HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն այցելել է Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնություն

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Նիդերլանդների Թագավորություն: Վարչապետը մայիսի 11-ին Հաագայում այցելել է Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել տեղի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության տնօրեն Ինգրիդ Թիյսենը նշել է, որ տեղի գործարարների շրջանում առկա է Հայաստանի հետ համագործակցության հետաքրքրվածություն և շահագրգռվածություն, ուստի իրենք պատրաստ են քննարկել ՀՀ-ում տարբեր ոլորտներում ներդրումների իրականացման հնարավորությունները, ծանոթանալ բիզնեսի համար ստեղծված պայմաններին: 

Ինչպես ասվում է կառավարության հաղորդագրությունում, Փաշինյանը նշել է, որ ուրախ է Հաագայում աշխատանքային օրը սկսել գործարարների հանդիպումով և նիդերլանդական բիզնեսին ներկայացնել Հայաստանի տնտեսական հնարավորություններն ու գրավչությունը՝ նաև ներկայիս մարտահրավերների լույսի ներքո։ 

Վարչապետը ներդրումների ներգրավման համատեքստում կարևորել է տարածաշրջանային կայությունը և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է դրանում:

Անդրադառնալով ՀՀ-ում կապիտալ ներդրումներին` վարչապետը խոսել է Հյուսիս- հարավ ճանապարհաշինական խոշորածավալ ծրագրի մասին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է համագործակցությունը նաև գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, արդյունաբերության ոլորտներում: Վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է ժամանակակից գյուղատնտեսության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում իրականացվող ծրագրերին և հավելել, որ այս ուղղությունները կառավարության համար ունեն ռազմավարական նշանակություն: Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև համագործակցությունը զբոսաշրջության, այդ թվում` գաստրոտուրիզմի ոլորտում, որտեղ ևս առկա են լայն հնարավորություններ:

Հանդիպմանը վարչապետ Փաշինյանը, ինչպես նաև ՀՀ կառավարական պատվիրակության անդամները պատասխանել են գործարարների տարբեր հարցերի, որոնք առնչվել են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին և հեռանկարներին: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել փոխշահավետ ծրագրերն ու նախագծերը և իր գործիքակազմերի շրջանակում օժանդակել դրանց արդյունավետ կյանքի կոչմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter