HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Առաջարկվում է նպաստների վճարումները կատարել միայն անկանխիկ եղանակով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտադիր է ընտանեկան և սոցիալական նպաստների, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումներն իրականացնել անկանխիկ եղանակով։ «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախարարությունն առաջարկում է նպաստների և հրատապ օգնության գումարների վճարումները քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում անկանխիկ եղանակով իրականացնել 2023թ․ հունվարի 1-ից, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցող բնակավայրերում՝ 2024թ․ հունվարի 1-ից։

Այս ժամկետները առաջարկվել են՝ հաշվի առնելով կենսաթոշակների՝ անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամանակացույցը, որի համաձայն՝ քաղաքներում արդեն ներդրվել է համակարգը, 2023թ. hունվարի 1-ից կներդրվի 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում։ Կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարվում է միայն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձանց՝ իրենց դիմումի հիման վրա։

Գործող կարգավորումների համաձայն՝ ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումն իրականացվում է կանխիկ և անկանխիկ եղանակներով: 

Ինչպես ասվում է նախագծի հիմնավորման մեջ, «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով կանխիկ վճարումերի համար սահմանված է ծառայությունների մատուցման վճար՝ փաստացի վճարված գումարի 1 տոկոսի չափով: Վերջինիս կողմից առաջարկվել է վերանայել ծառայությունների մատուցման գինը՝ սահմանելով ավելի բարձր սակագին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ակնկալում է, որ նախագծի ընդունման դեպքում կբարելավվի ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարման գործընթացը և կնվազեն պետական բյուջեի միջոցների ծախսերը, քանի որ  բանկերի միջոցով անկանխիկ վճարման դեպքում ծառայությունների մատուցման վճար չի պահանջվում:

Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ ստանալու համար դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter