HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆինլանդիայի նախագահը և վարչապետն իրենց աջակցությունն են հայտնել ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշմանը

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն և վարչապետ Սանա Մարին համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ իրենց աջակցությունն են հայտնել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտնի ներկայացմանը։ Այդ մասին նշվում է այդ երկրի նախագահի պաշտոնական կայքում տարածված հայտարարության մեջ։

«ՆԱՏՕ-ին անդամակցությունը կամրապնդի Ֆինլանդիայի անվտանգությունը։ Դառնալով ՆԱՏՕ-ի անդամ՝ Ֆինլանդիան կամրապնդի ողջ պաշտպանական դաշինքը։ Ֆինլանդիան պետք է անհապաղ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնի։ Մենք հույս ունենք, որ ազգային մակարդակով քայլերը, որոնք անհրաժեշտ են այդ որոշմանը հասնելու համար, առաջիկա օրերին արագ կձեռնարկվեն»,- նշվում է Նինիստոյի և Մարինի համատեղ հայտարարության մեջ։

Ապրիլի վերջին Iltalehti-ն և Expressen-ը հայտնել էին, որ Շվեդիան և Ֆինլանդիան մտադիր էին միաժամանակ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնել։ Նրանց տվյալներով՝ դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն կժամաներ Ստոկհոլմ (մայիսի 17-18)։ Նինիստոն կարծիք էր հայտնել, որ այդ ժամանակ Ֆինլանդիան և Շվեդիան արդեն հստակ կհասկանան ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ իրենց դիրքորոշումը։

Նախօրեին էլ «Հետք»-ը, հղում անելով ֆիննական խոշորագույն Helsingin Sanomat թերթին, գրել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան արդեն հաջորդ շաբաթ կարող են միասին ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնել: Ինչպես հայտնում էր Helsingin Sanomat-ը, անդամակցության հայտի համատեղ դիմումը դիտարկվում է որպես երկրների միջև համաձայնության նշան և ցանկություն՝ պաշտպանելու միմյանց։ Բացի այդ, դա կդառնա նաև կարևոր մեդիա իրադարձություն։ 

Երեկ Ֆինլանդիան և Մեծ Բրիտանիան ստորագրել էին փոխօգնության վերաբերյալ հռչակագիրը, ինչը հնարավորություն կտա, ցանկացած պարագայում, միմյանց օգնություն տրամադրել, այդ թվում նաև ռազմական։

Ավելի վաղ, ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր անդամակցությունը մեկնաբանել էր նաև ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքին այդ երկրների անդամակցության պարագայում, «Ռուսաստանը կունենա ավելի մեծ թվով պաշտոնապես գրանցված հակառակորդներ»։

Չեզոք կարգավիճակ ունեցող Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ակտիվորեն սկսեց քննարկվել և քաղաքական օրակարգ մտավ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Ավելի վաղ նշվում էր, որ այդ երկրները հնարավոր է անդամակցության հայտ ներկայացնեն ամռանը։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter