HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱԳՆ-ն չի տրամադրում Բաքվին Երևանի 6 կետանոց պատասխանը` հղում անելով Էդմոն Մարուքյանի հարցազրույցին

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը չի տրամադրում Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղության պայմանագրի բանակցությունների վերաբերյալ ադրբեջանական կողմի 5 առաջարկներին հայկական կողմի 6 կետանոց պատասխանի փաստաթուղթը։ 

«Հետք»-ի հարցմանն ի պատասխան` արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է հայկական կողմի առաջարկների մասին։

Դեռ նախորդ շաբաթ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի 5 առաջարկներին հայկական կողմն արձագանքել է 6 կետերով։

«Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ բոլորը տեսան Հայաստանի կողմից ընդունված փաստաթուղթը։ Բայց եթե նայենք այդ փաստաթղթին, ապա դա չի կարելի անվանել առաջարկներ։ Հայկական կողմի ներկայացրած փաստաթուղթը հանդիսանում է ադրբեջանական առաջարկներին արձագանք։ Ես կարող եմ թվարկել այդ արձագանքի 6 կետերից մի քանիսը, և դուք ևս կարող եք ենթադրություններ անել, թե որքանով դա կարելի է առաջարկներ անվանել»,- ասել էր Բայրամովը։

Ադրբեջանցի նախարարը նշել էր, որ կետերից մեկում նշվում էր, որ ադրբեջանական կողմը փետրվարի 21-ից մարտի սկիզբ Հայաստանին պետք է ներկայացնի բազային առաջարկները։ 

«Ադրբեջանն առաջին օրից նշել է, որ բազային առաջարկները ներկայացվել են միջնորդների միջոցով։ Այդ մասին պետք է հարցնել միջնորդներին։ Եթե Ադրբեջանը նշել է փետրվարի 21-ը, ապա ներկայացրել է հենց այդ օրը։ Հաջորդ կետն այն է, որ Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ։ Դեռ 1992 թվականին երկու երկրները, լինելով ԱՊՀ անդամներ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ դա ինչ-որ չափով Ադրբեջանի բազային սկզբունքի կրկնությունն է»,- հավելել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը։

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում մանրամասներ էր ներկայացրել հայկական կողմի պատասխանի մասին։

Նախ Մարուքյանը քննադատել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին աշխատանքային փաստաթղթից մանրամասներ հրապարակելու համար։ «Հայաստանը միշտ էլ պահպանել է դիվանագիտական էթիկան և շարունակում է պահպանել, և  քանի որ դա աշխատանքային փաստաթուղթ է, կոռեկտ չէ դա հրապարակել»,- նշել էր Մարուքյանը՝ հավելելով, որ Բրյուսելում Շառլ Միշելի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ադրբեջանական հինգ կետերի և հայկական վեց կետերի համատեքստում կարող են սկսվել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։

«Բայց հիմա ես տեսնում եմ, որ Ադրբեջանի արտգործնախարարը դիվանագիտական լեքսիկոնին ոչ հարիր տեքստեր է ասում, ես ձեզ վստահեցնում եմ, որ ինչ մակարդակում, ինչ ձևով ներկայացվել են իրենց հինգ կետերը, նույն համատեքստում ներկայացվել են մեր առաջարկները, որոնք այդպես կոչված վեց կետերն են, պատասխանը վեց կետերից է բաղկացած։ Դա ինչ ձև է, ասել՝ դա ինչ առաջարկ է, դա ընդհանրապես դիվանագիտական էթիկայի մեջ չտեղավորվող վարվելակերպ է։ Ի սկզբանե փորձում է նսեմացնել այդ պատասխանը՝ իր վերաբերմունքով»,– ասել էր Մարուքյանը։

Այնուհետ հատուկ հանձնարարություններով դեսպանը ներկայացրել էր հայկական կողմի վեց առաջարկները։

  1. Առաջին կետում նշված է, որ մարտի 11-ին ստացել ենք Ադրբեջանի՝ պայմանագրի վերաբերյալ առաջարկը, ինչին պատասխանում ենք։
  2. Հայաստանի  Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։
  3. Հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։
  4. Հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունների կատարումը (ռազմագերիների վերադարձ, ճանապարհների ապաշրջափակում)։
  5. Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա․
  6. Համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Մենք մեր հարցման մեջ Արտաքին գործերի նախարարությունից խնդրել էինք տրամադրել ադրբեջանական կողմին հայկական կողմի արձագանքի փաստաթուղթը, սակայն արտաքին քաղաքական գերատեսչությունն այն չի տրամադրել՝ միայն հղում անելով Մարուքյանի հարցազրույցին։ Հարց է առաջանում, եթե բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հանրայնացվում է առաջարկների տեքստը, ապա ինչու ԱԳՆ-ն չի տրամադրում նաև փաստաթուղթը, ինչը հնարավորություն կտար հաստատելու Մարուքյանի ներկայացրած կետերը։ Մանավանդ, որ պատասխանի որոշ կետերի վերաբերյալ, հատկապես ազգերի ինքնորոշման իրավունքի չհիշտակման մասին (խոսվում է միայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին) ընթանում է հանրային քննարկում։

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter