HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական «Շիրակ Ավիան» ու «Ֆլայ Արնան» IATA-ի կոդեր են ստացել․ ի՞նչ է սա նշանակում

Հայկական «Շիրակ Ավիա» եւ «Ֆլայ Արնա» ավիաընկերությունները Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից ստացել են կոդեր, ինչը նրանց թույլ կտա կատարել կանոնավոր առեւտրային փոխադրումներ։ «Շիրակ Ավիային» տրվել է 5G, իսկ «Ֆլայ Արնային»՝ G6 կոդը։

2019-ի աշնանը հայկական շուկայից հեռացած «Տարոն-Ավիայի» (ներկայում գործունեությունը ժամանակավոր դադարեցված է) «քույր» ընկերությունը՝ «Շիրակ Ավիան», որը հիմնադրվել է 2019-ի հոկտեմբերին, մինչ օրս սեփական փոխադրումներ գրեթե չի կատարել։ Թերեւս, կարելի է հիշել այս տարվա մարտի 10-11-ին Երեւան-Մոսկվա («Դոմոդեդովո»)-Երեւան չվերթը։

Չնայած գյումրեցի ավիատոր Գառնիկ Պապիկյանին պատկանող ընկերությունը ունի օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ, ստացել է 2021-ի հունվարին) եւ ICAO-ի կոդ՝ SHS, որոնք բավարար են ոչ կանոնավոր (չարտերային) առեւտրային փոխադրումներ կատարելու համար, «Շիրակ Ավիան» Հայաստանում գրանցված իր օդանավը («Boeing 737-500» տիպի, հայկական գրանցումը՝ EK-SHA) վարձակալությամբ հանձնել է «Արմենիա Էյրվեյզ» ընկերությանը, որն այն ներկայում շահագործում է Երեւան-Թեհրան-Երեւան երթուղու վրա (տես ստորեւ)։

Մարտի 30-ին ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվել է նաեւ «Boeing 737-800» տիպի ինքնաթիռ (EK-SHB), որը, սակայն, դեռ Հայաստան չի բերվել։ Ըստ հայկական ռեգիստրի տվյալների՝ այս երկու բորտերի շահագործողը «Շիրակ Ավիան» է, իսկ սեփականատերը՝ Պապիկյանի արաբական «Meridien (FZE)» ընկերությունը։ Ի տարբերություն 1994-ի արտադրության EK-SHA-ի՝ EK-SHB-ն թողարկվել է 2004-ին, նախկինում էլ շահագործվել է Չեխիայում, Հունգարիայում, Կանադայում եւ Եգիպտոսում։ Մինչեւ ՀՀ գրանցում ստանալը վերջին շահագործողը եղել է եգիպտական «AMC Airlines»-ը։ Ըստ ավիացիոն տեղեկատուների՝ օդանավը 2020-ի մարտից չի շահագործվել եւ կանգնած է Կահիրեի օդանավակայանում, իսկ ներկայում այնտեղ տեխսպասարկում է անցնում, ինչից հետո ենթադրվում է դրա ժամանումը Հայաստան։ Այդուհանդերձ, «Շիրակ Ավիան» դեռ չի հայտարարել սեփական չվերթեր սկսելու մասին։

Ինչ վերաբերում է հայ-արաբական համագործակցության արդյունքում ստեղծված «Հայաստանի ազգային ավիաուղիներին», որը ներկայանում է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, վերջինս Հայաստան պիտի տեղափոխի իր առաջին օդանավը, որին անդրադարձել էինք նախորդ ամիս։ 2015 թ․ արտադրության «Airbus A320-200»-ը, որը նախկինում շահագործվել է միայն Ինդոնեզիայում եւ 2021-ի հոկտեմբերից գտնվում է չեխական Օստրավայում, արդեն ներկվել է հայկական փոխադրողի գույներով։ Հիշեցնենք, որ դրա սեփականատերը, ըստ ավիացիոն տեղեկատուների, իռլանդական «SMBC Aviation Capital» ընկերությունն է, որն օդանավը գրանցել էր Ավստրիայում (OE-LAP)։ Նախորդ հոդվածում գրել էինք, որ որոշ արտասահմանյան աղբյուրների համաձայն՝ ինքնաթիռը Ավստրիայից հետո գրանցվել է ոչ թե Հայաստանում, այլ Մոլդովայում որպես ER-YRA (Հայաստանի ազգային նիշը EK-ն է, իսկ Մոլդովայինը՝ ER-ը)։

Այդուհանդերձ, «Ֆլայ Արնայի» գույներով արված առաջին լուսանկարում (12.04.2022) դեռ տեսանելի էր ավստրիական OE-LAP գրանցումը։ Մայիսի 8-ին արված մեկ այլ լուսանկարում, սակայն, արդեն տեսնում ենք հայկական գրանցում՝ EK-YRA, այսինքն՝ «Ֆլայ Արնայի» առաջին բորտն, այդուհանդերձ, գրանցվել(ու) է հայկական ռեգիստրում։

Նկատենք նաեւ, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կայքում ռեգիստրի վերջին թարմացումն արվել է ապրիլի 6-ին, եւ EK-YRA գրանցումով ինքնաթիռ այնտեղ չկա։

Հիշեցնենք, որ «Ֆլայ Արնան» բազավորվելու է «Զվարթնոց» օդանավակայանում: 2021-ի դեկտեմբերին հիմնադրված ավիաընկերության 49 տոկոսը պատկանում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)։ Վերջինիս գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանն անցյալ դեկտեմբերին հայտարարել էր, որ «Ֆլայ Արնան» թռիչքները կսկսի այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին: Ըստ Փափազյանի՝ նախապես ծրագրվում է 2 օդանավով շահագործել 4 ուղղություն, իսկ հետո կմեծանա թե՛ ավիապարկը, թե՛ ուղղությունների քանակը, եւ 5 տարի հետո «Ֆլայ Արնան» կունենա 15 օդանավ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter