HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հրայր Թովմասյանը պնդում է, որ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցները չպետք է հետազոտվեն

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով երեկ՝ տեղի ունեցած դատական նիստին ապացույցներ հետազոտվեցին: Նիստի ընթացքում Հրայր Թովմասյանը հարց բարձրացրեց այն մասին, որ գործում օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներ կան, որոնք ոչ միայն պետք է անթույլատրելի ճանաչել, այլ առհասարակ դրանք չպետք է հետազոտել:

Խոսքը Հրայր Թովմասյանի տանն իրականացված խուզարկության արձանագրության և գործում առկա լազերային սկավառակի մասին է, որն, ըստ մեղադրանքի կողմի, պարունակում է օպերատիվ հետախուզական միջոցառմամբ ձեռք բերված նյութեր:

Թովմասյանը դիրքորոշում հայտնեց, որ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցը չհետազոտելը նպատակ է հետապնդում վերջնական դատական ակտ կայացնելիս դատավորի անաչառությունն ապահովելու: Ըստ Հրայր Թովմասյանի՝ եթե անգամ հետազոտվելուց հետո ապացույցն անթույլատրելի ճանաչվի, այն չի կարող ազդեցություն չունենալ դատավորի ներքին համոզմունքի վրա, ուստի օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցը, անկախ դրա բովանդակությունից, չպետք է հասու դառնա դատավորին:

Պաշտպանական կողմի դիրքորոշումն ըստ էության այն է, որ ապացույցի հետազոտումը ենթադրվում է նախ ստուգել այդ ապացույցի ծագումը՝ ձեռքբերման օրինականությունը, և եթե դա օրինական ճանապարհով է ձեռք բերվել, ապա նոր հրապարակել դրա բովանդակությունը:

Նորայր Փանոսյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը նշեց, որ տվյալ դեպքում հայտնի չէ գործում առկա լազերային սկավառակի ծագումնաբանությունը, պարզ չէ, թե այն ինչպես է հայտնվել քրեական գործում: Իսկ այն քրեական գործում կարող էր հայտնվել մեկ տարբերակով՝ պետք է առկա լիներ գործով օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու մասին արձանագրություն, որի արդյունքները կլինեին լազերային սկավառակում:

Հետո պաշտպանները միջնորդեցին հրապարակել այդ արձանագրությունը: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը պատասխանեց, որ նյութերը հերթով հրապարակվում են, և եթե նման արձանագրություն լինի, ապա ինքը դա կընթերցի:

Իսկ պաշտպաներն ամենևին էլ պատահական չէին միջնորդում հրապարակել արձանագրությունը. նրանց հայտնի էր, որ այդպիսի արձանագրություն գործում չկա:

Ինչևէ, դատարանն այս փուլում չանդրադարձավ այս ապացույցի թույլատրելիության հարցին ու շարունակեց հրապարակել գործի նյութերը, իսկ  լազերային սկավառակն, ամենայն հավանականությամբ, հաջորդ նիստին կհետազոտվի:

Երբ դատարանը հասավ Թովմասյանի բնակարանում իրականացված խուզարկության արձանագրությանը, Հրայր Թովմասյանի պաշտպանական կողմը կրկին նշեց, որ այդ ապացույցը ևս չպետք է հրապարակվի: Պատճառն այն է, որ Թովմասյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու թույլտվության մասին առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել է:

«Կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որ իմ բնակարանի խուզարկությունը եղել է անօրինական»,- ասաց Հրայր Թովմասյանը»: Վերջինս հարցրեց՝ եթե իր բնակարան գնացել էին նոտարներին առնչվող գործի հետ կապված որոշակի փաստաթղթեր գտնելու ակնկալիքով, այդ ինչո՞ւ էր քննիչը  նկարում իր ննջարանի պատերը, պատերի՞ն էր ինքը փակցրած լինելու փաստաթղթերը:

«Հիմա ես չեմ ուզում, որ Դուք իմանաք՝ իմ ննջարանում ինչ կա, այդ իրավունքը ունե՞մ, թե՞ չունեմ, ուզում եք հասկանալ՝ իմ պատը կապույտ էր, թե կարմիր, ի՞նչ կապ ունի, որ այդ լուսանկարները բերել են»,- դատարանին հարցրեց Հրայր Թովմասյանը:

Դատախազ Արսեն Մարգարյանը նշեց, որ պաշտպանական կողմի խոսքից  կարող է տպավորություն ստանալ, որ Թովմասյանի բնակարանում խուզարկությունն ապօրինի է կատարվել, մինչդեռ իրականում խուզարկությունը կատարվել է առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշման հիման վրա: Դատախազը նկատի ուներ այն հանգամանքը, որ Քրեական դատավարության 427-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից: Խուզարկության թույլտվության մասին որոշումը գործն ըստ էության չլուծող դսատական ակտ է:

Մարգարյանի դիրքորոշմանն անմիջապես արձագանքեց պաշտպան Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ Դատախազությունը մեկ միասնական կառույց է, ուստի կարելի է փաստել, որ Դատախազությունը վերջապես ընդունեց, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Խնդիրն այն է, որ շատ դեպքերում վարույթն իրականացնող մարմինները առաջին ատյանի դատարանի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերն անմիջապես ի կատար չեն ածում՝ սպասելով դրանց բողոքարկման արդյունքում կայացվելիք որոշումներին:

«Պարոն Պողոսյանի խայծը կուլ տվեցիք»,- դիմելով Արսեն Մարգարյանին՝ ասաց Հրայր Թովմասյանը»:

«Ես խայծեր կուլ չեմ տալիս, խայծեր են տալիս»,- կես կատակ-կես լուրջ ասաց դատախազը:

Հաջորդ դատական նիստին կշարունակվի ապացույցների հետազոտումը: Երեկվա նիստն ավարտվեց Հրայր Թովմասյանի ծանրաբեռնվածության պատճառով: Վերջինս դատարանում ամբաստանյալի աթոռին գտնվելուց 20 րոպե անց Սահմանադրական դատարանի դատավորի իր պաշտոնում հանդիպում ուներ միջազգային գործընկերների հետ:

Նշենք, որ Հրայր Թովմասյանը մեղադրվում է Արդարադատության նախարարի պաշտոնում պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Մեղադրանքը չի ընդունում: Այն ժամանակ, երբ Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, վերջինս Սահմանադրական դատարանի նախագահն էր, հայտարարել է, որ իր նկատմամբ սկսված գործընթացները նպատակ են հետապնդել իրենից՝ որպես ՍԴ նախագահի ձերբազատվելու, ինչին, ի դեպ, հասել են:

Ըստ քրեական գործի՝ 2010 թվականից մինչև 2014 թվականն Արդարադատության նախարար եղած Հրայր Թովմասյանը նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել Արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։

Բացի այդ Հրայր Թովմասյանը նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է Նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել Արդարադատության նախարարության և Նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Այս գործով անցնում է նաև Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter