HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱԳՆ-ն չի մանրամասնում Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի կազմը

Արտաքին գործերի նախարարությունը չի մանրամասնում Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի կազմը։ «Հետք»-ի հարցմանն ի պատասխան արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ հաջորդիվ զարգացումների վերաբերյալ հանրությունը կտեղեկացվի։

Դեռ մի քանի օր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել էին երկու երկրների շփման գծի սահմանազատման հարցը։ 

«Կարող եմ նշել, որ մինչև հանդիպումը երկու հեռախոսազրույց է կայացել իմ և Հայաստանի արտաքին գործերի նախարարի միջև, որի ընթացքում Ադրբեջանն իր առաջարկներն է ներկայացրել հանձնաժողովի կազմի վերաբերյալ։ Ադրբեջանի առաջարկը կայանում էր նրանում, որ հանձնաժողովը պետք է ձևավորվի այլ ձևաչափով, այսինքն՝ անձը, որը պետք է գլխավորի հանձնաժողովը, պետք է լինի փոխվարչապետի մակարդակով»,- ասել էր Բայրամովը։

Նրա պնդմամբ՝ Արարատ Միրզոյանն ըմբռնմամբ է մոտեցել դրան՝ նշելով, որ Հայաստանում այդ առաջարկի քննարկման համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ։ Այնուհետև հայկական կողմը հայտարարել է, որ այդ առաջարկն ընդունելի է իր համար։ «Կա կողմերի միջև պայմանավորվածություն հանձնաժողովի կազմի վերաբերյալ։ Ադրբեջանական կողմն արդեն ապրիլին պատրաստ էր այդ նիստի անցկացմանը։ Այն բանից հետո, երբ հայկական կողմը կկատարի իր ընթացակարգերը, նիստը հնարավոր կլինի անցկացնել»,- հավելել էր ադրբեջանցի նախարարը։

«Հետք»-ը գրավոր հարցում էր ուղարկել Արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել, թե հայկական կողմից ովքեր են ներգրավված լինելու սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներին։ Խնդրել էինք հստակեցնել, թե արդյոք հանձնաժողովն ունենալու է մեկ, թե երկու նախագահ, որոնք կներկայացնեին տարբեր կողմերը և արդյոք այն գլխավորվելու է փոխվարչապետի մակարդակով, ինչպես պնդում է Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Բացի այդ, խնդրել էինք նաև նշել, թե երբ է հանձնաժողովը պատրաստվում նիստ անցկացնել և որտեղ։

Ի պատասխան մեր հարցման, Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ ապրիլի 25-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրուցի ընթացքում կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել»,- պատասխանել է ԱԳՆ-ն՝ չմանրամասնելով ո՛չ օրը, ո՛չ վայրը և ոչ էլ կազմն ու ձևաչափը։

Լուսանկարը՝ JAMnews-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter