HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը հեռացվեց Եվրոպայի խորհրդից

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն որոշել է մարտի 16-ից Ռուսաստանին հեռացնել կազմակերպությունից։ Այդ մասին նշվում է համապատասխան բանաձևի մեջ։

Ռուսաստանին հեռացնելու մասին որոշումն ընդունվել է Եվրոպայի խորհրդի նախարարների Կոմիտեի արտահերթ նիստում՝ ԵԽ կանոնադրության 8-րդ հոդվածին համապատասխան սկսված ընթացակարգի համատեքստում։

Ավելի վաղ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կողմ էր քվեարկել Ռուսաստանին կազմակերպությունից հեռացնելուն։ Նախագծին կողմ էր Վեհաժողովի 216 ներկայացուցիչ, 3-ը՝ ձեռնպահ մնացել։ Որևէ ներկայացուցիչ դեմ չէր քվեարկել։ Քվեարկությունից պարզ էր դառնում, որ հայկական կողմը չէր մասնակցել դրան։ Քվեարկությանը չէր մասնակցել նաև Ադրբեջանի պատվիրակությունը։ Ձեռնպահ քվեարկած պատգամավորներից մեկը ներկայացնում էր Լեհաստանը, մյուսը՝ Գերմանիան, երրորդն էլ՝ Բուլղարիան։

Մարտի 10-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանն այլևս չի մասնակցի Եվրոպայի խորհրդի աշխատանքներին։ ՌԴ Դաշնային խորհրդում նշել էին, որ ԵԽ-ից դուրս գալուց հետո, ռուսաստանցիներն այլևս չեն կարողանա դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հինգ օր անց ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանը սկսել էր ԵԽ-ից դուրս գալու գործընթացը։ Ինչպես նշում է «Медиазона»-ն, Ռուսաստանի ինքնակամ դուրս գալու պարագայում, կազմակերպությունում նրա անդամակցությունը կդադարեցվեր 2023 թվականի հունվարի 1-ից։

Եվրոպայի խորհուրդը եվրոպական ամենահին միջազգային կազմակերպություններից է, որն աջակցում է մարդու իրավունքների ոլորտում համագործակցությանը։ Մինչ օրս դրան անդամակցում էր 47 երկիր։

Եվրոպայի խորհրդի ձեռքբերումներից մեկը համարվում է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի ընդունումը։

Ռուսաստանը կազմակերպության աշխատանքներին մասնակցում էր 1996 թվականից։ Մասնավորապես, կազմակերպությանն անդամակցելուց հետո ՌԴ-ում արգելվեց մահապատիժը։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter