HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Իշխան Սաղաթելյանը Հանրայինին ուշքի գալու կոչ արեց

«Դիմադրություն» շարժման անդամներն այսօր 4 ուղղություններով՝ Գայի պողոտայից, Րաֆֆու փողոցից, 15-րդ թաղամասից և Սասունցի Դավթի արձանի մոտից սկսել են իրենց երթերը՝ մայրաքաղաքում փողոցներ փակելով: Խմբերը շարժվել են դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ երեկոյան նախատեսված էր հանրահավաք։

«Խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում՝ Ոստիկանությունը ապօրինի և անհամաչափ ուժի կիրառմամաբ բերման է ենթարկել 100-ից ավելի ակցիայի մասնակիցների։ Բերման ենթարկված մեր քաղաքացիների գործը շարունակում են երթերին անդադար միացող մեր արժանապատիվ քաղաքացիները։ Մենք երեկ հայտարարել ենք, որ երկիրը չի գործելու իր բնականոն հունով այնքան ժամանակ, քանի Նիկոլ Փաշինյանը չի ներկայացրել հրաժարական»,- ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից երեքը ձերբակալվել են։ 

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածել նրանց: 

Նախաքննությամբ պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից երեքի ինքնությունը. նրանցից մեկը Արագածոտնի մարզի՝ 1991թ. ծնված բնակիչ Գոռ Սարգսյանն է, մյուսը՝ Երևան քաղաքի 1999թ. ծնված բնակիչ Տարոն Մանուկյանը, իսկ երրորդը՝ Արարատի մարզի բնակիչ, 1990թ. ծնված Արսեն Մարտոյանն է:

Նշենք, որ Տարոն Մանուկյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է։

Իշխան Սաղաթելյանն, անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցածին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում և անձամբ ներողություն խնդրում այս օրերին տեղի ունեցած ցանկացած միջադեպի համար, որն անգամ փոքր անհարմարություն է պատճառել մեր հայրենակիցներից որևէ մեկին։

Գյուրմրիի դեպքերի առիթով միայն հարկ եմ համարում արձանագրել, որ միջադեպն արձանագրվել է իշխանության կազմակերպած սադրանքի և ՀՀ ոստիկանության հանցավոր անգործության արդյունքում։ Ի դեպ, չնայած այսօր վաղ առավոտյան Ոստիկանության կազմակերպած դիմակավորված շոուին, միջադեպի մասնակից երիտասարդներն ինքնակամ ներկայացել են ոստիկանական բաժանմունքներ, որովետև նրանք հայի արժանապատիվ տեսակն են»։

Արդեն Ֆրանսիայի հրապարկում հանրահավաքի ժամանակ ակցիայի մասնակիցները դիտել են ձերբակալված Գոռ Սարգսյանի տեսաուղերձը, որտեղ նա հայտնում էր սադրանքի մասին՝ նշելով, որ ձվերով հարվածել են իրենց մեքենաներին, թքել մեքենաների մեջ և հայհոյել։

«Դատապարտում ենք ցանկացած բռնություն։ Մի՛ տրվեք սադրանքների։ Սա մարտի 1 կազմակերպած, հղի կնոջը սպանած, պատերազմում մեր երկրին պարտություն բերած, հայրենիք հանձնած իշխանության ձեռագիրն է։ Առաջին իսկ օրվանից հայտարարել ենք, որ սա իրական համերաշխության շարժում է, մեր պայքարը բոլորի համար է։ Մենք, բացի Նիկոլից ու իր նեղ խմբակից, մեր ժողովրդի մեջ թուրքեր չենք փնտրում։ Մեզ չհասկացողներներն էլ մեր քույրերն ու եղբայրներն են»,- հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառանալով Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությանը, որտեղ նշված էր, որ Տավուշի 7 գյուղերը և Տիգրանաշենը Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձնի սահմանազատման գործընթացի պահանջին համապատասխան՝ ԱԺ փոխխոսնակն ասել է․

«Ադրբեջանն ասում է՝ օրվա իշխանության հետ կա պայմանավորվածություն այդ հողերը վերադարձնելու համար, մենք պայքարում ենք հենց դա կանխելու համար։ Սա այլևս Արցախի հարց չէ, սա գոյաբանական հարց է, սա վանաձորցու, գյումրեցու, սյունեցու հարց չէ, սա հայ ժողովրդի անվտանգության հարց է, հետևաբար, Նիկոլի և Ալիևի ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է»։

Սաղաթելյանը խոսքը հղել է Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներին․

«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձն այլևս չի կարող ներկայացնել հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը։

Հայաստանում ստեղծված է քաղաքական ճգնաժամ, և տեղի ունեցող զարգացումները ձևավորել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և հեռացման համաժողովրդական միանշանակ պահանջ։ Այս պահանջը հիմնավորված է և թելադրված Հայաստանի անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, ժողովրդավարական արժեքների, ազգային ինքնության պահպանման հույժ կարևոր օրակարգերն ամբողջությամբ այդ մարդու կողմից ձախողելու պատճառով։

Խնդրում ենք վերոշարադրյալի մասին հայտնել Ձեր մայրաքաղաքներ, կենտրոնական գրասենյակներ, ինչպես նաև հաշվի առնել Ձեր առօրյա աշխատանքում։ Նիկոլ Փաշինյանը այլևս չի կարող ներկայացնել հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը»։

Պատգամավորը, դիմելով Հանրային հեռուստաընկերությանն, ասել է․ «Այն, ինչ անում է Հանրային հեռուստաընկերությունը այս օրերին, մի հեռուստաընկերություն, որը սնվում է մեր հայրենակիցների հարկերից, մեղմ ասած, ստորություն է։ Հանրային հեռուստաընկերությունը դարձել է Նիկոլի սելֆիի ձողը կամ «Հայկական ժամանակ»-ի կցորդը։ Խելքի եկեք, մի դարձեք այդ ուսապարկերի կամակատարը, քոմենթների մեկնաբանողը, իրականում ներկայացրեք այն, ինչ մեր երկրում գոյություն ունի։ Հասկանում ենք ձեզ, ձեր աշխատավարձերի չափը, բայց իմացեք, որ սնվում եք ժողովրդի գրպանից, ու կոչ ենք անում՝ խելքի եկեք, ուշքի եկեք»։

Խոսելով վաղվա ծրագրեց՝ Սաղաթելյանը նշել է, որ վաղը ժամը 12։00-ից տարբեր ուղղություններով տեղի կունենան ավտոերթեր։

«Բարձր երաժշտությամբ, Երևանում Արցախի դրոշներով ամեն մեկդ կազմակերպեք 2-3 մեքենայով ավտոերթ։ Ամբոջ քաղաքը պետք է ողողենք Արցախի դրոշով, եռագույով։ Զուգահեռ պետք է շարունակենք անհնազանդության ակցիաները։ 16։00-ին հավաքվում ենք այս հրապարակում, կարևոր գործ ունենք անելու»,- եզրափակել է ԱԺ փոխխոսնակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter