HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բանկերի շահույթն առաջին եռամսյակում 58.6%-ով աճել է 

2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի 17 բանկերը միասին 30.8 մլրդ դրամի շահույթ են ապահովել։ Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ բանկերի շահույթն աճել է 11.4 մլրդ դրամով կամ 58.6%-ով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։

«Շահույթի առկայությունը խոսում է ցանկացած համակարգի, այսպես ասած, առողջության մասին։ Երբ բանկային մի շարք ցուցանիշներ աճում են, կապիտալն է մեծանում, գործարքների ծավալն է ավելանում, բնականաբար, շահույթը բացարձակ թվով մեծանում է»,- բացատրում է միության գործադիր տնօրենը։

Առաջին եռայսակում բանկերը մի շարք ցուցանիշների գծով աճ են գրանցել, ինչպես՝ ակտիվների, կապիտալի, վարկերի ու շահույթի։ Որոշ ուղղություններով էլ անկում կա, օրինակ՝ ավանդների։ 

Ակտիվներն աճել են 1.4%-ով, կապիտալը՝ 15.4%-ով

2022 թվականի առաջին եռամսյակի վերջում գրանցված տվյալներով՝ բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է շուրջ 1.1 տրլն դրամ, որը 2021 թվականի տարեվերջի համեմատ աճել է 147 մլրդ դրամով կամ 15.4%-ով։

Միևնույն ժամանակ, ակտիվներն ավելացել են 97 մլրդ դրամով կամ 1.4%-ով՝ կազմելով մոտ 7.2 տրլն  դրամ։ 

Վարկերի ծավալն աճել է 3.1%-ով

Հայաստանի 17 բանկերում այս տարվա առաջին կիսամյակի վերջի դրությամբ գործող վարկերի ծավալը կազմել է մոտ 4.1 տրլն դրամ։ Երեք ամսվա ընթացքում վարկային պորտֆելն աճել է 123 մլրդ դրամով կամ 3.1%-ով։

Ինչպես երևում է, 2021 թվականին գրանցված անկումից հետո վարկերի ծավալը սկսել է աճել։ Հայաստանում տնային տնտեսությունների եկամուտների նվազումն ու բանկերի զգուշավորությունը հանգեցրել են վարկերի ծավալների կրճատման:  

Այս տարվա առաջին եռամսյակում վարկատեսակներից մեծ մասի գծով աճ է գրանցվել։ Ամենամեծ տեմպով շարունակում են աճել հիփոթեքային վարկերը, որի պարագայում էական դեր են խաղում եկամտային հարկի վերադարձի ծրագրի սպասվող փոփոխությունները: Կառավարությունը ծրագրել է աստիճանաբար Երևանում դադարեցնել այդ ծրագիրը, կառուցապատողները շտապում են ավելի արագ տեմպով ավարտել իրենց աշխատանքները, քաղաքացիներն էլ՝ օգտվել ծրագրից: Սա հանգեցրել է հիփոթեքային վարկերի աճին:

«Եթե վարկային պորտֆելի ցուցանիշը դիտարկենք տարբեր տարիների համեմատության մեջ, ապա կտեսնենք, որ մասնավորապես 2014-2015թթ․ միջազգային ճգնաժամով պայմանավորված՝ այս ցուցանիշի մասով 2015 թվականին ունեցել ենք նվազում։ Այնուհետև հաջորդող տարիներին աճի տեմպը սկսեց վերականգնվել։ 2021 թվականին բոլորիս հայտնի պատճառներով վարկային ներդրումները նվազեցին, սակայն արդեն այս տարվա առաջին եռամսյակի տվյալները թույլ են տալիս ասելու, որ գրանցված աճը բեկումնային կլինի և խթան կհանդիսանա հետագա շարունակական աճի համար։ Եվս մեկ կարևոր հանգամանք՝ եթե 2021 թվականի տարեվերջին աճը միայն հիպոթեքային, շինարարության և գյուղատնտեսության վարկավորման ուղղություններով էր, ապա ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի մասով վարկավորման ծավալներն աճել են»,- նշում է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենը։

Ավանդները կրճատվել են 1%-ով

2022 թվականի վերջի դրությամբ Հայաստանի բանկերում ավանդների ծավալը կազմել է մոտ 4 տրլն դրամ։ Երեք ամսում այն կրճատվել է 42 մլրդ դրամով կամ 1%-ով։ 

Ավանդների նվազումը պայմանավորված է ոչ ռեզիդենտների ավանդների կրճատմամբ։ Դրանք կազմել են 825 մլրդ դրամ՝ կրճատվելով 55 մլրդ դրամով կամ 6.3%-ով։

«Սա սպասելի էր, որովհետև արտարժույթի, այս աշխարհաքաղաքական իրավիճակում, բնականաբար, որոշ միջոցներ վերադառնում են այն երկրներ, որտեղից եկել էին»,- նշում է Սեյրան Սարգսյանը։

Իսկ ռեզիդենտների պարագայում փոքր-ինչ դրական դինամիկա է նկատվել։ Աճը կազմել է 0.4% կամ 13 մլրդ դրամ:

Հարկ է նկատել, որ արտարժութային և դրամով ավանդների ծավալները՝ դրամով արտահայտված, հավասարվել են։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter