
ԶԼՄ փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Խորհրդարանը և մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 67 կողմ ձայնով ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Լիլիթ Մինասյանի հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:
Այս փոփոխություններով՝ պետական մարմինը հնարավորություն է ստանալու հարկ եղած դեպքում լրագրողին զրկել հավատարմագրումից: Գործող կարգավորումների համաձայն՝ լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից միայն ԶԼՄ-ի դիմումի հիման վրա, ըստ պատգամավորների՝ իրենց հեղինակած նախագծով, ինչպես իրենք են հայտարարում, փորձում են լրացնել օրենսդրական բացը և պետական մարմնին ևս հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն տալ:
Պետական մարմնի կողմից լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն եթե տվյալ ԶԼՄ-ն նախազգուշացում է ստացել, և մեկ տարվա ընթացքում երկրորդ դեպքն է, երբ լրագրողը խախտել է տվյալ գերատեսչության աշխատակարգի կանոնները:
Եվ չնայած Կառավարությունը, մասնավորապես՝ Արդարադատության նախարարությունն առաջարկում էր որոշակիորեն հստակեցնել, թե ինչ իրավիճակների դեպքում պետական մարմինը կարող է զրկել լրագրողին հավատարմագրումից, ինչպես` արգելված գոտի գնալիս, սակայն նախագծի հեղինակները չհամաձայնեցին` նշելով, որ յուրաքանչյուր գերատեսչություն ունի իր առանձնահատկությունները, և չեն կարող նախագծով յուրաքանչյուրի համար առանձին կարգավորում ներառել:
Եւ այսպես` նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց այդ տեսքով: Նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը նախագծի քննարկմանը հայտարարեց` այն ԶԼՄ-ների դեմ չէ, պարզապես փորձում են այս կերպ ապահովել պետական մարմինների աշխատանքային միջավայրը, և բարեխիղճ ԶԼՄ-ները որևէ կերպ չեն կարող դեմ լինել այս փոփոխություններին:
Նախագիծը պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:
Մեկնաբանել