Հայկական ավիաընկերությունները նոր չվերթեր են բացում դեպի Մոսկվա
Այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ռուսական ավիափոխադրողները լուրջ խնդիրների առաջ կանգնեցին արտասահմանում գրանցված իրենց օդանավերը կորցնելու վտանգի պատճառով, եւ դրանից խուսափելու համար նրանց մի մասը հրաժարվեց Ռուսաստանից դուրս չվերթեր կատարելուց, հայկական ավիաընկերություններն առաջացած բացը լրացնելու լավ առիթ ստացան։
Մինչեւ պատերազմը ռուսական ուղղություններով թռիչքներ իրականացնող միակ հայկական օպերատորը «Ավիակոմպանիա Արմենիան» էր, որը թռչում էր Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Միներալնիե Վոդի, Վորոնեժ։ Փետրվարի 24-ին Ռոսավիացիան հայտարարեց Ուկրաինայի սահմանին մոտ գտնվող մի քանի քաղաքների օդանավակայաններ ժամանակավորապես փակելու մասին, որոնց թվում էր նաեւ Վորոնեժը։ Չնայած Մին․Վոդին փակ չէ, ներկայում, «Արմենիան» Երեւանից թռիչքներ է կատարում միայն դեպի Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ։ Ընդ որում՝ մինչեւ վերջերս ընկերությունը թռչում էր միայն Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, իսկ մարտի 9-ից սկսել է օգտագործել նաեւ «Շերեմետեւոն»։ Հատկապես դեպի Մոսկվա «Արմենիայի» թռիչքների գրաֆիկը բավական հագեցած է։ Հիշեցնենք, որ 2019-ից «Արմենիան» Երեւանի միջոցով իրար է կապում նաեւ Թբիլիսին ու Մոսկվան, քանի որ Վրաստանն ու Ռուսաստանը փակել են իրենց օդային տարածքները միմյանց առաջ։
Մարտի 1-ին դեպի Մոսկվա («Վնուկովո») իր թռիչքները սկսեց «Fly One Armenia»-ն։ Հիշեցնենք, որ վերջինս Մոսկվա պիտի մեկներ դեռ անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին, սակայն ավիափոխադրողը հայտարարեց, որ իրենից անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում՝ ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով, ինքը ստիպված է եղել չեղարկել դեկտեմբերի 15-ին ու 16-ին Երեւան-Մոսկվա-Երեւան երթուղով նախատեսված թռիչքները։ Եթե մինչեւ այսօր «Fly One Armenia»-ի չվացուցակով նախատեսված էր շաբաթական 2 չվերթ, ապա այսօրվանից դրանց թիվը հասցվել է 5-ի (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ, կիրակի)։
Մարտի 10-11-ին Երեւան-Մոսկվա («Դոմոդեդովո»)-Երեւան չվերթ կատարեց նաեւ «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը։
Եվս մեկ հայկական փոխադրող՝ «Armenia Airways»-ը, որը մինչ այս շահագործում էր Երեւան-Թեհրան-Երեւան երթուղին, նախորդ շաբաթ հայտարարեց, որ մարտի 16-ից սկսում է դեպի «Վնուկովո» թռչել շաբաթական 4 անգամ՝ չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ եւ կիրակի օրերին։ «Զվարթնոց» օդանավակայանի կայքում այդ չվերթերն առայժմ չեն երեւում։
Տես նաեւ՝
- Անկյունում հայտնված ռուսական ավիացիան ելքեր է մտմտում, իսկ ի՞նչ են անում մերոնք
- Ռուսական շահագործող, իռլանդական սեփականատեր, բերմուդյան գրանցում․ «Սիբիրի» օդանավը «արգելափակվել է» Երեւանում
- Հայաստանը՝ Արեւմուտք-Ռուսաստան ավիացիոն բախման արանքում․ օգտվելու մեր հնարավորությունները մեծ չեն, բայց կան
Մեկնաբանել