
Քաղաքագետ. «Սա լինելու է ժամանակավոր կառավարություն»
«Մեր հասարակությունը գտնվում է վախի մթնոլորտի ազդեցության տակ, մարդիկ ազատ չեն, չեն կարող իրենց քաղաքական կամքն ազատ դրսևորել»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանում դեռևս գոյություն չունի իրավական պետություն, մարդիկ պաշտպանված չեն օրենքով, այդ պատճառով էլ ընտրություններին մարդիկ չկարողացան լինել ազատ, և նրանց նկատմամբ կիրառվեց հարկադրանք: Արդյունքում քաղաքական դաշտում չառաջացավ նոր որակ, և չկա վստահություն պետական ինստիտուտների նկատմամբ:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կազմակերպության ղեկավար Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքական դաշտը մի փուլում է, երբ ընտրական համակարգը չի գործում: Այս ընտրություններին կիրառվեց ոչ թե վարչական ռեսուրս, այլ վարչական հարկադրանք. ոչ միայն ընտրակաշառք էին բաժանում, այլև ստիպում էին վերցնել այդ կաշառքը:
Ա. Ղուկասյանի կարծիքով՝ սա լինելու է ժամանակավոր կառավարություն, որովհետև եթե իշխանությունները չեն կարողանում ամբողջապես լուծել առկա խնդիրները, ապա դրանք պետք է լուծել ժամանակավոր համակարգի միջոցով: Իսկ այս ընտրությունները պարտություն էին ամբողջ քաղաքական համակարգի համար: Պարտվել են թե ընդդիմությունը, որը չկարողացավ բավարար ձայներ հավաքել, թե իշխանությունը, որին չհաջողվեց ձեռք բերել հանրության վստահությունը և լուծել իր առջև ծառացած խնդիրները:
Ա. Ղուկասյանի խոսքերով՝ Հայաստանի իշխանությունների նկատմամբ չկա վստահություն թե դրսում (որը կազդի ներդրումների ծավալի վրա, և Հայաստանը կդիտվի որպես ռիսկային գոտի), թե ներսում (որտեղ առկա անվստահության մթնոլորտը կնպաստի արտագաղթի աճին):
Քաղաքագետը նշեց, որ այժմ հասարակությունը սկսում է փոխել իր վարքագիծը՝ մտնելով ակտիվ գործողությունների դաշտ: Եվ երբ քաղաքական դաշտն ու կուսակցություններն այլև ի վիճակի չեն իրականացնել պետական արդյունավետ ղեկավարում, դա պետք է անի հասարակությունը:
Ստեփան Դանիելյանը հավելեց, որ քաղաքական դաշտն արդեն սպառված է և անելիք չունի: Հետևաբար, Ազգային ժողովում ընդդիամդիր ուժերի կոալիցիա կազմելը էական նշանակություն չի ունենա:
Լուսանկարում՝ Ստեփան Դանիելյան (ձախից) և Անդրեաս Ղուկասյան
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել