HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որ բանկերն են շահույթով առաջատարները 

Այս տարվա առաջին եռամսյակում շահույթի գծով առաջատարը «Ամերիաբանկ»-ն է, որի շահույթը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 89%-ով աճել է։ Շահույթի էական աճ են գրանցել նաև «Արդշինբանկ»-ը, «Ինեկոբանկ»-ն ու «ԱԿԲԱ բանկ»-ը։ 

2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի առևտրային բանկերից 16-ը շահույթով են աշխատել և միայն 1-ը՝ վնասով։ Նրանցից 13-ի շահույթը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է։

Ինչպես գրել ենք, այս տարվա առաջին եռամսյակում հայաստանյան բանկերը մի շարք ցուցանիշների գծով աճ են գրանցել, ինչպես՝ ակտիվների, կապիտալի, վարկերի ու շահույթի։ Որոշ ուղղություններով էլ անկում կա, օրինակ՝ ավանդների։ 

Առաջին եռամսյակում 17 բանկերը միասին 30.8 մլրդ դրամի զուտ շահույթ են ապահովել։ Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ բանկերի շահույթն աճել է 11.4 մլրդ դրամով կամ 58.6%-ով։ 

«Հետք»-ն ուսումնասիրել է 17  բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ պարզելու շահույթի ինչ ցուցանիշ է գրանցել յուրաքանչյուր բանկ և թե որ բանկերի հաշվին է առավելապես աճել համակարգի շահույթի ընդհանուր թիվը։

Այսպիսով, զուտ շահույթի գծով առաջատարը «Ամերիաբանկ»-ն է, որը երեք ամսում 7.5 մլրդ դրամի շահույթ է ապահովել։ Դա 3.5 մլրդ դրամով կամ 89%-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին եռամսյակում բանկի գրանցած շահույթի ցուցանիշը։ 

Հաջորդում է «Արդշինբանկ»-ը՝ 4.6 մլրդ դրամի շահույթով, «Ինեկոբանկը»՝ 3.2 մլրդ դրամով, «ԱԿԲԱ բանկ»-ը՝ 3 մլրդ դրամով։ Ամենամեծ շահույթ գրանցած բանկերի հնգյակը եզրափակում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը՝ 2.1 մլրդ դրամի շահույթով։ 

Նշված բոլոր բանկերը շահույթի էական աճ են գրանցել։ Մանրամասները ինֆոգրաֆիկայում։ 

Եթե փորձենք բացարձակ թվի հիման պարզել թե բանկային համակարգում այս տարվա առաջին եռամսյակում 11.4 մլրդ դրամի շահույթի աճը որ բանկերով է պայմանավորված, ապա կտեսնենք, որ այստեղ ամենամեծ նպաստումը ունեցել են «Ամերիաբանկ»-ը (+3.5 մլրդ դրամ), «ԱԿԲԱ բանկ»-ը (+2.3 մլրդ դրամ), «Արդշինբանկ»-ը (+1.9 մլրդ դրամ), «ՀայԷկոնոմբանկ»-ը, որը նախորդ տարվա առաջին եռամսյակը վնասով էր փակել (+1.3 մլրդ դրամ) և «Ինեկոբանկ»-ը (1 մլրդ դրամ): 

Մնացած բանկերի պարագայում շահույթը 1 մլրդ դրամից քիչ է աճել, որոշների պարագայում՝ անկում է գրանցվել։

Եռամսյակը վնասով է փակել մեկ բանկ՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը՝ 632 մլն դրամի վնասով։ 

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի մեկնաբանմամբ՝ այս տարվա առաջին եռամսյակում բանկերի շահույթի էական աճը պայմանավորված է կապիտալի մեծացմամբ ու բանկային գործարքների ծավալների աճով։  Նշված ժամանակահատվածում բանկերի ակտիվներն աճել են 1.4%-ով, կապիտալը՝ 15.4%-ով, նրանց կողմից տրամադրվող վարկերի ծավալը՝ 3.1%-ով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter