HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրտը Մեծ Թաղերի լեռներում. շեփորահար Վահագնը

Առնո Բաբաջանյանի «Իմ սիրտը լեռներում»-ն է հնչում թանձր շեփորից։ Վահագն Աբաղյանը մտովի Հադրութի Մեծ Թաղեր գյուղի լեռներում է, որտեղից նվագը սահում, հասնում է Էջմիածին՝ երաժշտական մրցույթին ու լցնում դահլիճը։

Շուշեցի 17-ամյա Վահագնն արժանանում է ժյուրիի ամենաբարձր գնահատականին՝ ստանալով Գրան պրի։

Վահագնին տեսանք ելույթից հետո, դրսում լուռ կանգնած։ Նա արցախցի 16 մասնակիցներից մեկն է, ով եկել է Էջմիածին՝ մասնակցելու երաժիշտների «Փոքրիկ քայլ» հանրապետական մրցույթին։

Վահագնը ծնվել է Երևանում, նրա ծնողները Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից են։ Հորը կորցրել է վաղ տարիքում։ Մոր ու մեծ եղբոր հետ 3 տարեկանից տեղափոխվել են ապրելու Շուշի։

Շուշիում Վահագնը ընդունվել է Դանիել Ղազարյանի անվան երաժշտական թեքումով դպրոց, որտեղ և ընտրել է շեփորը։

«Գործիքի տեսքն առաջին հայացքից դուրս եկավ, Շուշիում էլ կար շեփորի լավ մասնագետ, էդպես, սկսեցի շեփոր նվագել»,- պատմում է Վահագնը:

Մայիսի 6-20-ը Էջմիածնում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտների մանկապատանեկան հանրապետական ամենամյա մրցույթ-փառատոնը, որին այս տարի մասնակցում էին նաև Արցախի երաժշտական դպրոցներից և ուսումնարաններից։

Ստեփանակերտում լսումների փուլն անցել էր 16 մասնակից, ովքեր ելույթներ են ունեցել տարբեր անվանակարգերում։

Ընտանիքում եղե՞լ են երաժիշտներ, ոնց սկսվեց ծանոթությունդ երաժշտության հետ

Ընտանիքում երաժիշտ չկա, բայց, երևի, պապիցս է եկել սերը, երբ փոքր էի, ամառները՝ արձակուրդներին, շատ էի գնում պապիենցս տուն՝ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղ. շատ ջրվեժներ, գետեր կային էնտեղ, շատ էի սիրում լողալ, ձուկ բռնել։

Մեծ Թաղերում Ղարիբ պապս շվիներ էր պատրաստում ինքն իր համար, ո’չ երաժշտական կրթություն ուներ, ո’չ նոտա գիտեր, բայց ուզածդ մեղեդին, երգը կարում էր նվագել, ես էլ փոքր ժամանակ շատ էի սիրում Մեծ Թաղեր գնալ՝ պապիկիս մոտ, ասում էի՝ պապ էս կնվագես ու մի փոքր կտոր երգում էի, պապս շարունակում էր արդեն ամբողջը շվիով նվագել։

Երևի, մեր Շուշիի տանից շատ ափսոսում եմ Մեծ Թաղերի կորստի համար. պապիկիս տանն էր անցել ողջ մանկությունս։

Ունե՞ս սիրելի ստեղծագործություն՝ գրված շեփորի համար

Ալեքսանդր Հարությունյանի շեփորի կոնցերտը, իհարկե։ Այն նվագել եմ տարբեր տարիքում, ամեն տարիքի հետ յուրովի եմ ընկալում ու մեկնաբանում, ինչքան էլ նվագես՝ կատարելության չի հասնում, միշտ էլի տեղ կա։

2020թ․ սեպտեմբերի 27-ին Շուշիու՞մ էիր

2020թ․-ին ընդունվել էի Ստեփանակերտի երաժշտական ուսումնարան, սեպտեմբերի 1-ից գնում էի դասի։

Սեպտեմբերի 27-ը կիրակի էր, մեր տանն էի Շուշիում։ Ժամը 07:00-ի կողմերը ուժեղ ձայն լսվեց, մտածեցի՝ մեր թաղի չանն (տակառ, հեղ.) են տեղափոխում. դրա տեղափոխելուց ուժեղ ձայն էր գալիս, բայց մեր տունը Շուշիում՝  բարձունքի վրա էր, պատուհանից որ նայում էիր, Ստեփանակերտը պարզ երևում էր։ Նայեցինք, տեսանք, որ քաղաքը ռմբակոծվում է։

Իջել ենք նկուղ, երկու օր էնտեղ մնացինք, հետո մորս հետ տեղափոխվեցինք Հայաստան, եղբայրս պատերազմի ամբողջ ընթացքում մնաց Արցախում։

Ի՞նչ հասցրիք վերցնել Շուշիի ձեր տնից 

Տանից գրեթե բան չենք վերցրել, մի քանի շոր ու առաջին անհրաժեշտության պարագաներ։ Չէինք մտածում, որ կարող է էլ չվերադառնանք մեր տուն։

Ամենաշատը ափսոսում եմ, որ լուսանկարները մնացին, մանկության հիշողությունները, մնացած ամեն ինչ կարելի է վերականգնել։

Շեփորդ հասցրի՞ր վերցնել

Շեփորը միշտ հետս է։

Երաժշտությունը քո համար…

Երաժշտությունն էն տեղն ա, որտեղ ազատ եմ ես իմ մտքերի հետ՝ անկախ ամեն ինչից. իմ օրը սկսվում և ավարտվում է դրանով, առանց երաժշտության ինձ չեմ պատկերացնում։

Ի՞նչ ծրագրեր ունես 

Հիմա ապրում ենք Ստեփանակերտում, շարունակում եմ կրթությունս  ուսումնարանում, զուգահեռ աշխատում եմ Արցախի պետական ջազ նվագախմբում։ Բանակային տարիքս է մոտենում, ծառայությունից հետո որոշել եմ Երևանի պետական կոնսերվատորիա ընդունվել, տեսնենք՝ ոնց կստացվի, բայց ինչ էլ լինի՝ ինձ ձգում է Արցախը, ուր էլ լինեմ, վերադառնալու եմ Արցախ։ 

Մրցույթին նվագեցիր «Իմ սիրտը լեռներում է» գործը, քո սիրտն է՞լ է լեռներում

Այո, երևի… Մեծ Թաղերի լեռներն էին մտքումս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter