Ռուսաստանը մտադիր է դուրս գալ Առողջապահության և Առևտրի համաշխարհային կազմակերպություններից
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Պետդումա է ուղարկել միջազգային կազմակերպությունների հետ Ռուսաստանի համաձայնագրերի ցանկը՝ դրանց հնարավոր չեղարկման համար։ Այդ մասին Парламентская газета-ի փոխանցմամբ հայտնել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։
«Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուց հետո՝ հերթը Առևտրի համաշխարհային կազմակերպությունից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալունն է, որոնք մեր երկրի նկատմամբ արդեն անտեսել են իրենց պարտավորությունները»,- հայտարարել է Տոլստոյը։
Փոխխոսնակի խոսքով՝ Պետդուման Դաշնային խորհրդի հետ միասին նախատեսում է «վերլուծել և առաջարկել չեղյալ հայտարարել այդ համաձայնագրերը»։
Մարտին Ռուսաստանը հայտարարել էր, որ այլևս մտադիր չէ մասնակցել Եվրոպայի խորհրդի աշխատանքներին և չեղարկում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որից հետո ռուսաստանցիներն այլևս չէին կարող դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն մարտի 16-ին Ռուսաստանին հեռացրեց այդ կազմակերպությունից, որին վերջինս անդամակցում էր 26 տարի։
Մարտի 16-ին Պետդումային էր ներկայացվել մի օրենսդրական նախագիծ, որով սահմանվում էր, որ 2022 թվականի մարտի 16-ից հետո ՄԻԵԴ կայացրած որոշումները Ռուսաստանի կողմից կատարման ենթակա չեն լինի։
Լուսանկարը՝ Denis Balibouse/REUTERS
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել