HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երջանիկ մարդիկ

5 տարուց ավելի է՝ Նազիկն ու Արմենը մայրաքաղաք են գալիս հիմնականում որդու՝ Վարդանի բուժման համար։ Սկզբում յուրաքանչյուր ամիս, հետո ամեն երեք ամիսը մեկ ընտանիքը Գյումրուց Երևան է հասնում՝ 10-ամյա տղայի դեղերը ստանալու։

«Սկզբում ամեն ամիս գնում էինք Երևանից ստանում, մեզ ասել էին՝ եթե չգաք, ձեր տղայի անունը ցուցակից դուրս կմնա։ Պատահում էր, որ գումար չէր լինում, չէինք կարողանում գնալ։ Խնդրեցի հիվանդանոցում, որ ընդառաջեն մեզ, հիմա ամեն երեք ամիսը մեկ ենք գնում, երեխայի դեղերը բերում»,- ասում է Արմեն Դավթյանը՝ Վարդանի հայրը։

Երբ Վարդանը դեռ մանկապարտեզ էր գնում, մի անգամ դաստիարակչուհին կանչել է ծնողներին ու ասել, որ տղայի մոտ ջղաձգումներ է նկատում, լավ կլինի բժշկի դիմեն։

Սկզբում դիմել են հոգեբանի, հետո, երբ նկատել են, որ օգուտ չկա, տղային բժշկական հետազոտության են տարել։ Վարդանի մոտ ախտորոշվել են մտավոր զարգացման խնդիրներ և էպիլեպսիա։ Այս պարագայում դեղորայքային բուժումը պարտադիր է։

Դավթյանների 7 հոգանոց ընտանիքը երևի թե Գյումրիի ամենահամերաշխ ընտանիքներից մեկն է։ Այս տանն առավոտները սկսվում են մայրիկի՝ Նազիկի վերկացով։ Հետո, զգույշ թափահարելով կամ ականջին շշնջալով, Նազիկն արթնացնում է երեխաներին՝ դիմավորելու քաղաքի սովորական անձրևոտ օրը, որի գործողությունների հաջորդականությունը միայն ինքը գիտի։

Բազմանդամ ընտանիքում ապրում են Նազիկ ու Արմեն Դավթյանները, նրանց չորս երեխաները՝ Վարդանը՝ 10 տարեկան, Միլենան՝ 8 տ․, Վարդը՝ 5 տ․, Մարին՝ 2 տ․ և նրանց տատը՝ Վարդը։

08։45․ Երեխաներից առաջինը տնից դուրս է գալիս Միլենան։ Նազիկը արագությամբ աղջկան հագցնում է, մազերը հարդարում ու տանում դպրոց, վերադարձին նրա քայլերն արագանում են, այլապես մյուս աղջիկը մանկապարտեզից կուշանա։

09։15․ Վարդի դեմքին բարձից առաջացած բծեր են, այնպիսիք, որ միայն շատ լավ ու խորը քնից են առաջանում։ Մինչ Նազիկը Վարդի զուգագուլպան է հագցնում, աղջիկը մոր ուսի վրայից պատմում է․

-Էսօր փորձ պետք է անենք, օղակներով պարն ենք պարելու, մեզ ասել են, որ հունիսի 1-ին  հրապարակում պարելու ենք, ու հետո ես արդեն դպրոց եմ գնալու։ ․․․ սպիտակն եմ ուզում, մամ, էն մեծ կոճակովը, էս լավը չի․․․

Ջրափոսերի մեջ Վարդն իր արտացոլանքն է տեսնում՝ սպիտակ ժակետով ու դեղին անձրևանոցով։ Նազիկը քաշում է աղջկա ձեռքից՝ ստիպելով արագ քայլել։ 

10։00․ Վարդանը քնած է ու մեկ ժամ էլ դեռ կքնի։ Նրա համար դասերը սկսվում են երրորդ կամ չորրորդ ժամից։

«Որոշ ժամանակ Վարդանին առավոտ շուտ քնից ստիպողաբար հանում էի, տանում դպրոց, հետո ուսուցիչը զանգում էր, ասում՝ նստարանին քնել է, եկեք, տարեք։ Բժշկի հետ խոսեցի, ասաց, որ պետք չի արթնացնել, պիտի իր քունը լիարժեք առնի, թե չէ օրվա մեջ նյարդային կլինի։ Էդպես դպրոցում զգուշացրի, իրենք էլ չառարկեցին, հիմա երբ որ զարթնում է, այդ ժամանակ էլ տանում եմ դասի,- ասում է Նազիկը,- բայց էսօր չեմ տանելու․ ականջը ցավում է»։

Ապրում են Նազիկի մոր տանը, առաջ այն պետական հիմնարկ է եղել, հետո հատկացվել է բնակիչներին։ Առաստաղը փայտից է ու փտած, մինչև վերջերս աձրևոտ օրերին սենյակներում տաշտակներ էին դնում, նախորդ տարի վարկ են վերցրել ու տանիքը փոխել։ Երկսենյականոց տան սենյակներից մեկը հարմարեցված է այնպես, որ ծնողների և 4 երեխայի մահճակալները տեղավորվեն։

Տան անկյուններում ամենուրեք խաղալիքներ են։ Ոստիկանական մեծ խաղալիք ավտոմեքենան Վարդանն այս տարվա մարտին է նվեր ստացել ծնողներից՝ 10-ամյակի կապակցությամբ։

-Ես էլ եմ ուզում ոստիկան դառնամ,- ասում է Վարդանը։

-Էդ մեքենայո՞վ։

-Չէ, սա իսկական չի։

 13։05․ Նազիկը Միլենային դպրոցից տուն է բերում։ Սեղան դնում, կերակրում երեխաներին ու կամաց-կամաց պատրաստվում դուրս գալուն։

14։20․ Գրեթե ամեն օր դպրոցից հետո Միլենան ու Վարդանը գնում են «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»։ Մասնագետներն աշխատում են երեխաների հետ, հատուկ թերապիաների միջոցով օգնում զարգացնել կարողությունները։ Վարդանն ամենաշատը ավազանկարչության օրերն է սիրում։ Այս պահին նա գրել և կարդալ չի կարողանում։ Նազիկը որդու տետրում կետեր է դնում, հետո դրանք միացնելով՝ տղան թվերն է գրում։ Երեխաներից երկուսը դպրոցում ներառական կրթություն են ստանում։

«Հիմա իմ ցանկությունն է, որ Վարդանը գոնե իր անուն, ազգանունը կարողանա գրել։ Ավել բան չեմ կարող սպասել, բայց իր կարողությունների չափով փորձում ենք սովորեցնել իրեն։ Մտածում եմ, որ հետո տղաս մեծանա ինչ-որ արհեստ, իր սրտով որևէ մի բան կսովորի, կաշխատի»,- ասում է Նազիկը։

Այն ժամանակ, երբ ծնողները զբաղված էին Վարդանի բուժման հարցերով, պարզվում է, որ Միլենան նույնպես աջակցության կարիք ունի, դասերից հաճախ հետ է մնում, դժվարանում է գիտելիքը յուրացնել։

«Միլենային տարանք բժշկի էստեղ, մեզ ուղարկեցին Երևան՝ հետազոտության, պարզվեց, որ երեխան մտավոր խնդիրներ ունի՝ իր տարիքից 2 տարով հետ է։ Հիմա դեղեր է ընդունում, աջակցման կենտրոն գնում»,- պատմում է մայրը։

Միլենան շեկ մազերով, ժպտերես աղջիկ է։ Նկարներից երևում է, որ շատ երկար մազեր է ունեցել, անցյալ տարի կտրել են, վաճառել։ Աղջիկը դեռ չի որոշել, թե ինչ է ուզում դառնալ, Նազիկն ուզում է, որ անպայման պարի գնա, բայց դեռ ժամանակ չկա, ամառային արձակուրդներին գուցե հաջողվի։

-Իսկ քեզ համար ի՞նչ կուզեիր, Նազիկ։

-Կուզեի աշխատել, շատ կուզեի։ Կարի ուսումնարանն եմ ավարտել, դերձակություն կարող եմ անել։ Մի պահ որոշել էի գիշերային հերթափոխ աշխատել, բայց երեխեքի հետ դա իրատեսական չի,- ասում է Նազիկը։

Շաբաթվա մեջ մի քանի անգամ Վարդանը նաև «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» վերականգնողական բուժում է ստանում։ Միլենան նույնպես հերթագրված է, սպասում է հերթին։

Նազիկի անընդհատ վազվզոցի ընդմիջումներին փոքրիկ Մարին փորձում է պահը գտնել ու փաթաթվել մորը, նրան հիմնականում տատն է պահում։ Ամեն անգամ Նազիկի՝ տնից դուրս գալիս Մարին լալիս է, իսկ Նազիկն անընդհատ դուրս ու ներս է անում։ 

«Ես կարող էի ձևացնել, թե իբր խնդիր չկա, երեխայի մոտ ամեն ինչ կարգին է, բայց դրանով խնդիրը չէր լուծվի։ Հատկապես սկզբում, երբ միշտ Վարդանով էինք զբաղված, Միլենայի բուժումը մեր ծանրաբեռնվածությունը կրկնապատկեց, բայց դե մեր երեխաներն են, ես չեմ նեղվում»,- ասում է Նազիկը։

Արմենը Գյումրու հյուրանոցներից մեկում պահակ է աշխատում։ Ընտանիքի եկամտի աղբյուրը նրա աշխատավարձն է, տատի թոշակը ու 2 երեխաների հաշմանդամության թոշակը։ Այս գումարը ապրելուն հազիվ է բավականացնում։ Երբեմն էլ անհրաժեշտություն է լինում որոշ դեղեր գնել, երեխաներին Երևան հետազոտության տանել, դրանք բոլորը պետք է տեղավորել ամսական շատ սահմանափակ բյուջեում։

«Կարելի է ասել՝ ես ինձ երջանիկ մարդ եմ համարում։ Ամենակարևորը՝ մենք համերաշխ ընտանիք ենք, խնդիրները բոլորով ենք տանում ու այն, ինչ ես անում եմ՝ ամբողջ օրս նվիրում երեխաների խնամքին, սիրով եմ անում, հակառակ դեպքում դա երեխաների վրա ավելի շատ կազդի»,- ասում է Նազիկը։

17։00․ Նազիկը երեխաներին տուն է բերում աջակցման կենտրոնից, իսկ Արմենը՝ Վարդին մակապարտեզից։ Սպիտակ մեծ կոճակով ժակետը ձեռքին՝ Վարդը շոկոլադե արջուկն ու նուգան փորձում է երեխաների մեջ կիսել։ Դրանք նրան մանկապարտեզում էին տվել ինչ-որ մեկի ծննդյան տարեդարձը նշելիս։ 

Օրվա անցուդարձը քննարկելուց հետո ընտանիքը պատրաստվում է ընթրել։ Երեխաների գրքերն ու տետրերը մի կողմ են դնում և սեղանին յոթ ափսե շարում։ Նազիկը գրպանից թուղթ է հանում, մի պահ նայում՝ տեսնելու, թե վաղվա գրաֆիկը որքան ծանրաբեռնված է։

-Շա՞տ բան կա անելու վաղը, Նազիկ։

-Վաղը շաբաթ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter