆինանսավորում ստացող գիտական բոլոր կազմակերպություններում իրականացվել է գիտական համակազմի ատեստավորում: Համաձայն դրա՝ կազմակերպությունները ստանձնել են որոշակի պատասխանատվություն եւ պարտավորություն գիտական գործունեության արդյունքների քանակի եւ որակի առումով: Ներկայում շրջանառության մեջ է կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը եւ գնահատման չափանիշները հաստատելու մասին ՀՀ կառավարության նոր որոշման նախագիծը, որի համաձայն՝ իրականացվելու է գիտական աշխատողների ատեստավորման հաջորդ շրջափուլը: «Նոր կարգավորմամբ սահմանված պահանջները բավական մրցակցային են, եւ դրանց հասնելու համար անհրաժեշտ է լինելու ունենալ բարենպաստ պայմաններ, որոնց ստեղծմանն էլ ուղղված է քննարկվող ծրագիրը»,- ասված է գիտկոմի պատասխանում:

9 գիտահետազոտական, գիտաարտադրական կենտրոն՝ 5 տարվա ընթացքում

ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը «Հետքի» հարցմանն ուղարկած պատասխանում նշել է, որ մշակված մոդելի համաձայն՝ ԳԱԱ համակարգում առաջիկա 5 տարում ինստիտուտների միավորման կամ դրանց մեջ մասնագիտությունների վերադասավորման միջոցով ստեղծվելու է 9 գիտահետազոտական, գիտաարտադրական կենտրոն: Ակադեմիական շուրջ 30 ինստիտուտների փոխարեն կլինեն 20-ը։ Ըստ ԳԱԱ նախագահի՝ գործընթացը կավարտվի մինչեւ 2027 թ․։

Աշոտ Սաղյանի տեղեկացմամբ՝ ամեն տարի ստեղծվելու է 2-3 կենտրոն: Դեռ որոշված չէ, թե միավորումն ինչ հերթականությամբ է կատարվելու, բայց արդեն այս տարի նախատեսված է երկու կենտրոնի ստեղծում: Դրանց համար պետբյուջեով արդեն գումար է նախատեսված, սակայն ակադեմիայի նախագահը դժվարացել է նշել, թե միավորվող որ ինստիտուտների մասին է խոսքը: Ինչպես տեսնում ենք, ԳԱԱ նախագահի եւ գիտկոմի պատասխաններում որոշակի տարբերություններ կան միավորման գործընթացի ժամկետների, տարեկան միավորվող ինստիտուտների քանակի վերաբերյալ։

Ակադեմիկոս Սաղյանն ասում է, որ այցելել են ակադեմիայի համակարգի բոլոր իննստիտուտները՝ հանգամանալից հետազոտելով, ծանոթանալով դրանց վիճակին, նյութատեխնիկական բազային, գիտական ներուժին եւ լավ պատկերացում ունեն ինստիտուտների այսօրվա վիճակի վերաբերյալ: ԳԱԱ նախագահի խոսքով՝ կան ինստիտուտներ, որոնք գտնվում են բավականին լավ վիճակում, կան ինստիտուտներ, որտեղ բարեփոխումներն սկսված են եւ ինստիտուտներ կան, որտեղ որեւէ բան արված չէ:

Ուժեղ եւ թույլ ինստիտուտները կմիավորվեն

ԳԱԱ ղեկավարն ասում է, որ ինստիտուտների միավորումն իրականացնելու են այն սկզբունքով, որ նախ դրանք բովանդակային, մասնագիտորեն մոտ լինեն, բացի դրանից՝ ձգտում են իրականացնել այն տարբերակով, որ ստեղծված կենտրոնում ներառվեն առաջատար եւ համապատասխանաբար ավելի թույլ, ոչ բարվոք վիճակում գտնվող ինստիտուտները, որպեսզի «մեկը մյուսին ձգի, ընդհանուր ուժերով փորձեն առաջ գնալ»։

«Այստեղ ձգտում ենք հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ ստեղծվող կենտրոնում, եթե հնարավոր է (իհարկե, ոչ բոլոր դեպքերում կստացվի), լինեն գիտահետազոտական եւ գիտաարտադրական հիմնարկություններ: Ձգտում ենք այնպես անել, որ այդ կենտրոններում լինի եւ՛ գիտական, եւ՛ արտադրական բաղադրիչը: Հետագայում նպատակ ունենք ներառել նաեւ կրթական բաղադրիչը, այսինքն՝ կենտրոններում լինի կրթություն, գիտություն, արտադրություն՝ իրար համակցված»,- ասում է ԳԱԱ նախագահը:

Միավորումների մոդելը ներկայացված է ԳԱԱ բոլոր բաժանմունքներում: Քննարկումները դեռեւս ինստիտուտների տնօրենների հետ են, հետո կլինեն նաեւ աշխատակիցների հետ: Աշոտ Սաղյանն ասում է՝ սուբյեկտիվ որոշ գործոններ կան: «Որոշ տնօրեններ հասկանում են, որ կորցնելու են տնօրենի պաշտոնը, մենք դրա մասին դեռ չենք խոսում, որոշակի դիմադրություն են ցուցաբերում, բայց ամեն դեպքում որոշումները պետք է իրականացվեն»,- նկատում է ակադեմիկոս Սաղյանը:

«Հասարակությունն է մեզնից պահանջում բարեփոխումներ»

«Որ այս բարեփոխումները պետք են, բոլորը պետք է հասկանան: Հասարակությունն է մեզնից պահանջում բարեփոխումներ: Պետք է ճիշտ ընկալենք, որ վերջին տարիներին լուրջ բարեփոխումներ չեն կատարվել ԳԱԱ համակարգում, եւ դրանք այսօր պահանջված են: Դա մեզանից պահանջում է եւ՛ երկրի ղեկավարությունը, եւ՛ հասարակությունը, դա հասկանում է եւ գիտական աշխարհը։ Պետք է կատարենք գիտության, տեխնիկայի, գիտատեխնիկական առաջընթացի այսօրվա պահանջներին համահունչ՝ հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները»,- ասում է ակադեմիայի ղեկավարն ու ավելացնում է, որ ամեն դեպքում երբեմն պետք է ցուցաբերեն սուբյեկտիվ մոտեցումներ՝ հաշվի առնելով տվյալ ինստիտուտի ներուժը, առկա սարքավորումների բազան եւ այլն:

«Տրամադրված ենք, հետադարձ ճանապարհ չկա: Սպասում ենք «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի հաստատմանը: Դրա 26-րդ հոդվածի առաջին կետում նշված է, որ ԳԱԱ-ն իր կազմում պարունակում է ինստիտուտներ, հետեւաբար, եթե այդպես է, ուրեմն մենք պատասխանատու ենք այդ բարեփոխումների համար, եթե հանկարծ, Աստված չանի, այդ կետը դուրս մղվեց, այդ դեպքում թող զբաղվեն այլ կառույցներ, բայց մտածում եմ՝ մարդիկ խոհեմ կգտնվեն, նկատի ունեմ՝ ղեկավարությունը, եւ չեն շեղվի այն ճիշտ ճանապարհից, որը մենք տանում ենք առաջ»,- ասում է Աշոտ Սաղյանը:

Ֆինանսավորման մասին հարցին ակադեմիան պատասխան չունի

ԳԱԱ ղեկավարին հարցրել էինք, թե միավորման գործընթացն ում կողմից է ֆինանսավորվելու, եւ որքան է ծրագրի ընդհանուր արժեքը: Այս հարցին Սաղյանը պատասխանել է, որ հստակ չի կարող ասել, նման հարցերով զբաղվում է գիտության կոմիտեն: Նաեւ հավելել է, որ ցանկացած փոփոխություն, բարեփոխում կատարվում է գիտկոմի հետ համաձայնեցված: «Այդպես էլ պետք է լինի, ակադեմիան մեր երկրի, մեր ժողովրդի ակադեմիան է, ինստիտուտները մեր պետությանն են, եւ մենք բոլորս մեկ նպատակ ենք հետապնդում՝ իրականացնել ճիշտ, բովանդակային բարեփոխումներ, որպեսզի 5 տարի հետո ունենանք այն ակադեմիան, որն այսօր երազում ենք, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին»,- ասում է ակադեմիայի ղեկավարը։

«Քանի որ ես էլ եմ մասնակցել կառավարությունում գիտության բարեփոխումների ծրագրի քննարկմանը, մոտավորապես այսպես է՝ ինստիտուտները միավորվելու ընթացքում բյուջեի 30 տոկոսի չափով յուրաքանչյուր տարի (5 տարվա կտրվածքով) հատկացվելու է տվյալ նորաստեղծ կենտրոնին: Խոսքը բազային ֆինանսավորման մասին է: Այսինքն՝ եթե 2-3 ինստիտուտների միավորման արդյունքում գումարային բազային բյուջեն N գումար է, դրա 30 տոկոսի չափով տրամադրվելու է: Դա բավականին գումար է, եւ մեր հաշվարկով՝ դա հնարավորություն կտա, որպեսզի վերանորոգեն ինստիտուտները: Այսօր կան ինստիտուտներ, որտեղ սովետմիությունից հետո գրեթե ոչ մի բան արված չէ, ջեռուցում չունեն, ջրահեռացման, ջրամատակարարման գծերը պիտի փոխվեն, տանիքները, պետք է վերանորոգվեն, եւ ամենակարեւորը՝ կամաց-կամաց 1950-1960-ականների սարքավորումները փոխվեն ժամանակակիցներով: Ցավոք, այդպիսի մի քանի ինստիտուտներ ունենք, բայց հիմնականում ինստիտուտներում մասնակի կատարվել են այդ փոփոխությունները՝ մասնակի ջեռուցում, մասնակի վերանորոգում, տարբեր միջազգային, ինչպես նաեւ գիտկոմի ծրագրերի շնորհիվ սարքավորումներ են ձեռք բերվել»,- մանրամասնում է Աշոտ Սաղյանը:

ՀԳ․ Հաջորդ հրապարակմամբ կներկայացնենք այն ինստիտուտների դիրքորոշումները, որոնք, ըստ գիտական շրջանակներից ստացած տեղեկատվության, առաջիկայում միավորվելու են։ Նշենք, որ դրանցից մեկը կտրականապես դեմ է միավորվելուն, եւ մեզ հետ զրույցում այդտեղից հայտնել են, որ «կդիմադրեն մինչեւ վերջ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter