HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նոր սոցիալական երաշխիքներ՝ բռնադատվածների համար. Ալեն Սիմոնյանի նախագիծը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը «Բռնադատվածի և բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների և սոցիալական պաշտպանության մասին» օրենսդրական նախաձեռնություն են շրջանառության մեջ դրել: Վերջինիս նպատակն է ինչպես խորհրդային կարգերի ժամանակաշրջանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո քաղաքական հայացքների համար բռնաճնշումների դատապարտումը, բռնադատված անձանց իրավունքների վերականգնումը և նրանց բարոյական ու սոցիալական աջակցություն ցուցաբերումը:

Օրենքի նախագծում ներառվել են նաև այն արտոնությունները (բուժօգնություն, տրանսպորտային սպասարկում), որոնք այսօր ամրագրված են միայն կառավարության որոշումներով:

Նոր օրենքի հեղինակման համար պատճառ է հանդիսացել այն, որ փոփոխությունների արդյունքում առավել իրատեսական և առարկայական կդառնան բռնադատվածների սոցիալական պաշտպանությանն ուղղված օրենքի դրույթները, ավելացվել են արդարացման կարգի, իրավունքների վերականգնման մասին դրույթներ, ինչպես նաև բռնադատվածների համար սահմանվել է տարբերակված ամենամսյա դրամական աջակցություն:

Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց առաջարկվում է տրամադրել ամենամսյա դրամական աջակցություն հետևյալ չափերով`

  • քրեական պատասխանատվության ենթարկված այն անձինք, ովքեր կրել են ազատազրկման հետ չկապված պատիժ կամ նշանակված ազատազկումը պայմանականորեն չի կիրառվել` սահմանված նվազագույն կենսաթոշակի չափով,
  • մինչև երկու տարի ազատազրկման դատապարտված լինելու դեպքում` հանրապետությունում սահմանված նվազագույն կենսաթոշակի եռապատիկի չափով,
  • երկուսից չորս տարի ազատազրկման դատապարտված լինելու դեպքում` սահմանված նվազագույն կենսաթոշակի ութապատիկի չափով,
  • չորս տարուց ավելի ազատազրկման դատապարտված լինելու դեպքում` սահմանված նվազագույն կենսաթոշակի տասներկուսապատիկի չափով:

Ներկայումս Հայաստանում բնակվում է բռնադատվածի կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող շուրջ 1000 մարդ, որոնք արդեն 80-90 տարեկան են:

Նախագծում նշվում է, որ բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր տրամադրելու ընթացքում առաջացել էին բազմաթիվ խնդիրներ, 2019 թ. հունվարի 1-ի դրությամբ` 2002-2012 թթ. ընթացում վարկեր ստացած 303 վարկառուից իրենց վարկը մարել կարողացել էին միայն 19-ը, ուստի կառավարությունը 2019 թ. մայիսի 2-ի N 485-Ա որոշմամբ ներել է բռնադատվածների վարկային պարտավորությունները՝ դրանք ձևակերպելով որպես պետական աջակցություն:

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: Այն քննարկվել է «Հուշամատյան» իրավապաշտպան և այլ շահագրգիռ պետական և հասարակական կազմակերպությունների հետ:

Նշենք, որ նույն նախագիծը շրջանառության մեջ էր դրվել նաև 2019 թվականին, սակայն այն չէր հայտնվել խորհրդարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter