«Ֆլայ Արնան» օդանավ շահագործողի վկայական է ստացել
Հայկական «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը մայիսի 5-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) կողմից ստացել է օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ), ինչը նրան իրավունք կտա զբաղվել առեւտրային (կոմերցիոն) ավիափոխադրումներով։
Հիշեցնենք, որ «Հայաստանի ազգային ավիաուղիներ» ընկերությունը (ներկայանում է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով), որը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» ավիաընկերության համագործակցության արդյունք է, հիմնադրվել է նախորդ տարվա դեկտեմբերին։
ՕՇՎ ստանալու օրը՝ մայիսի 5-ին, ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվել է նաեւ «Ֆլայ Արնայի» առաջին ինքնաթիռը՝ 2015 թ․ արտադրության «Airbus A320-200» տիպի բորտը, որը ստացել է EK-YRA գրանցումը։ Ըստ տեղեկատուների՝ օդանավը դեռ գտնվում է չեխական Օստրավայում, որտեղ, ինչպես գրել ենք, արդեն ներկվել է հայկական ավիաընկերության գույներով (տես լուսանկարում)։ Օստրավայից EK-YRA-ն պետք է տեղափոխվի բազավորման վայր՝ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան։
Նախորդ հոդվածում գրել էինք, որ «Ֆլայ Արնան» IATA-ի կոդ է ստացել՝ G6։ Ինչպես տեղեկանում ենք ՔԱԿ-ի կայքից, ընկերությունն ունի նաեւ ICAO-ի կոդ՝ ACY։
Ներկայում Հայաստանում գործող ՕՇՎ ունի 7 ավիաընկերություն։ Դրանք են՝
««Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություն» ՓԲԸ («Armenia Airways») - IATA-ի կոդը՝ 6A, ICAO-ի կոդը՝ AMW
«Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ («Aircompany Armenia») - RM, NGT
«Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ («Armenian Helicopters», շահագործում է ուղղաթիռներ) - KAV
«Շիրակ Ավիա» ՍՊԸ («Shirak Avia») - 5G, SHS
«Սքայբոլ» ՍՊԸ («Skyball», շահագործում է օդապարիկներ)
«Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ («Fly One Armenia») - 3F, FIE
«Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ («Fly Arna») - G6, ACY
«ՆովԷյր» ՍՊԸ-ն («NovAir» - NG, NAI) ունի ՕՇՎ, սակայն դրա գործողությունը նախորդ տարվա դեկտեմբերին կասեցվել է մինչեւ այս տարվա հունիս։ Եթե ընկերությունը չկարողանա վերականգնել վկայականի գործողությունը, այն կկորցնի ուժը։
Մեկնաբանել