HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Սաղաթելյանի խոսքով՝ փողոցներ փակելուց բացի՝ շրջափակելու են կառավարության շենքերը․ բողոքի ակցիաների 19-րդ օրը

Ընդդիմադիրներն իշխանությունների հեռացման պահանջով այսօր՝ մայիսի 13-ին, կրկին հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում, որտեղից էլ սկսել են իրենց երթը։ Հասնելով Հանրապետության հրապարակ՝ «Դիմադրություն» շարժման անդամները մի քանի րոպեով կանգ են առել կառավարության շենքի առջև։

«Ամեն օր այ սենց պատնեշների ու փշալարերի հետևից ես նայելու ժողովրդին, իմացի՛ր, որ քեզ հաշված օրեր են մնացել»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Այնուհետև ակցիայի մասնակիցները մոտեցել են կառավարության երրորդ մասնաշենքին և շրջափակել շենքի բոլոր մուտքերը՝ կոչ անելով նախարարությունների աշխատակիցներին միանալ իրենց:

«Մենք ներս մտնելու ցանկություն չունենք, մենք բազմիցս ասել ենք, որ պետական կառավարման համակարգն այլևս չի սպասարկվում, հանրային ծառայողների վրա լուրջ ճնշումներ են գործադրվում: Նույնիսկ եթե հանրային ծառայողների բարեկամները մասնակցում են մեր հանրահավաքներին, նրանց աշխատանքից ազատում են։ Սրանով մենք մեր աջակցությունն ենք հայտնում իրենց, որ իմանան՝ մենակ չեն, որ դուրս գան ու միանան պայքարին։

Պետական շենքերն արգելափակելով՝ ցույց ենք տալիս, որ Նիկոլը երկրում այլևս չունի իշխանություն: Այս գործընթացը լինելու է պարբերաբար, մինչև հասնենք այն կետին, որ պետական կառավարման համակարգը ենթարկվի ինքնալուծարման և չծառայի Նիկոլ Փաշինյանին»,- նշել է ԱԺ փոխնախագահը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու ընդդիմադիրները չեն շրջափակել կառավարության շենքը, որտեղ նիստ էր ընթանում՝ Սաղաթելյանն ասել է․ «Դա էլ կանենք, հանգիստ եղեք: Ամեն ինչ ունի իր ճիշտ ժամանակն ու օրը, ունենք գործողությունների ծրագիր, որը հետևողականորեն իրականացնում ենք: Ձեզ չենք հիասթափեցնի, այդ օրն էլ կգա»:

Անդրադառնալով նրան, որ հնարավոր է՝ իշխանությունը փորձի ընդդիմադիր պատգամավորներին զրկել մանդատներից՝ նա նշել է, որ «պատգամավոր լինել-չլինելը երկրորդական է, իրենք ունեն ժողովրդի մանդատը»:

Մոտ մեկ ժամից ավելի կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքերը փակ են մնացել, այնուհետև կարմիրբերետավորները ճանապարհ են բացել, և աշխատակիցները դուրս են եկել շենքից։

Արդեն Ֆրանսիայի հրապարակում Սաղաթելյանը հայտարարել է՝ այսուհետ փողոցներ փակելուց բացի՝ շրջափակելու են կառավարության շենքերը։

ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր չի մասնակցել ընդդիմության երթին։ «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանի խոսքով՝ Վանեցյանն առողջական խնդիրներից ելնելով ի վիճակի չի եղել գալ։

«Երբ ապաքինվի, նա կլինի շարքերում»,- հայտնել է նա:

Անդրադառնալով այն հարցին, որ Արթուր Վանեցյանն ու«Հայրենիք» կուսակցությունները դուրս են գալիս պայքարից, քանի որ Վանեցյանը երեկ հայտարարել էր, որ Ֆրանսիայի հրապարակում իր համար անընդունելի մարդիկ կան՝ Սարգսյանն ասել է․ «Կարծում եք, որ դուրս ենք գալիս պայքարից՝ այստեղ գտնվելո՞վ: Մեր բոլոր կուսակցականներն այստեղ են՝ իրենց ընտանիքի անդամներով»:

Նշենք, որ վաղը՝ ժամը 14։00-ին, նախատեսված է Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը։ Վաղը բողոքի ակցիաներ չեն լինի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter