HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բավականին բարդ ճանապարհ ունենք անցնելու, ու ամենավատն էն ա, որ ես մենակ պիտի փորձեմ անել»

Ամեն անգամ աշխատանքից տուն վերադարձող Վահանը սովորության համաձայն մատով կտկտացնում էր դուռը, որտեղ կինն ու երեխաներն սպասում էին նրան: Վահանի՝ դռան թակոցի ձայնը նրանք անգիր գիտեին: Երբեմն նրանք չէին սպասում, մինչեւ հայրը տուն կբարձրանար։ Երբ Երեւանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցում ձայները լռում էին, եւ կիսախարխուլ ու ավազոտ փողոցում երեւում էին Վահանի ավտոմեքենայի լույսերը, երեխաները միանգամից նետվում էին բակ՝ փաթաթվում հորը, որքան էլ նա ասում էր, որ փոշոտ ու կեղտոտ շորերով է: Վահանը մեքենաներ էր վերանորոգում, ընթացագործ էր, նաեւ քարի արտադրամասում էր աշխատում։

Հիմա Վահանի մեքենայի շարժիչ ձայնը չի լսվում, էլ ոչ ոք նրա պես չի կտկտացնում դուռը, բայց ներսում Մերին ու երկու երեխաները՝ Անին ու Գառնիկը, դեռ սպասում են: «Ամեն գիշեր ոնց որ ականջս դռանն ա, որ հեսա կգա ու կտկտացնելու է»,- ասում է Մերին: Լռում ենք: Հյուրասենյակի սեւ ու կարմիր գույներն ավելի են ծանրացնում մեր լռությունը:

Հյուրասենյակի պատերին երեխաների ձեռագրերն են: Թե՛ սեւ ու կարմիր գույներով սենյակը, թե՛ Մերիի պատմությունը ճնշում են: Դրսում արդեն մութ է: 9-ամյա Անին ու 8-ամյա Գառնիկը հաջորդ օրվա դասերն արդեն պատրաստել են ու նստել Մերիի կողքին: Երկուսն էլ քչախոս են: Մի քանի րոպե անց նրանք ննջասենյակ են մտնում:

Մերին Վարդենիսից է: Երեւան էր եկել սովորելու: Ընդունվել էր Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ: Ուսանողական տարիներին էլ հանդիպել էր Վահանին: Այդ ժամանակ Վահանը երթուղային տաքսու վարորդ էր, որից օգտվում էր Մերին: Վերջինս գրեթե միշտ երթուղայինից իջնում էր վերջում, քանի որ տունը վերջնականգառին մոտ էր: Ասում է՝ Վահանի հայացքները նկատել էր: Ընկերությունը կարճ էր տեւել: Վահանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 24-ին, ամուսնացել էին:

Վահանը մեքենաներ էր նորոգում ու քարի արտադրամասում աշխատում: Սենյակների ողջ գույքը, տեխնիկան իր աշխատանքով էր գնել: «Էդ 9 տարիներին ինչ-որ բանից մեզ զրկելով՝ փորձել ենք մինիմալը ստեղծել մեզ համար»,- ասում է Մերին: Մինչդեռ այնքան համատեղ ծրագրեր ունեին, որոնց հետ Մերին այսօր մենակ է մնացել:

Սեպտեմբերի 23-ին որդու՝ Գառնիկի ծննդյան օրն էր: Այդ օրն ընտանիքով միասին նշել էին, իսկ հաջորդ օրը՝ ամուսնու ծննդյան համար Մերին տորթ էր պատվիրել: Երեխաների ծնվելուց հետո Վահանը չէր սիրում իր ծնունդը նշել: Բայց այդ օրը, երբ կինն անակնկալ էր արել, ինքն էլ միս էր գնել, խորոված պատրաստել, եւ բակում սեղան էին դրել՝ նշելով Վահանի 32-ամյակը: Տարիներ անց Մերին այդ օրվա մասին ասում է՝ գուցե այդպես էր պետք, չնախատեսված նշեցին ծնունդը, որը Վահանի կյանքում վերջինը եղավ:

Հոկտեմբերի 8-ին կնոջը խնդրել էր, թե՝ Մերիկո (այդպես էր դիմում նրան), շոր տուր, լողանամ, մարդ կա, գնամ տեսնեմ, գամ: Տնից դուրս գալուց, սովորության համաձայն, համբուրել էր կնոջն ու երեխաներին: Մերին չէր էլ կարող իմանալ, որ դա իրենց վերջին հանդիպումն էր: Երբ Վահանը գնացել էր, որդին ասել էր. «Մամա, սիրտս էնքան անհանգիստ ա, պապան, ոնց որ, բանակ գնա»: Երբ զանգել էր ամուսնուն, Վահանը սկզբից ասել էր, թե կես ժամ-մի ժամից հետ կգա, իսկ մի քանի ժամ անց հայտնել էր, որ զինվորական հավաքակայանում է:

Վահանը մի քանի տեղ կամավորագրվել էր: Նրա զոհվելուց հետո էլ դեռ ջոկատներից զանգում էին, ասում, թե Վահանին կարող եք հայտնել, որ կարող է գալ:

Մինչեւ հոկտեմբերի 16-ը Մերին կարողանում էր կապ հաստատել ամուսնու հետ: Հեռախոսով նամակներ էր գրում, երբ հասնում էր գրածը, ուրախանում էր, որ լավ է, ողջ է: Հոկտեմբերի 16-ին ուղարկված նամակը տեղ էր հասել, բայց երբ հետո զանգել էր ամուսնուն, անպատասխան էին մնացել զանգերը:

Վահանը Հադրութի «Թութակներ» կոչվող բարձունքում է եղել: Նույն դիրքում զոհվել են 6 հոգով: Այս մասին տնեցիներն իմացել են ամիսներ անց:

2021-ի հունվարի 4-ին ամուսնու մարտական ընկերներից մեկը զանգել էր Մերիին, թե՝ դու գլուխդ պիտի բարձր պահես, Մերին հասկացել էր ակնարկը, ինքնազգացողությունը վատացել էր: Այդ պատճառով նրան չէին հայտնել եղելությունը: Փոխարենն ասել էին, որ որոնողական աշխատանքները շարունակվում են: Մերին ասում է՝ մինչեւ վերջ հույս է ունեցել, որ ամուսնուն ողջ են գտնելու:

Հոկտեմբերի 16-ի լուսաբացին՝ Վահանի զոհվելու օրը, Մերին երազ էր տեսել: «Մեր գյուղ մտնող ճանապարհի վրա էինք: Եկավ, մեր կողքով անցավ, բայց մեզ չտեսավ: Թրաշով էր, զենքն ուսից կախած: Ձեն ենք տալիս, հետ չի գալիս: Ոնց որ կինոների մեջ դանդաղեցված կադրերը, ձեն տվեցի, հետ եկավ: Որ քայլում էր, շիբինի վրա արյան հետքեր էր թողնում: Երազիս հաջորդ փուլում՝ թրաշված, լուսավոր, սիրուն, ոնց որ լույս ընկնի վրադ, արդեն տուն էինք հասել: Փող էր տալիս ինձ՝ դոլարներ: Ես հիմա մեկնաբանում եմ, որ դա իր կյանքի գնի փողերն են, եւ զզվում եմ էդ փողերի թեմայից: Ասեցի՝ բայց քեզ փող որտեղի՞ց, ասեց՝ ես արդեն շատ փող ունեմ, ըստ երեւույթին, պետության տված չարաբաստիկ փողերն էին»,-ասում է նա:

Հունվարի 7-ին Գառնիկը երազ էր տեսել: Այդ օրը Մերին շատ վատ էր զգում իրեն, պառկած էր: Գառնիկը մոր կողքին նստած պատմել էր երազը: «Ասեց՝ պապային եմ երազումս տեսել, աստիճանների վրա կանգնած էի, ասեց՝ տղես, իջի, եկել եմ, ու մի քանի ժամ հետո, իրոք, եկել էր»,- ասում է Մերին:

Նույն օրը Վահանի հորեղբոր կինն էր նրանց հյուր գնացել: Երբ Մերին գնացել էր սուրճ պատրաստելու, ոտքերը թուլացել էին, ծնկել էր: Հարազատներն արդեն գիտեին Վահանի զոհվելու մասին, բայց Մերիի վիճակը հաշվի առնելով՝ նրան ոչինչ չէին ասել: Նրանց գնալուց հետո Մերիին զանգել էին: «Տղաներից մեկի կինն էր, տեսավ, որ բան չգիտեմ, հեկեկալով ասեց՝ Մերի, տղերքին գտել են: Ես էլ ասում եմ՝ բայց խի՞ ես լացում, լավ ա, էլ չենք գնա էստեղ-էնտեղ, ասեց՝ չկան… Ու ես էլ բան չեմ հիշում»,- պատմում է 30-ամյա կինը:

Ասում է՝ ներքուստ միշտ վախենում էր Վահանին կորցնել։ Ամուսնության 9 տարիներին ձգտում էր միշտ նրա կողքին լինել, այդ պատճառով նույնիսկ Վարդենիս, որտեղ հայրական տունն է, հազվադեպ էր գնում։

Վահանը լավ ընկեր էր, բոլորին հասնող։ Մերին ասում է՝ երբ զանգեին, ասեին՝ Վահան, մեքենան փչացել է, Սեւանում լինեին կամ Վրաստանում, ամեն ինչ մի կողմ կթողներ, կգնար։ «Կարող ա հագած-կապած լինեինք, որ տեղ գնայինք, ընկերը գար, ասեր՝ ավտոս փչացել ա, կգնար, կսարքեր, որովհետեւ ես չէի նեղանում, իրենք կնեղանային: Ասում էր՝ Մեր, դու ինձ կհասկանաս, իրենք՝ չէ: Բարի էր, ընկերասեր էր շատ, բարեկամասեր»,- ասում է կինը։

Մերին երբեմն ժպտում է, ձեռքերն իրար մեջ առնում: Ներսից փխրուն, բայց դրսից ուժեղ մարդու տպավորություն է ստեղծում: «Բավականին բարդ ճանապարհ ունենք անցնելու, ու ամենավատն էն ա, որ ես մենակ պիտի փորձեմ անել: Ասում են՝ ուժեղ եմ, պարտավորեցնող է: Մեկ-մեկ ցույց չես տալիս, որովհետեւ ոչ մեկը չի հասկանա: Մտածում են՝ դու քարից ես, բայց հա, իրենց ասած ուժեղ լինելն ավելի է ուժեղացնում: Երբեք ցույց չեմ տա իմ թուլությունը»,- ասում է Մերին:

Գառնիկը շատ ծանր է տարել հոր կորուստը: Երբ մայրը ճաշը մոտեցնում էր սեղանին, տղան խնդրում էր հոր համար էլ լցնել: Մեկ էլ կարող էր վազել, մի բաժակ ջուր բերեր, դներ հոր նկարի կողքին: «Ինչ էլ դնեինք սեղանին, ամեն ինչում պապայի բաժինն էր ուզում: Հետո սկսեց խոսել զոհվելուց: Ասում էր, որ ես էլ զոհվեմ, պապայիս մոտ կտանեք: Հետո սկսեց վախենալ, ասում էր, որ պապայի հոգին գա, վախենում եմ՝ ինքն ինձ հետ խոսի, ես իրեն չլսեմ: Հոգեբանին դիմեցի, որովհետեւ չգիտեի՝ ինքս ի՞նձ հանեմ էդ վիճակից, թե՞ էրեխեքին: Հետո մտածեցի, որ Վահանի նկարները հանեմ, որովհետեւ սենյակի դուռը պիտի անընդհատ փակ լիներ: Հոգեբանին բողոքել էր, թե մամաս ուզում ա պապայիս նկարները հավաքի: Այսինքն՝ երկվություն կար՝ վախ նկարներից, հոգուց: Հիմա հաղթահարել է: Բավականին դժվար շրջան էր»,- հիշում է Մերին:

Դրսում բարձրացած սառը քամին խշխշացնում է տերեւները, ու թվում է՝ դրանք պոկելու է, տանի հեռուներ: Այդպես են նաեւ Մերիի մտքերը՝ դեռ ցաքուցրիվ: Երբեմն նա դուրս է գալիս միայնակ զբոսնելու, ինքն իրեն հասկանալու համար: Մտածում է կիսատ թողած ուսումը շարունակել, ծրագրավորում սովորել, այս ընթացքում թվային մարքեթինգ է սովորել, բայց աշխատանքի հարցում դեռ որոշակիության չկա:

«28 տարեկան էի: Գիտե՞ք, թե ինչքան բան տեսա: Լինել մի միջավայրում, որտեղ բոլորը զոհվածի մամաներ են, տեսնել էդ մարդկանց ցավը, կրկնապատիկ քոնը, դիահերձարաններում տեսնել մարմիններ, փորձել նմանեցնել տարանջտված մարմնի հատվածներ ու փորձել գտնել քեզ ծանոթ ինչ-որ հատված… Ես, որ էդ տեսակ բաների չէի կարողանում նայել, անցնում էի այդ ամեն ինչի միջով: Նայում էի նկարներ, պատկերացրեք՝ մի անգամ ուշաթափվել եմ տեղեկատվական բյուրոյում։ Էդտեղ լինես ու մամաները, լացելով մտնեն, ասեն՝ գտեք իմ էրեխուն, ականջիս մեջ էդ ձայները, աչքերիս առաջ՝ էդ նկարները: Բավականին բարդ ճանապարհ անցա ու հիմա էդ ամեն ինչը փորձում եմ ջնջել: Ու մարդիկ ինձ հարց են տալիս, թե դու անճանաչելի ես, դու պահի տակ մի քանի անգամ կարաս փոխվես, բայց ոչ մեկին չեմ կարողանում բացատրել, թե ինչ եմ զգում»,- ասում է 30-ամյա կինը: Մենք դարձյալ լռում ենք, Մերիի դեմքին տխրության խիտ ամպ է բարձրանում: Ու իմ վերջին հարցը ապագայի մասին, կարծես, տարրալուծում է դա, եւ պատասխանը որոտի պես լսվում է սենյակում:

«Ես հիմա ապրում եմ էսօրով: Վերջերս մի նյութ կարդացի, որ ավանդական հայկական ընտանիքներում պահածոներ են փակում ձմռան համար, բայց մենք չգիտենք՝ էդ ձմեռը գալու՞ է, թե՞ չէ: Էսօրով եմ ապրում, շնորհակալ եմ էսօրվա համար՝ վաղվա սպասումով»,- ասում է Մերին: Նրա միակ երազանքը երեխաներին իրենց նպատակներին հասցնելն է, ամուր կանգնած տեսնելը:

Մենք դեռ զրուցում ենք, բայց արդեն առանց ձայնագրիչի: Մերիի աչքերում աննկատ կարմիր բծեր են ավելանում, երբեմն խոր հոգոցներով դադարներն են շատանում։ Թվում է, թե անձրեւի ձայն ենք լսում, մինչդեռ դրսում չոր ու քամոտ եղանակ է: Մերին մեզ ուղեկցում է դուրս, սակայն մինչ այդ առաջարկում է սուրճ պատրաստել, մենք հրաժարվում ենք։ Հետո նա մեզ տխուր ժպիտով հրաժեշտ է տալիս բակում։ Մուգ կապույտ երեկոն արդեն տարածվել է մեր շուրջը, իսկ երկրորդ հարկի դեղին լույսը, դրսից ավելի շատ լապտերի նման է։ Ներսում Անին ու Գառնիկն են՝ իրենց քչախոսությամբ ու ծածուկ երազանքներով։

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter