
Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է. Արցախի իշխանությունների արձագանքը Փաշինյան-Ալիեւ բանակցություններին
«Արցախի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում և քննարկումներում Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ հնչեցվող հայտարարություններին՝ միանշանակ է և արտահայտվել է մի քանի անգամ նախագահի ու Ազգային ժողովի կողմից»,-«Արցախպրես»-ին տված մեկնաբանությունում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը եւ հիշեցրել 2021 թվականի դեկտեմբերին նախագահ Հարությունյանի հրապարակած դրույթներից մի քանիսը՝
- Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ։ Այդ հարցի բացառիկ տերը Արցախի ժողովուրդն է։
- Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը իշխանությունների ուղենիշն է մնում։ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է։
- Ոչ միայն կարգավիճակի, այլև ժողովրդագրական առումով վերադարձն անցյալին անընդունելի է։ Արցախի Հանրապետությունն ունի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր։
ԱՀ նախագահի խոսնակի խոսքով՝ իր քաղաքականությունն Արցախի իշխանությունը կառուցում ու իրականացնում է Արցախի Հանրապետության անկախության հռչակագրին և մայր օրենքին համապատասխան՝ համագործակցելով բոլոր գործընկերների հետ։
Լուսանկարը՝ Արցախպրեսի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել