HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Զգուշավորություն, եկամուտների անկում. բանկերը սկսել են ավելի քիչ վարկ տալ՝ բացառությամբ հիփոթեքի ու շինարարականի

Հայաստանում տնային տնտեսությունների եկամուտների նվազումն ու բանկերի զգուշավորությունը հանգեցրել են վարկերի ծավալների կրճատման: Անկում է գրանցվում գրեթե բոլոր վարկային պորտֆելների գծով՝ բացառությամբ շինարարական ու հիփոթեքային, որոնք սրընթաց աճում են: Այստեղ էլ էական դեր են խաղում եկամտային հարկի վերադարձի ծրագրի սպասվող փոփոխությունները:

2021 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում գործող բանկերի կողմից ռեզիդենտներին տրվող վարկերի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 3 տրլն 500 մլրդ դրամ (չի ներառում ֆինանսական և ապահովագրական գործունեությանը տրամադրված վարկերը): Տարեսկզբի համեմատ այն կրճատվել է 235 մլրդ դրամով կամ 6.3%-ով:

Այս ընթացքում զգալի աճել են հիփոթեքային և շինարարական վարկերի ծավալները: Մասնավորապես, հիփոթեքային վարկերն աճել են 22%-ով, շինարարության ոլորտին տրվող վարկերը՝ 20.8%-ով:

Հակառակ դրան՝ նվազում են սպառողական, արդյունաբերական, առևտրի ոլորտին տրվող ու մյուս վարկային պորտֆելները:

Օրինակ՝ սպառողական վարկերը, որոնք ամենամեծ տեսակարար կշիռն ունեն վարկային պորտֆելում (ընդհանուր վարկային պորտֆելի մոտ 24%-ը), տարեսկզբի համեմատ կրճատվել են 10.3%-ով:

Ընդ որում՝ նշված միտումները նկատվում են դեռևս 2020 թվականի կեսերից, սակայն առավել ակնհայտ են դարձել 2021 թվականից։

IDBank-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Սուրեն Մարգարյանը բանկային համակարգի վարկային պորտֆելի նվազումը պայմանավորում է մի շարք գործոններով՝ տնտեսության հեռանկարի անորոշություններ, բանկերի կողմից պահպանողական մոտեցումներ, տնային տնտեսությունների եկամուտների նվազում:

Երբ քաղաքացիների եկամուտները անկում են ապրում, նվազում է նաև նրանց վարկունակությունը, հետևաբար՝ բանկերը նրանց սկսում են ավելի քիչ վարկ տալ:

«Հայաստանը ներկայում գտնվում է քաղաքական և սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում: Տնտեսության հեռանկարի վերաբերյալ անորոշություններով պայմանավորված՝ բանկերի կողմից կիրառվել են վարկավորման առավել պահպանողական մոտեցումներ։ Սպառողական վարկային պորտֆելի աճի տեմպի կրճատումը սկսվել է դեռևս 2020 թվականից և խորացել 2021-ի ընթացքում՝ պայմանավորված տնային տնտեսությունների եկամուտների նվազմամբ, ինչպես նաև բանկերի կողմից առավել պահպանողական մոտեցումների կիրառմամբ»,- «Հետք»-ի հարցերին ի պատասխան նշում է Սուրեն Մարգարյանը:

Սպառողական վարկերի կրճատումն ավելի քան ուշագրավ է: Մինչև 2020 թվականը սպառողական վարկերի ծավալն աճում էր այնպիսի տեմպով, որ փորձագետները իրավիճակն արդեն մտահոգիչ էին համարում: Խնդիրն այն էր, որ սպառողական վարկերը, որոնք ոչ բիզնես վարկեր են և հիմնականում բնակչության առօրյա ու կենցաղային կարիքների համար են տրվում, սկսել էին աճել ավելի արագ, քան բնակչության եկամուտների աճն էր: Դա կարող էր հետագա տարիներին հանգեցնել վարկերը ժամանակին վճարելու և սպասարկելու խնդիրների: 2020 թվականի մարտից տարածված համավարակի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների պատճառով վարկերի վերադարձելիության խնդիրն ավելի սրվեց: Հետո բանկերը սկսեցին ավելի զգուշավոր դառնալ, ինչի հետևանքով սպառողական վարկերի աճը դանդաղեց և սկսեց անկում գրանցվել:

Այս տարվա ընթացքում տոկոսային առումով ամենամեծ կրճատումը արդյունաբերությանը տրվող վարկերի մասով է՝ 18.2% նվազում:

Վարկային պորտֆելների ծավալները ներկայացված են այս ինֆոգրաֆիկայում: 

Հարկ է նկատել, որ առանձին վերցրած բանկերի մոտ միտումները տարբեր են: Օրինակ՝ մի բանկի պարագայում կարող է հիփոթեքային վարկերն աճեն, մյուսի պարագայում՝ սպառողական, մեկ այլ բանկի պարագայում՝ երկուսն էլ աճեն կամ նվազեն: Չնայած դրան՝ իրավիճակը հասկանալու համար ընդհանուր ցուցանիշներն են հիմք ընդունվում: Հիշեցնենք, որ Հայաստանում գործում է 17 առևտրային բանկ:  

Ինֆոգրաֆիկայում ևս պարզ երևում է, որ հակառակ վարկային մյուս պորտֆելների՝ շինարարության ոլորտին տրվող և հիփոթեքային վարկերի ծավալները տեսանելի տեմպերով են աճում:

IDBank-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Սուրեն Մարգարյանը մեկնաբանում է, որ շինարարության ոլորտի ու հիփոթեքային վարկերը նույն արագությամբ չեն արձագանքել տնտեսական միջավայրի և սպասումների անբարենպաստ փոփոխություններին, ինչպես սպառողական, արդյունաբերական և այլ վարկերը, ինչը պայմանավորված է նաև նորակառույցներից հիփոթեքով գնվող բնակարանների համար եկամտային հարկի վերադարձի ծրագրով։

Ներկայում, երբ Կառավարությունը ծրագրում է աստիճանաբար Երևանում դադարեցնել այդ ծրագիրը, կառուցապատողները շտապում են ավելի արագ տեմպով ավարտել իրենց աշխատանքները, քաղաքացիներն էլ՝ օգտվել ծրագրից: Սա հանգեցրել է շինարարական ու հիփոթեքային վարկերի աճին:

Այլ խոսքով՝ բանկային համակարգի վարկավորման ու սպասումների վրա ազդում են նաև եկամտային հարկի վերադարձի ծրագրի սպասվող սահմանափակումները:

«Վերջինս ներդրման պահից ի վեր արդեն իսկ նպաստել էր թե ՛ շինարարության, թե՛ հիփոթեքային վարկերի ծավալի աճին, սակայն վաղ թե ուշ ինչ-որ պահից պետք է սահմանափակվեր, քանի որ անընդհատ աճող բեռ է պետության համար, և քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակը անհնարին է դարձնում դրա հետագա նույն տեմպերով իրագործումը։ Եկամտային հարկի ծրագրի փուլային դադարեցումը, կարծում ենք, սկզբնական փուլում կհանգեցնի առաջնային շուկայում անշարժ գույքի առուվաճառքի քանակի և հետևաբար նաև հիփոթեքային վարկավորման աճին, իսկ ծրագրի դադարեցման ուժի մեջ մտնելուց հետո տեղի կունենա պահանջարկի կրճատում՝ հանգեցնելով նաև վարկավորման ծավալների կրճատմանը»,- նշում է Սուրեն Մարգարյանը:

Հիշեցնենք, որ գործող ծրագրի համաձայն՝ եկամտային հարկ վճարող քաղաքացուն հնարավորություն է տրվում հետ ստանալ եկամտային հարկն ու այն ուղղել կառուցապատողից գնվող բնակարանի հիփոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն։

Տարիների ընթացքում ծրագրի շահառուների քանակը գնալով ընդլայնվել է, մեծացել է բյուջեից եկամտային հարկ վճարողներին վերադարձվող գումարների ծավալը: Կառավարությունը դեռևս 2019 թվականից պարբերաբար հայտարարում է, որ այս ծրագիրը «գլխացավանք է» դարձել բյուջեի համար:

Ըստ նոր նախագծի՝ եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում կարող է սահմանափակվել և աստիճանաբար հանվել մինչև 2025 թվականը: Այն կմնա միայն մարզերում: Նախագիծը ընդունվել է Կառավարության կողմից և դեռևս քննարկվում է Ազգային ժողովում: Փոփոխությունները օրենքի ուժ կստանան, եթե Ազգային ժողովը ևս ամբողջությամբ ընդունի դրանք: 

Հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի սպասվելիք փոփոխությունները իրարանցում են առաջացրել կառուցապատողների շրջանում:  

Այդ փոփոխությունները նաև բանկերի համար են ուշագրավ: Ակնհայտ է, որ վերջին 5-6 տարիներին եկամտային հարկի վերադարձի ծրագիրը լուրջ ազդեցություն է ունեցել կառուցապատման աշխուժացման և հիփոթեքային վարկերի աճի վրա: Եվ հիմա այս ծրագրի սահմանափակումը կարող է  նույնքան լուրջ բացասական ազդեցություն ունենալ այդ ոլորտների վրա։

Ըստ Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանի՝ այս տարվա ընթացքում անշարժ գույքի շուկայում կատարվող գործարքների դինամիկան վկայում է, որ շուկայում կա բարձր ակտիվություն, որն էլ անմիջապես արտահայտվում է շինարարական ու հիփոթեքային վարկավորման ոլորտում։ Իսկ մնացած վարկային պորտֆելների նվազումը ԿԲ-ն կանխատեսել է դեռևս նախորդ տարի։

«Բնականաբար, մենք գիտենք, որ այդտեղ կա ծրագիր (եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, հեղ.), որով էլ պայմանավորված է այդ ակտիվությունը։ Իսկ մնացած վարկային պորտֆելների դինամիկան մեր բազային սցենարի համաձայն է ընթանում։ Բնականաբար, մեծ շոկերից հետո բանկային համակարգը որոշակի զգուշավորություն է ցույց տալիս վարկ տրամադրելիս։ Մենք ավելի շատ զգուշավորություն էինք սպասում, բայց իրավիճակն ավելի դրական է ընթանում»,- նշում է Արմեն Նուրբեկյանը։

Գլխավոր լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter