HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Նոյեմբերի 3-ի գիշերվա մարտը Շուշիի համար․ 9 հոգանոց ջոկատը 2 զոհ է տվել

Մարտերը Շուշիի համար՝ նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերընոյեմբերի 5-ից 7-ը

Շուշի-Լիսագոր ճանապարհին հիմնականում աշխարհազորից կազմված հայկական 9 հոգանոց ջոկատը, 6 ժամ մարտ վարելուց հետո 2 զոհ և վիրավորներ տալով, նահանջել է Շուշի։

2020 թ.-ի նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ջոկատի վարած մարտի, տարածքում այլ հայկական զինված խմբերի, օգնության բացակայության և այլնի վերաբերյալ «Հետք»–ը զրուցել է Շուշիի աշխարհազորի վաշտի հրամանատար, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի, ջոկատի կազմում պատերազմին մասնակցած Արտակ Սարգսյանի և Նվեր Տոնապետյանի հետ։ Որոշ տվյալներ ճշտել ենք նույն գիշերը մարտերին մասնակցած այլ պահեստազորայիններից։

Շուշիի աշխարհազորայիններից կազմված վաշտը ձևավորվել է պատերազմի ժամանակ։ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, մինչ վաշտի կազմավորումը, առաջարկել է, որ ստորաբաժանման հրամանատար դառնա իր եղբայրը՝ Անդրանիկ Սարգսյանը, որն Արցախյան առաջին եւ 2016-ի քառօրյա պատերազմների մասնակից էր։ Որոշակի քննարկումներից հետո հիմնականում Արցախի բնակիչներից կազմված աշխարհազորի վաշտի հրամանատար նշանակվում է հենց Արծվիկ Սարգսյանը, քանի որ նա ավելի մեծ ճանաչում է ունեցել։

Վաշտի տղաներին նոյեմբերի 1-ից միացել է պահեստազորայինների վաշտից առանձնացած Նվեր Տոնապետյանը։ Մինչ այդ Տոնապետյանը Հայաստանից տեղափոխված ՄՈԲ-ի կազմում մարտական գործողության էր մասնակցել Քարին Տակ գյուղում (ՄՈԲ-ի գործողություններին առաջիկայում կանդրադառնանք)։

Նոյեմբերի 1-ին աշխարհազորայինների վաշտը հրաման է ստանում զբաղեցրած «Բերդ 4» դիրքերից (Շուշիի՝ Քարին Տակին նայող դիրքերից) վերադառնալ ռեզերվ (Շուշի) և ըստ անհրաժեշտության ներգրավվել մարտերին թեժ կետերում։ Նույն օրը երեկոյան վաշտի անձնակազմին հրամայում են գնալ Շուշի-Լիսագոր ճանապարհի էլեկտրակայանի մոտ։ Տեղեկություն էր ստացվել, որ հակառակորդի շարժ է նկատվել նախկին Նաբիլար գյուղի մերձակայքում։ Վաշտի անձնակազմի մի մասը մնում է Շուշիի հիվանդանոցի մոտ տեղակայված դիրքերում, մյուս մասը՝ մոտ 12 հոգի, գնում է էլեկտրակայանի մոտ։ Ամբողջ գիշեր դիտարկում կատարելով և շարժ չնկատելով՝ առավոտյան վերադառնում են Շուշի։

Նոյեմբերի 1-ի դրությամբ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ էին Ջրականից մինչև Հադրութ, Հադրութից մինչև Ավետարանոց և Սղնախ գյուղեր ընկած տարածքները։ Նրանք գրավել էին նաև Սղնախ և Քարին Տակ գյուղերի միջնամասում գտնվող Չախմախ տեղամասը և առաջանում էին Քարին Տակ-Լիսագոր ուղղությամբ։ Հայկական ուժերը պատրաստվում էին Շուշիի պաշտպանությանը։

Նոյեմբերի 1-ին Նվեր Տոնապետյանը առանձնանում է պահեստազորայիններից և միանում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի գլխավորած վաշտին։ Սարգսյանի եղբոր՝ Անդրանիկ Սարգսյանի հետ նրանք եղել են Շուշի քաղաքում ստեղծված դիրքերում (Բերդ 2, Բերդ 3, Բերդ 4 և այլն), սնունդ և անհրաժեշտ պարագաներ են հասցրել Շուշի-Լիսագոր ճանապարհին հարող Զառսլու տեղամասում դիտարկում իրականացնող տղաներին։ Նոյեմբերի 2-ին վաշտի տղաները պարբերաբար պտտվում և դիտարկում են կատարում իրենց վստահված դիրքերում, որտեղ մի մասը հերթապահություն էր իրականացնում:

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14:00-15:00-ի սահմաններում, Անդրանիկ Սարգսյանը և Նվեր Տոնապետյանը գնում են Զառսլու տեղամաս, որը Շուշիից ուղիղ գծով 7 կմ հեռավորության վրա է (դեպի Լիսագոր)։ Ճանապարհին հայկական զինված խմբերի են տեսնում։ Զառսլուի դիրքում գտնվող 2 տղայի սնունդ, փամփուշտներ են հասցնում։ Այդտեղից դիտարկվում են Լիսագոր և Քիրս սարն ընկած ուղղությունները։

Զառսլուից Շուշի վերադառնալու ժամանակ էլեկտրակայանի (Շուշի-Քարին Տակ խաչմերուկից մոտ 1 կմ հեռավորություն) տղաները տեսել են, թե ինչպես է հայկական տանկը ճանապարհի վրայից կրակում Քարին Տակ-Քիրս ուղղությամբ և արագ դիրքավորվում բլուրի տակ գտնվող թաքստոցում։ Միևնույն ժամանակ հայկական «JSB» տրակտորը էլեկտրակայանի հարևանությամբ խրամատներ էր փորում։ Տղաների մոտ հարց է առաջանում՝ եթե տանկը կրակեց ու արագ պաստպարվեց, ինչպե՞ս է, որ դեղին գույնի, տեսանելի տրակտորը հակառակորդը չի խոցում։ Հակառակորդը ճանապարհի ուղղությամբ հեռահար կրակ էր վարում Քարին Տակ գյուղի հարավարևմտյան մասից։ Տղաները, Շուշի-Լիսագոր ճանապարհի՝ էլեկտրակայանին հարող հատվածներում հայկական խմբերի չհանդիպելով, վերադառնում են Շուշի։

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 18:00-ի սահմաներում, նույն՝ Շուշի-Զառսլու ճանապարհով անցնում են Արծվիկ Սարգսյանի վաշտից այլ տղաներ, որոնց հետ էր Արտակ Սարգսյանը։ Զառսլուում գտնվող 2 տղային հեռախոսի մարտկոց են հասցնում, ապա վերադառնում Շուշի։ Բերդաքաղաք չհասած՝ ճանապարհի եզրին բազմաթիվ հայկական խմբեր են տեսնում։ 

«Ճանապարհի կողքով 20 մետրը մեկ զորք էր կանգնած։ Եթե էդ զորքը չփախներ, չգիտեմ՝ փախել, թե հանել են, մենակ ներքև կրակեին… Էդտեղ հնարավոր չէր, պատկերացնո՞ւմ ես՝ դու սարի վրա կանգնած, ձորից գալիս են։ Անկապ մենակ դեպի ձորը կրակեին, թե կարողանար մի մարդ բարձրանար․․․ եսիմ, ես չեմ հավատում»,- 2020 թ.-ի նոյեմբերի 5-ին Արցախում «Հետք»-ի հետ զրույցում պատմել էր Արտակ Սարգսյանը (ջոկատի գործողությունից 1 օր անց)։

Նոյեմբերի 3-ի գիշերը վաշտի տղաները փորձել են հանգստանալ և պատրաստվել հաջորդ օրվա գործողություններին։ «Որ ասեմ կոնկրետ տեղ ենք եղել՝ չէ, 3 ժամ այստեղ, 3 ժամ՝ այնտեղ, անընդհատ պտտվել եմ։ Նոյեմբերի 1-ին որ դուրս եմ եկել տղերքի մոտից (ՄՈԲ-ից) ու միացել եմ իրենց (Արծվիկ Սարգսյանի վաշտին), համարյա կարելի է ասել՝ նորմալ չենք էլ քնել: Նոյեմբերի 3-ին էլ վրաներս վիճակ չկար։ Երեկոյան գնացինք Արծվիկի վաշտի համար համազգեստ ստանալու։ Ստացանք, խոսում էինք, ասեցին՝ մեզ մարդ է պետք։ Ասեցի՝ եթե մարդ է պետք, մեր ընկերները (ՄՈԲ-ի տղաները) այսինչ տեղն են, ասեցին՝ մի 20 հոգի, ասեցի՝ խնդիր չկա, նոյեմբերի 4-ի առավոտը գնանք։ Իրենք էլ են շատ ուզում, ասեցին՝ հարց չկա»,- նշում է Նվեր Տոնապետյանը՝ խոսելով նոյեմբերի 4-ի առավոտյան սպասվող մարտերի նախապատրաստական փուլի մասին։ Սակայն իրադարձությունների ընթացքը ժամ առ ժամ էր փոխվում։ 

Նոյեմբերի 3-ի լույս 4-ի կեսգիշերին Նվեր Տոնապետյանին քնից արթնացնելուց հետո Անդրանիկ Սարգսյանն ասել է՝ տեղեկություններ կան, որ ադրբեջանական ուժերը մի քանի տասնյակ ամենագնացներով Քարին Տակ գյուղի ուղղությամբ են շարժվում (հետագայում պարզվում է, որ տեխնիկայի առաջխաղացում եղել է, բայց Լիսագորի ուղղությամբ)։ Տղաները պայմանավորվում են, որ առավոտյան այդ ուղղությամբ դիտարկում կանեն, սակայն 1-2 ժամ անց անհանգստացնող մեկ այլ լուր են ստանում:

Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը՝ ժամը 03:20-ի սահմաններում, Անդրանիկ Սարգսյանը զանգ է ստանում, որից հետո տղաներին հայտնում է, որ ադրբեջանցիները հարձակվել են։ 

«Զանգեց, ռացիան իր մոտ էր, բա՝ «համար մեկ» են տվել։ Ես էլ ասացի՝ տղաներից վերցրու, գնա։ Չէինք սպասում, որ այդպես կարող է լինի։ Տղաներին վերցրել, գնացել է։ Այդտեղ Անդրանիկն էր, Արտակը, Արմենակ Մադաթյանն էլ էր, որ էլի զոհվել է։ Իրենք գնացին ու կես ճանապարհից կապվեցի։ Ասեց՝ փամփուշտի պակաս կա, ասել եմ հետ արի, միասին գնանք, ասեց՝ չէ, սպասի, տեսնեմ ինչ է։ Դե ինքը գնաց․ միանգամից մտավ մարտի մեջ»,- նշեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։ 

Անդրանիկ Սարգսյանն ու Արտակ Սարգսյանը վաշտի տղաներից ևս 7 հոգու հետ մեքենաներով դուրս են գալիս Շուշիից։ Քարին Տակ-Շուշի խաչմերուկից առաջանալով Լիսագորի ճանապարհով՝ մոտ 300 մետր էլեկտրակայանի ուղղությամբ, մեքենաները կանգնեցնում են և վազքով առաջ գնում։ Արտակ Սարգսյանի խոսքով՝ իրենք պետք է գնային «Տիսկանց քերծ» տեղամաս (էլեկտրակայան չհասած), սակայն տեղում որոշվում է, որ պետք է դիրքավորվեն էլեկտրակայանի հարևանությամբ (դեպի Լիսագոր)՝ պատրաստի խրամատում։

Տղաներին ընդառաջ մի քանի տասնյակ պահեստազորայիններ են գալիս (Լիսագորի ուղղությունից)։ Նրանց հարցնում են, թե ուր են գնում։ Պատասխանում են, որ նահանջի հրաման ունեն։ Նույնիսկ վեճի են բռնվում պահեստազորայինների հետ, որ մնան, միասին հասկանան, թե ինչ է հնարավոր անել, սակայն արդյունքի չեն հասնում։

Անդրանիկի ջոկատի տղաները նրա հետ միասին դիրքավորվում են էլեկտրակայանից մոտ 50 մետր հեռավորության վրա (դեպի Լիսագոր)։ Տղաները խրամատ մտնելուց տեսնում են զենք-զինամթերք, այդ թվում՝ ПК տեսակի գնդացիր։ Հետագայում են իմանում, որ խրամատում մինչև իրենց գալը եղել են հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողներ (Արցախի ԱԱԾ-ից)։

Արծվիկ Սարգսյանը, հղում կատարելով ականատեսներին, նշում է, որ Անդրանիկի ջոկատը դիրքավորվել է Արցախի նախագահի թիկնազորի այդ ժամանակվա ղեկավար Հրայր Եսայանի դիրքում։ Իսկ Հրայր Եսայանը մի խումբ տղաների հետ առաջացել է դեպի «Իսայի աղբյուր» (Շուշի գնացող ճանապարհից ձախ՝ արևմուտք)։ 

«Նրանցից այն կողմ (դեպի Լիսագոր) էլի ԱԱԾ-ի զորքն է եղել։ Էլեկտրացանցը որ անցնում ենք, այդ պոստն է եղել Անդրանիկը, դրանից մի քիչ հեռու մի հատ էլի դիրք է եղել, խրամատներ է եղել, այդ խրամատների անձնակազմն այդ ժամանակ էդտեղ չի եղել։ Ինձ համար էլ է հարցական։ Չնայած մի տղայի պատահական հանդիպել եմ, խոսեցրել եմ։ Ասում է՝ դե մեզ ասել են նահանջեք։ Մինչև մարտի մասնակցելը դրանք նահանջել էին։ Հենց էդ արանքով բաց է մնացել, թուրքերն այդտեղով են եկել»,- պատմեց Արծվիկ Սարգսյանը։ 

Նշենք, որ մինչ Անդրանիկ Սարգսյանի ջոկատը կհասներ էլեկտրակայանի մոտ, դրանից ուղիղ գծով մոտ 700 մետր դեպի Լիսագոր շրջափակման մեջ էին հայտնվել «Արագ արձագանքման» անունը ստացած ՄՈԲ-ի դասակի տղաները, 2 մեքենայով: Դասակի անձնակազմը, զոհեր և վիրավորներ տալով, չի կարողացել հասնել Զառսլուի ուղղությամբ գտնվող «Բերդ 12» և «Բերդ 13» դիրքեր, որոնք հարձակման էին ենթարկվել Նաբիլարի ձորից գրոհող թշնամու կողմից։ 

Ջոկատի տղաները տեսնում են իրենց դիրքից ուղիղ գծով 700 մետր հեռավորությամբ գտնվող ոլորանում խոցված երկու մեքենա կա, որոնք «Արագ արձագանքման» դասակի մեքենաներն էին։ «Մի հոգի կար մոտներս, էդ տղերքից էր մնացել, ասում էր՝ ընկերս վիրավոր է, մնացել է այստեղ։ Այդտեղ երկու հատ մեքենա էր մնացել պավառոտի վրա, երևում էր, այս մասն էր կանգնած։ Տեսնում էինք այդ մեքենանները։ Խփվելը չենք տեսել։ Այդ մեքենանները կանգնած են եղել, ու մարդ կար այդտեղ, իրար էին գալիս, մենք չունեինք «նաչնոյի» ինչ-որ բան։ Հեռադիտակով նայում էինք: Երևում է, որ մարդ է իրար գալիս, արդեն լույս էր բացվում։ Ժամը 4-ին քսան պակաս չենք տեսել, այդ ժամանակ ձորի մեջ ենք կրակել։ Արդեն լույսը որ բացվում էր, այդ ընթացքում երևաց։ Մենք հլը չենք կրակել էս մասի վրա, մենք մենակ ձորի մեջ էինք կրակում»,- նշում է Նվեր Տոնապետյանը։

Ըստ Նվեր Տոնապետյանի՝ նոյեմբերի 4-ի լուսաբացին Անդրանիկ Սարգսյանին հեռախոսով հայտնում են, որ ադրբեջանական ուժերը ճանապարհը կտրել և բարձրանում են «Իսայի աղբյուրին» հարող բլուրը։ Սակայն մինչ այդ նրանց թույլ չէին տալիս այդ ուղղությամբ կրակել։ Միայն Նվեր Տոնապետյանն այդ ընթացքում հաշվում է բլուրը բարձրացող հակառակորդի 5 տասնյակ կենդանի ուժ։

«Անդրանիկը ПК-ն էր կրակում, տղերքը լցնում, տալիս էին, ես էլ խրամատից դուրս կանգնած եմ կրակել։ Անհարմար էր խրամատից։ Տարիքով մարդիկ էին, ասում էին՝ իջի, իջի ներքև, կռիվ էր՝ կռվում էի, շա՞տ էի հասկանում՝ ինչ է կատարվում։

Ասեցինք՝ խփում ենք արդեն (ադրբեջանցիներին), շատ էին բարձրանում, մեզ չէին թողնում, ասում էին՝ մերոնք են, մերոնք են, բայց ես 50 հոգու հաշվեցի, որ ճանապարհը կտրեցին-անցան։ Հիսունից հետո այդ մասից, որ բարձրանում էին, դրանից հետո ֆռացի Անդրանիկին ասեցի՝ հոպար, շատ են արդեն, մեզ ասում են՝ մերոնցից 5-6 հոգի են, բայց արդեն 50 հոգու հաշվեցի, ու ПК-ն պտտել ենք էդ կողմի վրա ու սկսել ենք խփելը»,- նշում է Նվեր Տոնապետյանը՝ հավելելով, որ այդ պահից ավելի թեժ մարտի մեջ են մտել։

Անդրանիկ Սարգսյանը մինչև զոհվելը եղբորը՝ Արծվիկ Սարգսյանին, հեռախոսազրույցում ասել է, որ ձեռքի նռնականետ (ՁՀՆ-7) է անհրաժեշտ, որպեսզի ճանապարհը հատած հակառակորդի 40-50 հոգանոց կուտակված խումբը ոչնչացնեն։ Արծվիկ Սարգսյանը եղբորն ասել է, որ հրետանու համար նշանակետն ասի, ինքն էլ կապվում է հրետանու հետ, սակայն այդպես էլ հրետանին չի խոցում հակառակորդին։

Հակառակորդի դիպուկահարը «Իսայի աղբյուրին» հարող բլրից նշանառության տակ է վերցրել Անդրանիկի ջոկատի տղաներին, նրանք էլ՝ անդադար բլուրը բարձրացող ադրբեջանցիներին։ Նվեր Տոնապետյանը, նկատելով հակառակորդի մի խմբի, ձայն է տվել Անդրանիկին, որ նա գնդացրով խոցի, սակայն Անդրանիկը չի արձագանքել։ Հենց այդ պահին էլ Նվերը տեսել է, թե ինչպես է զոհվում Անդրանիկ Սարգսյանը։ Արագ մոտեցել է ջոկատի հրամանատարին, բայց ինքն էլ է վիրավորվել։ Տեսել է նաև, թե ինչպես է զոհվում ջոկատի տղաներից Արմենակ Մադաթյանը։

Անդրանիկ Սարգսյանի զոհվելուց հետո ջոկատի հրամանատարությունը ստանձնել է Արտակ Սարգսյանը, որն էլ, գնահատելով իրավիճակը, հրամայել է ջոկատի տղաներին դուրս գալ էլեկտրակայանի մոտ գտնվող խրամատից։ Հակառակորդը հետապնդել է ջոկատի ողջ մնացած և վիրավոր անձնակազմին՝ նրանց ուղղությամբ նռնակներ նետելով։ Այդ ժամանակ երկրորդ անգամ է վիրավորվել Նվեր Տոնապետյանը։ Ջոկատի ողջ մնացած անձնակազմը մի կերպ հասել է «Իսայի աղբյուրի» մուտքի մոտ, որտեղից վիրավորներին մեքենաներով հասցրել են հոսպիտալ:

 

Նոյեմբերի 4-ից մինչև պատերազմի ավարտը հակառակորդն իր վերահսկողության տակ է պահել Շուշի-Լիսագոր ճանապարհը: Նոյեմբերի 4-7-ը ադրբեջանական ուժերը, «Իսայի աղբյուրի» ուղղությամբ առաջանալով, շրջափակման մեջ են գցել հայկական ուժերին, ապա մտել գրեթե դատարկված Շուշի քաղաք:

Շուշիի պաշտպանական մարտերի, ռազմական գործողությունների վերաբերյալ հատվածներն առաջիկայում կարող են թարմացվել։ Մարտերին մասնակցած անձինք կարող են կապ հաստատել «Հետք»-ի խմբագրության հետ։

Ձևավորումը՝ Տիրայր Մուրադյանի

Տեսանյութերը՝ Նարեկ Ալեքսանյանի, Հակոբ Պողոսյանի

Մոնտաժը՝ Նարեկ Ալեքսանյանի, Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter