HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՔՊ-ականների համոզմամբ` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքի հիմնական շահառուներն ասֆալտ են մաշեցնում

Խորհրդարանի արտահերթ նիստում Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստով քննարկվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:

Նախագիծը ներկայացրեց գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ում խոսքով՝ փոփոխությունները կնպաստեն նոր ներդրված այս կարևոր ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացմանը: Նախագծով առաջարկվում է օրենքի իմաստով պաշտոնատար անձ հասկացությունն ընդլայնել և բացի հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից ներառել նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ներկայացնող անձանց:

Գլխավոր դատախազության մշակած նախագծով փոփոխություններ է առաջարկվում ապօրինի ծագում ունեցող գույքի՝ բարեխիղճ ձեռք բերողի հոդվածում:

Գործող օրենքով, եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ՝ համապատասխան պահանջի առկայության դեպքում, պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար: Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ շուկայական արժեքի պարզման անհնարինության դեպքում կարող է բռնագանձվել այդ գույքի ձեռքբերման արժեքի չափով գումար:

Առաջարկվում է ավելացնել ուսումնասիրություն սկսելու հիմքերը, ըստ որի՝ ուսումնասիրություն կարող է սկսվել նաև այն դեպքերում, երբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք:

Նշենք, որ նիստին ներկա են միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները: Նիստին զուգահեռ ընդդիմադիր պատգամավորները Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են իրականացնում:

Պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձավ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող ԱՄՆ-ում գտնվող առանձնատան բռնագանձման գործընթացին, որը նախաձեռնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք դատախազությունն է դիմել գործընթացի համար, և եթե ապացուցվի, որ գույքն իսկապես ոչ օրինական եկամուտների միջոցով է ձեռք բերվել, ինչպես է գումարը վերադարձվելու Հայաստան:

Սրբուհի Գալյանն արձագանքեց` այդ անձանց մասով քննարկումներն ԱՄՆ գործընկերների հետ սկսվել են ավելի վաղ, քան ապօրինի ծագում ունեցող ստորաբաժանման կազմավորումն էր՝ դեռևս 2018-2019 թվականներից: Գալյանի խոսքով` քրեական գործի շրջանակում համապատասխան հարցումներ են ուղարկվել տարբեր երկրներ, այդ թվում ԱՄՆ և գործընկերները պատրաստակամություն են հայտնել օգնել Հայաստանին: Ըստ դատախազի տեղակալի` այդ գույքի վերադարձի վերաբերյալ խոսելը դեռ վաղ է, ԱՄՆ-ում ևս որոշակի իրավական գործընթաց է ընթանում, սակայն նա վստահեցրեց` Հայաստանի դատախազությունը ներգրավվածութուն ունի այդ գործում:

«ԱՄՆ-ի կողմից վարույթի նախաձեռնման հիմքում ընկած է դատախազության գործողությունների ամբողջությունը»,- ասաց Սրբուհի Գալյանը:

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց, թե ընդդիմադիր գործընկերների շարքում կան արդյոք մարդիկ, որոնց նկատմամբ այս օրենքի շրջանակում վարույթ է իրականացվում: Գալյանն արձագանքեց` կան, սակայն թիվը չկարողացավ մտաբերել: Գլխավոր դատախազի տեղակալը նաև վստահեցրեց` դատախազության համար էական նշանակություն չունի շահառուն ընդդիմադիր է, թե իշխանամետ կամ առհասարակ ինչ քաղաքական հայացքներ ունի:

«Մենք իրացնում ենք մեր օրենսդրական լիազորությունները, որոնք վերապահված են իրավասու մարմնին: Իսկ օրենքի շահառուն ընդդիմադիր է, թե իշխանամետ, որևէ նշանակություն չունի»,- ասաց Գալյանը:

Հիմնական զեկուցողը նաև որոշակի վիճակագրություն ներկայացրեց այդ օրենքի շրջանակում ուսումնասիրվող գործերի մասին, ըստ որի՝ կա ընդհանուր շուրջ 300 ուսումնասիրություն, քսան գործով շահառու անձանց գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց` արգելադրվել է գույքը: 9 հայցադիմում ուղարկվել է դատարան, որից 8-ն արդեն դատարանը վարույթ է ընդունել: Ըստ Գալյանի` այդ ինը հայցադիմումի մասով պետությանը կարող է վերադարձվել 43 միլիարդ դրամի գումար:

Արուսյակ Ջուլհակյանն էլ հայտարարեց` մինչ քննարկում են այս օրենքում փոփոխությունները, վերջինիս հիմնական շահառուները Երևանի փողոցներում «ասֆալտն են մաշեցնում»:

«Ավելի ճիշտ դեռևս փորձում են մաշեցնել, և վստահաբար շարունակական անհաջող: Արցախի փրկության անվան տակ փորձում են փրկել իրենց թալանածը` զբաղվելով իրենց թալանածի ազատազրկմամբ»,- ասաց նա:

Պատգամավորը հիշեցրեց, որ երկու տարի է՝ օրենքն ուժի մեջ է մտել և մեկուկես տարի է, ինչ բուն գործընթացը համապատասխան ստորաբաժանման կողմից ընթանում է: Նա ողջունեց կատարված աշխատանքը, ապա հավելեց` հանրության ակնկալիքներն ավելին են:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ հիշեցրեց, որ ընդդիմադիր պատգամավորները վիճարկում են օրենքի սահմանադրականությունը ՍԴ-ում:

Նա զարմանք հայտնեց, որ երկրի գլխավոր խնդիրները թողած՝ ընդդիմությունը վիճարկում է այս օրենքը:

«Ոչ ոք թող այս օրենքը չընկալի որպես ունեզրկման օրենք, սա բոլշևիկյան օրենք չէ, որը կոչված է ունեզրկելուն, այն կոչված է իրական արժեքը, իրական սեփականատիրոջը վերադարձնելուն: Մարդ տասը տարի պետական ծառայության մեջ է գտնվել, ունեցել է անհամատեղելիության պահանջ և հնարավոր իքս գումարի փոխարեն ունի մեկ միլիոն իքս գումար: Մենք հարց ենք տալիս` կարո՞ղ է բարի լինեիք, գայիք դատարան ու հիմնավորեիք, բայց նույնիսկ այս կոնտեքստում սա դիտարկվում է որպես քաղաքական հետապնդում»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով` խորհրդարանի ամբիոնից մեղադրանքներ են հնչում ընդդիմադիրների հասցեին, որ այս օրենքի շահառու են, սակայն նրանք չեն ուզում պաշտպանվել: Վարդանյանի համոզմամբ, եթե անձը չի ցանկանում պաշտպանվել, ապա դա նշանակում է, որ նա ընդունում է իր մեղքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter